Общая информация
ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ (ԱՌԿԱ ԵՎ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՁԵՎԵՐՈՎ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով (այսուհետ՝ Կարգ) սահմանվում են «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ ԵՊՀ) առկա և հեռակա ուսուցման ձևերով մագիստրատուրայի ընդունելության կարգն ու պայմանները:
2. Սույն կարգի իրավական հիմքերն են՝ Հայաստանի Հանրապետության օրենքները, կառավարության որոշումները, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2007 թ. դեկտեմբերի 6-ի թիվ 1193-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգը», ԵՊՀ կանոնադրությունը և իրավական այլ ակտեր:
3. Յուրաքանչյուր ուսումնական տարվա մագիստրոսական կրթական ծրագրերի ցանկը, ռեկտորի ներկայացմամբ հաստատում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
4. ԵՊՀ համապատասխան կարգով սահմանված նվազագույն քանակի ուսանողներ չընդունվելու դեպքում տվյալ մագիստրոսական կրթական ծրագիրը չի իրականացվում:
5. Մագիստրատուրայի ընդունելության համար պահանջվող ատեստավորման գնահատականի և ՄՈԳ-ի նվազագույն շեմը յուրաքանչյուր տարի սահմանվում է ռեկտորի հրամանով։
6. ԵՊՀ մագիստրատուրայում ուսանողին թույլատրվում է առկա ուսուցմամբ սովորել միայն մեկ կրթական ծրագրով։
7. Արգելվում է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության կամ պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց՝ առկա ձևով ուսուցումը ԵՊՀ մագիստրատուրայում:
2. ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
8. Առկա ու հեռակա ուսուցման ձևերով, մրցութային կարգով ԵՊՀ մագիստրատուրա կարող են ընդունվել Հայաստանի Հանրապետության պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված/ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները:
9. Օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունը կատարվում է՝
ա) սույն կարգով սահմանված ընդհանուր հիմունքներով (մրցույթին կարող են դիմել միայն ԵՊՀ շրջանավարտները),
բ) հարցազրույցով՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թ. ապրիլի 28-ի թիվ 700-Ն որոշմամբ սահմանված կարգով:
10. ԵՊՀ մագիստրատուրայում ընդունելությունը առկա ուսուցման ձևով կատարվում է երկու փուլերով, իսկ հեռակա ուսուցման ձևով՝ մեկ փուլով։ Փուլերի անցկացման ժամանակացույցը հաստատվում է ռեկտորի հրամանով:
11. Առկա ուսուցման ձևով առաջին փուլով անվճար ու վճարովի ուսուցման համակարգի ընդունելության մրցույթին կարող են մասնակցել ԵՊՀ բակալավրիատի առկա և հեռակա ուսուցման ձևերի նույն մասնագիտությամբ (կրթական ծրագրի) վերջին երեք ուսումնական տարվա (ուսումնական տարիների հաշվարկը սկսվում է գործող ուսումնական տարվանից) շրջանավարտները՝ ըստ իրենց ամփոփիչ ատեստավորման գնահատականի և դիպլոմի հավելվածում գրանցված միջին որակական գնահատականի (ՄՈԳ-ի)։
Դիմորդների ընդունելությունը կատարվում է առանց ընդունելության քննության, մրցութային կարգով՝ ատեստավորման գնահատականի և ՄՈԳ-ի շեմի հաշվառմամբ: Հավասար ՄՈԳ-ի դեպքում հաշվի են առնվում հետևյալ լրացուցիչ չափորոշիչները՝
ա) գերազանցության դիպլոմի առկայությունը,
բ) ամփոփիչ ատեստավորման արդյունքները։
Տվյալ փուլում առանձին մագիստրոսական կրթական ծրագրերի ընդունելության մուտքային պահանջները յուրաքանչյուր տարի սահմանվում են ռեկտորի հրամանով:
Անվճար (պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ) տեղերի համար հայտարարված մրցույթը չհաղթահարելու դեպքում ին փուլի դիմորդներն ընդունվում են նույն կրթական ծրագրի վճարովի համակարգ։ 1-
12. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բակալավրիատի շրջանավարտներն առկա ընդունելության 1-ին փուլում կարող են մասնակցել միայն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղին հատկացված անվճար տեղերի մրցույթին: Մրցույթը չհաղթահարած դիմորդներն ընդունվում են նույն կրթական ծրագրի վճարովի համակարգ։
13. Միայն մագիստրատուրայում գործող, ինչպես նաև ռեկտորի հրամանով սահմանված առանձին մագիստրոսական կրթական ծրագրերի անվճար ու վճարովի ուսուցման համակարգերում ընդունելությունը կատարվում է բացառապես ընդունելության քննության արդյունքների հիման վրա՝ մրցութային կարգով: Մրցույթին կարող են մասնակցել ԵՊՀ (ներառյալ Իջևանի մասնաճյուղի), ՀՀ այլ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված/ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները։
14. Երկրորդ փուլով ընդունելությունը կատարվում է երկու ենթափուլով և միայն վճարովի ուսուցման համակարգում:
Այս փուլի ընդունելության մրցույթին կարող են մասնակցել ԵՊՀ և այլ պետական, ըստ մասնագիտությունների հավատարմագրված/ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների (առկա ու հեռակա ուսուցման ձևերի) բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները:
15. ԵՊՀ ռեկտորի հրամանով սահմանված ՄՈԳ-ի և ատեստավորման գնահատականի նվազագույն շեմը հաղթահարած ԵՊՀ բակալավրիատի առկա ու հեռակա ուսուցման ձևերի վերջին երեք ուսումնական տարվա (տարիները հաշվարկվում են՝ սկսած գործող ուսումնական տարվանից) դիմորդների երկրորդ փուլով ընդունելությունը նույն մասնագիտության (կրթական ծրագրի) վճարովի ուսուցման համակարգ կատարվում է առանց ընդունելության քննության՝ բացառությամբ ռեկտորի հրամանով հաստատված մագիստրոսական կրթական ծրագրերի, որոնց ընդունելությունը կատարվում է քննության արդյունքների հիման վրա՝ մրցութային կարգով։
ԵՊՀ ռեկտորի հրամանով սահմանված ատեստավորման գնահատականի և ՄՈԳ-ի նվազագույն շեմը չհաղթահարած դիմորդների ընդունելությունը նույն մասնագիտության (կրթական ծրագրի) վճարովի ուսուցման համակարգում կատարվում է քննության արդյունքների հիման վրա՝ մրցութային հիմունքներով:
16. Հեռակա ուսուցման ձևով մագիստրատուրայում կրթությունը կազմակերպվում է միայն վճարովի հիմունքներով՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։
Հեռակա ուսուցման ձևով ընդունելության մրցույթին կարող են մասնակցել ԵՊՀ և այլ պետական, ըստ մասնագիտությունների հավատարմագրված/ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների (առկա ու հեռակա ուսուցման ձևերի) բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները։
ԵՊՀ ռեկտորի հրամանով սահմանված ատեստավորման գնահատականի և ՄՈԳ-ի նվազագույն շեմը հաղթահարած ԵՊՀ բակալավրիատի առկա ու հեռակա ուսուցման ձևերի վերջին երեք ուսումնական տարվա (տարիները հաշվարկվում են՝ սկսած գործող ուսումնական տարվանից) դիմորդների նույն մասնագիտության (կրթական ծրագրի) հեռակա ուսուցման ձևով ընդունելությունը կատարվում է առանց քննության՝ բացառությամբ ռեկտորի հրամանով հաստատված մագիստրոսական կրթական ծրագրերի, որոնց ընդունելությունը կատարվում է քննության արդյունքների հիման վրա՝ մրցութային կարգով։
17. Այլ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված/ ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների (առկա ու հեռակա ուսուցման ձևերի) բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտների առկա ու հեռակա ուսուցման ձևերով ընդունելությունը կատարվում է միայն քննության արդյունքներով՝ մրցութային կարգով։
Մագիստրոսական որոշ կրթական ծրագրերի ընդունելությանը կարող են դիմել բացառապես տվյալ մասնագիտությամբ բակալավրի բազային կրթություն ունեցող կամ բակալավրի հարակից մասնագիտությամբ մասնագիտական գիտելիքներ ունեցող շրջանավարտները: Նման մագիստրոսական ծրագրերի ցանկն NL պահանջները յուրաքանչյուր տարի հաստատվում են ռեկտորի հրամանով։
18. Մագիստրատուրայի վճարովի համակարգ ընդունված դիմորդները պարտավոր են սահմանված կարգով, չափով և ժամկետում վճարել ուսման վարձավճարը, որից հետո կատարվում է նրանց հրամանագրումը:
ԵՊՀ մագիստրատուրա ընդունվելու մասին դիմորդի հրամանը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում ֆակուլտետում (կենտրոնում, ինստիտուտում) հավաքագրվում են ուսանողի առցանց մուտքագրած փաստաթղթերի պատճենները, և կազմվում է անձնական գործ։
3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ
19. Մագիստրատուրայի ընդունելությունը կազմակերպելու նպատակով ԵՊՀ ռեկտորի ղեկավարությամբ ձևավորվում է ընդունող հանձնաժողով։ Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ԵՊՀ ակադեմիական/ուսումնական գծով պրոռեկտորը, ուսումնամեթոդական վարչության պետը և ուսումնամեթոդական վարչության մագիստրատուրայի բաժնի վարիչը։
Դիմորդների գործերն ընդունելու նպատակով ստեղծվում է մագիստրատուրայի ընդունելության հանձնաժողովի օժանդակ համակազմ։
20. Մագիստրատուրայի ընդունելության հայտերն ուսումնասիրելու, քննությունների արդյունքներն ամփոփելու և դիմորդների ընդունելության վերաբերյալ եզրակացություն տալու նպատակով ԵՊՀ ռեկտորի հրամանով ստեղծվում է մանդատային հանձնաժողով՝ ակադեմիական/ուսումնական գծով պրոռեկտորի նախագահությամբ։
Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության պետը, ֆակուլտետների դեկանները (ինստիտուտների ու կենտրոնների տնօրենները) և ուսումնամեթոդական վարչության մագիստրատուրայի բաժնի վարիչը:
21. Ընդունելության քննությունների անցկացման նպատակով ԵՊՀ ակադեմիական/ուսումնական գծով պրոռեկտորի հրամանով ձևավորվում են առարկայական քննական հանձնաժողովներ, որոնց կազմում ընդգրկվում են տվյալ ֆակուլտետի դեկանը (ինստիտուտի NL կենտրոնի տնօրենը), մագիստրոսական համապատասխան կրթական ծրագրերի ղեկավարները և ընդունող հանձնաժողովի ներկայացուցիչը (ըստ անհրաժեշտության):
4. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
22. ԵՊՀ մագիստրատուրայի ընդունելության համար պահանջվող դիմումների ու փաստաթղթերի ընդունումը կատարվում է առցանց եղանակով։
23. Մագիստրատուրայի ընդունելության համար դիմորդները պետք է սկանավորեն և մուտքագրեն հետևյալ փաստաթղթերը՝
ա) մագիստրատուրայի ընդունելության լրացված դիմում-հայտ, որտեղ կարող է նշվել միայն մագիստրոսական մեկ կրթական ծրագիր,
բ) բարձրագույն կրթության դիպլոմի և հավելվածի բնօրինակները,
գ) արտասահմանյան բուհի դիպլոմ ներկայացնելու դեպքում դիպլոմի հետ պետք է ներկայացնել նաև «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնից» տեղեկանք՝ դիպլոմի համարժեքության մասին,
դ) 1 լուսանկար (3x4 չափի),
ե) զինվորական գրքույկի (առկայության դեպքում) բնօրինակը (1-4-րդ և 18-19-րդ էջերը),
զ) անձնագրի կամ նույնականացման քարտի բնօրինակը,
է) ընդունելության ծառայությունների համար գանձվող վճարման անդորրագիրը:
Ընդունելության ծառայությունների համար գանձվող գումարի չափը սահմանվում է ռեկտորի հրամանով:
Դիմորդի կողմից ներկայացված դիպլոմի իսկությունը պարզելու նպատակով հանձնաժողովն իրավասու ըստ անհրաժեշտության դիմորդից պահանջել «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնից» ներկայացնել տեղեկանք դիպլոմի իսկության մասին:
5. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
24. Սույն կարգի մեջ փոփոխություններն ու լրացումները կատարվում են ԵՊՀ գիտական խորհրդի կողմից ԵՊՀ կանոնադրությամբ ու ներքին իրավական ակտերով սահմանված կարգով։
25. Սույն կարգը հրապարակվում է ԵՊՀ պաշտոնական կայքում: