Общая информация
ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱԺՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Անձնակազմի կառավարման բաժինը (այսուհետ` բաժին) ՙԵրևանիպետականհամալսարան՚ հիմնադրամի (այսուհետ` ԵՊՀ) կառուցվածքային ստորաբաժանում է:
2. Բաժինն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ԵՊՀ կանոնադրությամբ, սույն կանոնադրությամբ, ինչպես նաև բաժնի գործառույթների հետ կապված այլ իրավական ակտերով:
3. Բաժինը սահմանված կարգով կարող է ունենալ պաշտոնաթուղթ (բլանկ) և անհատականացման այլ միջոցներ:
2. ԲԱԺՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ
4. Բաժնի խնդիրներն են.
1) իրականացնել ԵՊՀ անձնակազմի հաշվառումը, մշակել աշխատանքի ընդունման, ազատման, աշխատողներին խրախուսելու, նրանց նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու վերաբերյալ հրամանների և աշխատանքային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի նախագծեր, վարել ընդունված իրավական ակտերի հաշվառումը և իրականացնել աշխատանքային իրավահարաբերություններին առնչվող այլ գործառույթներ,
2) սահմանված կարգով մշակել ԵՊՀ աշխատողների վերապատրաստման, ատեստավորման, պաշտոնական առաջխաղացման ընթացակարգերի, պաշտոնի անձնագրերի (աշխատանքի նկարագրերի) և այլ իրավական ակտերինախագծեր ու այդ ակտերով սահմանված կարգով ապահովել աշխատողների վերապատրաստման և ատեստավորման գործընթացի պատշաճ իրականացումը,
3) ԵՊՀ ռեկտորի հանձնարարությամբ իրականացնել ծառայողական քննություն,
4) պատրաստել բաժնում ստացված պաշտոնական գրությունների, քաղաքացիների դիմումների և բողոքների պատասխան գրությունների նախագծեր,
5) լուծել բաժնի հիմնական գործունեությանն առնչվող այլ խնդիրներ:
5. Բաժինն իր իրավասության սահմաններում իրավունք ունի ընդունել որոշումներ, եթե դրանք չեն հակասում ՀՀ օրենսդրությանը և ԵՊՀ ներքին իրավական ակտերին։
3. ԲԱԺՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
6. Բաժինը ղեկավարում է բաժնի վարիչը, ում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ԵՊՀ ռեկտորը:
7. Բաժնի վարիչը`
1) կազմակերպում և վերահսկում է բաժնի ընթացիկ (ամենօրյա) գործունեությունը, բաժնում վարվող գրագրությունը և ներքին գործավարությունը,
2) ապահովում է բաժնի գործառույթների պատշաճ իրականացումը, լուծում դրանց իրագործման ընթացքում ծագած խնդիրները, բաժնի աշխատողներին տալիս է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ, որոնք ենթակա են պարտադիր կատարման,
3) բաժնի աշխատողների միջև կատարում է աշխատանքային գործառույթների բաշխում,
4) ստորագրում է բաժնի կողմից պատրաստվող փաստաթղթերը, բաժնի գործառույթների շրջանակներում նախապատրաստում է զեկուցագրեր, տեղեկանքներ, հաշվետվություններ, առաջարկություններ և այլ փաստաթղթեր,
5) մասնակցում է ԵՊՀ ռեկտորատի նիստերին, ԵՊՀ ռեկտորի կողմից հրավիրված խորհրդակցություններին, ԵՊՀ մշտական և ժամանակավոր հանձնաժողովների աշխատանքներին,
6) ԵՊՀ ռեկտորին առաջարկություն է ներկայացնում՝ բաժնի աշխատողներին աշխատանքի ընդունելու, սահմանված կարգով խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերապատրաստելու, ատեստավորելու կամ նրանց պաշտոնեական առաջխաղացման վերաբերյալ,
7) առաջարկություն է ներկայացնում իր բացակայության ժամանակ իրեն փոխարինող (ըստ անհրաժեշտության) նշանակելու վերաբերյալ,
8) սահմանված կարգով տնօրինում է բաժնին հատկացված ֆինանսական միջոցները,
9) բաժնի անունից հանդես է գալիս պետական մարմիններում և այլ կազմակերպություններում,
10) իրականացնում է բաժնի գործունեության հետ կապված, ՀՀ գործող օրենսդրությանը և ԵՊՀ կանոնադրությանը չհակասող այլ գործառույթներ:
8․ Բաժնի աշխատողներն ունեն օրենքով, ԵՊՀ կանոնադրությամբ, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով նախատեսված իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում են այդ ակտերով նախատեսված պարտականություններ (սահմանափակումներ):
4. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
9. Բաժնի վերակազմակերպումը կամ լուծարումն իրականացվում է ԵՊՀ կանոնադրությամբ և ներքին իրավական ակտերով սահմանված կարգով:
10. Սույն կանոնադրության մեջ փոփոխություններն ու լրացումները կատարվում են ԵՊՀ գիտական խորհրդի կողմից՝ ԵՊՀ կանոնադրությամբ և ներքին իրավական ակտերով սահմանված կարգով: