Общая информация
ԱՄՓՈՓԻՉ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ, ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԵՎ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԹԵԶԸ ՎԵՐԱՀԱՆՁՆԵԼՈՒ (ԿՐԿՆԵԼՈՒ) ԿԱՐԳԸ ԵՎ ՎՃԱՐԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2017թ. նոյեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011թ. հոկտեմբերի 31-ի թիվ 1197-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1282-Ն հրամանի պահանջները, ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 56-րդ կետի 10-րդ ենթակետով.
հ ր ա մ ա յ ո ւ մ ե մ.
1. Երևանի պետական համալսարանում ավարտական աշխատանքը կամ մագիստրոսական թեզը չպաշտպանած, ամփոփիչ քննություն(ներ)ը չհանձնած կամ «անբավավար» գնահատական ստացած շրջանավարտին հաջորդ ուսումնական տարվա ավարտին կամ հետագա տարիների ընթացքում թույլատրվում է վերահանձնել (կրկնել) ավարտական աշխատանքի և մագիստրոսական թեզի պաշտպանությունը, ինչպես նաև վերահանձնել ամփոփիչ քննություն(ներ)ն այն առարկաներից, որոնք նախատեսված են եղել նրա ավարտական ուսումնական տարում գործող ուսումնական պլաններով:
2. Սահմանել, որ ամփոփիչ քննությունների վերահանձնումը (կրկնումը) կատարվում է միայն այն առարկաներից, որոնց քննությանն ուսանողը չի ներկայացել կամ ստացել է «անբավարար» գնահատական:
3. Սահմանել, որ ավարտական աշխատանքի կամ մագիստրոսական թեզի պաշտպանությանը թույլատրված, բայց չներկայացած կամ «անբավարար» գնահատված շրջանավարտին թույլատրվում է նոր պաշտպանություն՝ նախկինում հաստատված թեմայով և ղեկավարով կամ տրվում է նոր թեմա և նշանակվում է նոր ղեկավար:
4. Սահմանել, որ ավարտական աշխատանքը կամ մագիստրոսական թեզը կատարելու և պաշտպանելու վերաբերյալ դիմումները ներկայացվում են ավարտական ուստարվա 1-ին կիսամյակում (դեկտեմբեր-հունվար ամիսներին):
5. Ամփոփիչ քննությունների, ավարտական աշխատանքի և մագիստրոսական թեզերի վերահանձման համար սահմանել հետևյալ վճարաչափերը՝
ա. ամփոփիչ քննության հանձնում՝ 25 000 ՀՀ դրամ,
բ. ավարտական աշխատանքի կատարում և պաշտպանություն՝ 150 000 ՀՀ դրամ,
գ. մագիստրոսական թեզի կատարում և պաշտպանություն՝ 250 000 ՀՀ դրամ:
6. Ավարտական աշխատանքի կամ մագիստրոսական թեզի պաշտպանությանը թույլատրված, բայց հարգելի պատճառով չներկայացած շրջանավարտին թույլատրվում է նոր պաշտպանություն՝ անվճար հիմունքներով:
7. Ուժը կորցրած ճանաչել Երևանի պետական համալսարանի ռեկտորի 2012թ. դեկտեմբերի 18-ի՝ «Երևանի պետական համալսարանում ամփոփիչ քննությունները, ավարտական աշխատանքները և մագիստրոսական թեզերը վերահանձնելու (կրկնելու) կարգը և վճարաչափերը սահմանելու մասին» թիվ 234/20 հրամանը:
8. Սույն հրամանի մասին տեղեկացնել ԵՊՀ աշխատողներին և սովորողներին: