Общая информация
ՈՒՍԱՆՈՂԻ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՎԱՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թ. օգոստոսի 25-ի թիվ 1240-Ն որոշմամբ հաստատված «Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների ակադեմիական շարժունության» կարգի, ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թ. նոյեմբերի 17-ի թիվ 1242-Ն (խմբ. 2018 թ. դեկտեմբերի 17-ի թիվ 1676-Ն և 2023 թ. դեկտեմբերի 14-ի թիվ 148-Ն հրամաններով) հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման» կարգի պահանջները և ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ ԵՊՀ) կանոնադրության 57-րդ կետի 10-րդ ենթակետով՝
հրամայում եմ՝
1. Սահմանել, որ ուսանողի (առկա, հեռակա) տեղափոխությունը՝
1) բակալավրի կրթական ծրագրով չի թույլատրվում առաջին և ավարտական կուրսերում,
2) մագիստրոսի կրթական ծրագրով չի թույլատրվում ավարտական կուրսում, այդ թվում՝ 1 տարի տևողությամբ կրթական ծրագրի դեպքում,
3) մագիստրոսի կրթական ծրագրով թույլատրվում է առաջին կիսամյակի ավարտից հետո:
2. Ուսանողական իրավունքների վերականգնումը թույլատրվում է սկսած առաջին կուրսի երկրորդ կիսամյակից:
3. Ուսանողի տեղափոխության և ուսանողական իրավունքները վերականգնելու մասին դիմումները ներկայացվում են՝
1) առկա ուսուցման դեպքում` տվյալ կիսամյակի ուսումնական պարապմունքներին նախորդող և հաջորդող 2 շաբաթների ընթացքում,
2) հեռակա ուսուցման դեպքում` տվյալ կիսամյակի ուսումնական պարապմունքներին նախորդող 3 շաբաթների ընթացքում,
3) պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված ուսանողի համար՝ ձմեռային զորակոչի դեպքում՝ զորացրվելու օրվանից հետո ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, ամառային զորակոչի դեպքում՝ զորացրվելու օրվանից հետո ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում:
4. Ուսանողի տեղափոխության կամ ուսանողական իրավունքները վերականգնելու դիմումի վերաբերյալ դրական որոշում կայացնելիս, առարկայական տարբերություններ և/կամ նախկին կիսամյակների ակադեմիական պարտքեր (առավելագույնը 20 կրեդիտ) ունեցող ուսանողի կողմից սահմանված վճարումները (5 աշխատանքային օրվա ընթացքում) կատարելուց հետո տրվում է կցագրման հրաման:
Առարկայական տարբերություններ և/կամ նախկին կիսամյակների ակադեմիական պարտքեր չունենալու դեպքում, սահմանված ուսման վարձը վճարելուց հետո տրվում է ուսանողի տեղափոխության կամ ուսանողական իրավունքները վերականգնելու մասին հրաման:
5. Կցագրման հրամանը ստանալուց հետո տվյալ ուսումնական ստորաբաժանման գրասենյակը, էլեկտրոնային կառավարման համակարգում (SuperVision) լրացնում է առարկայական տարբերություններն ընդունող հանձնաժողովի կազմը և ժամանակացույցը:
6. Տեղափոխվող կամ ուսանողական իրավունքները վերականգնող (այդ թվում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված) ուսանողները առարկայական տարբերությունները պետք է հանձնեն
1) 1-ին կիսամյակում՝
ա. առկա ուսուցման դեպքում՝ նոյեմբերի 1-15-ը (վերահանձնման հնարավորությունը՝ դեկտեմբերի 1-10-ը),
բ. հեռակա ուսուցման դեպքում՝ դեկտեմբերի 1-15-ը (վերահանձնման հնարավորությունը՝ հունվարի 8-18-ը):
2) 2-րդ կիսամյակում՝ առկա և հեռակա ուսուցման դեպքում՝ ապրիլի 1-15-ը (վերահանձնման հնարավորությունը՝ մայիսի 1-15-ը):
3) Ավարտական կուրսի 2-րդ կիսամյակում՝ առկա և հեռակա ուսուցման դեպքում մարտի 20-30-ը (վերահանձնման հնարավորությունը՝ ապրիլի 5-15-ը):
7. Ուսանողական իրավունքները վերականգնող ուսանողի նախկին կիսամյակների ակադեմիական պարտքերի մարումն իրականացվում է ուսումնական պլանով նախատեսված քննաշրջանի ժամանակահատվածում՝ ներառյալ վերահանձնման երկու փուլերը:
Ավարտական կուրսի 2-րդ կիսամյակում՝ մարտի 5-10-ը (առաջին վերահանձնումը՝ մարտի 15-20-ը, երկրորդ վերահանձնումը՝ մարտի 30-ից ապրիլի 5-ը):
8. Առարկայական տարբերությունները և/կամ նախկին կիսամյակների ակադեմիական պարտքերը հանձնելուց (չհանձնելուց) հետո տվյալ ուսումնական ստորաբաժանման գրասենյակը 3 աշխատանքային օրվա ընթացքում ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության կազմակերպչական կամ մագիստրատուրայի բաժիններ է ներկայացնում հանձնման արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն (զեկուցագիր):
9. Առարկայական տարբերությունները և/կամ նախկին կիսամյակների ակադեմիական պարտքերը նախատեսված ժամկետում հանձնած ուսանողը պարտավոր է 5 աշխատանքային օրվա ընթացքում վճարել տվյալ կիսամյակի համար նախատեսված ուսման վարձը՝ հրամանագրման համար:
10. Առարկայական տարբերությունները և/կամ նախկին կիսամյակների ակադեմիական պարտքերը սահմանված ժամկետում չհանձնած ուսանողի կցագրման հրամանը համարվում է անվավեր:
11. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
12. Ուժը կորցրած ճանաչել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի 2020 թ. փետրվարի 5-ի թիվ 20/78, ԵՊՀ ռեկտորի պարտականությունների ժամանակավոր կատարողի 2022 թ. փետրվարի 1-ի թիվ 20/156-Լ և ԵՊՀ ռեկտորի 2022 թ. ապրիլի 21-ի թիվ 76/7-Ա հրամանները:
13. Սույն հրամանի մասին տեղեկացնել ԵՊՀ ուսանողներին և աշխատողներին: