Общая информация
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.Սույն կարգով սահմանվում է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ ԵՊՀ) կառուցվածքային միավորի անվանակոչության կարգն ու պայմանները:
Սույն կարգը չի տարածվում ԵՊՀ անվանման, ինչպես նաև ԵՊՀ տիրապետման տակ գտնվող տարածքներում առկա զբոսայգիների, պուրակների, ծառուղիների անվանակոչության հետ կապված հարաբերությունների նկատմամբ, որոնց անվանակոչման կամ անվանման փոփոխությունների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. Սույն կարգի իմաստով կառուցվածքային միավոր է համարվում՝
1) ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումը՝ գիտահետազոտական ինստիտուտը, ամբիոնը, գիտական, ուսումնական կենտրոնը և այլ ստորաբաժանումները,
2) դասասենյակը, լսարանը, լաբորատորիան, դահլիճը, սրահը և այլն:
3. Կառուցվածքային միավորը կարող է անվանակոչվել՝
1) Ֆիզիկական անձի կամ կազմակերպության անվամբ, եթե այդ անձը կամ կազմակերպությունը նշանակալի ներդրում ունի ԵՊՀ ուսումնական կամ գիտական ենթակառուցվածքների ստեղծման, վերակառուցման, վերազինման կամ վերանորոգման գործում: Սույն կետի իմաստով նշանակալի ներդրում է համարվում այդ ենթակառուցվածքների ստեղծման, վերակառուցման, վերազինման կամ վերանորոգման ծախսերն (ներառյալ դրամ, գույք կամ սարքավորումներ) ամբողջությամբ ֆիզիկական անձի կամ կազմակերպության միջոցների հաշվին իրականացնելը՝ պայմանով, որ դրանց նախագծային փաստաթղթերը նախապես պետք է հաստատվեն ԵՊՀ կողմից և այդ անձի (նրա ընտանիքի անդամի), կամ կազմակերպության և ԵՊՀ միջև պետք է կնքվի օրենքով նախատեսված պայմանագիր,
2) ԵՊՀ-ում 35 ու ավելի տարիներ աշխատած և ուսումնական կամ գիտական գործունեության մեջ բացառիկ ավանդ ունեցող ներկա կամ նախկին համալսարանականների անունով,
3) ԵՊՀ շրջանավարտի անունով՝ ԵՊՀ-ի միջազգայնացման և վարկանիշը բարձրացնելու գործում ունեցած նշանակալի ավանդի համար,
4) այլ անձանց անուններով՝ կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում արձանագրած բացառիկ ձեռքբերումների համար,
5) զոհված համալսարանական զինծառայողների (ազատամարտիկների) անուններով՝ հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների և անձնազոհության համար:
4. Նույն անձի կամ կազմակերպության անվամբ կարող է անվանակոչվել ԵՊՀ-ի միայն մեկ կառուցվածքային միավոր:
2. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
5. Կառուցվածքային միավորի անվանակոչության առաջարկություն կարող են ներկայացնել՝
1) ԵՊՀ հոգաբարձուների և գիտական խորհրդի անդամները,
2) ԵՊՀ ռեկտորը,
3) ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը:
6. Կառուցվածքային միավորի անվանակոչության առաջարկությունը նախապես գրավոր ներկայացվում է ԵՊՀ գիտական խորհրդին՝ կցելով սույն կարգի 3-րդ կետով սահմանված պահանջների բավարարումը հիմնավորող փաստաթղթերը:
7. ԵՊՀ գիտական խորհուրդը քննարկում է անվանակոչության առաջարկությունը և սահմանված կարգով անցկացված քվեարկության արդյունքում կայացնում որոշում՝ առաջարկությունը հաստատելու կամ մերժելու մասին: Առաջարկությունը հաստատելու մասին գիտական խորհրդի որոշման հիման վրա ԵՊՀ ռեկտորի հրամանով անվանակոչվում է համապատասխան կառուցվածքային միավորը:
8. Անվանակոչված կառուցվածքային միավորի ցուցանակն ու անհատականացման ցանկացած այլ միջոց պետք է պարունակի անձի կամ կազմակերպության անվանումը, ում անվամբ անվանակոչվել է տվյալ կառուցվածքային միավորը:
9. Գիտական խորհրդի կողմից մերժված առաջարկությունը, սահմանված կարգով կարող է կրկին ներկայացվել քննարկման ոչ շուտ, քանի գիտական խորհրդի նիստում քննարկվելուց հետո երեք տարի անց՝ ընդհանուր հիմունքներով:
10. ԵՊՀ գիտական խորհուրդն իրավասու է կառուցվածքային միավորի անվանակոչելուց 20 տարի հետո փոփոխել (հանել) անվանակոչված կառուցվածքային միավորի անվանումը՝ համապատասխան հիմնավորման դեպքում: