Общая информация
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ ԵՊՀ) ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնը (այսուհետ՝ կենտրոն) ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանում է։
2. Կենտրոնն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՀՀ օրենսդրությամբ, ԵՊՀ կանոնադրությամբ, սույն կանոնադրությամբ և կենտրոնի լիազորություններին առնչվող այլ իրավական ակտերով։
3. Կենտրոնի հաստիքացուցակը հաստատվում է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կողմից ռեկտորի ներկայացմամբ։
4. Կենտրոնը սահմանված կարգով կարող է ունենալ պաշտոնաթուղթ (բլանկ) և անհատականացման այլ միջոցներ:
2. ԿԵՆՏՐՈՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ
5. Կենտրոնի խնդիրներն.
1) ընդունելության և դիմորդների նախապատրաստման ուղղությամբ ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների համակարգումը,
2) կրթության շարունակական սկզբունքի համատեքստում ԵՊՀ-ի և համապատասխան ուսումնական հաստատությունների միջև փոխադարձ կապի ամրապնդումը,
3) ընդունելության վերաբերյալ ԵՊՀ դիմորդներին համապարփակ տեղեկատվության տրամադրումը,
4) դիմորդների համար վճարովի նախապատրաստական դասընթացների կազմակերպումը:
6. Կենտրոնի իրավասությունն է.
1) ԵՊՀ կրթական ծրագրերի ու մասնագիտությունների վերաբերյալ տեղեկատվության մատչելիության ապահովման նպատակով «ԵՊՀ դիմորդի ուղեցույցի» և ԵՊՀ ֆակուլտետների գործունեությունը լուսաբանող թերթիկների (բուկլետների) հրատարակումը,
2) հանրակրթական դպրոցների բարձր դասարանների աշակերտների համար մասնագիտական կողմնորոշման հանդիպումների ու դասախոսությունների կազմակերպումը,
3) հանրակրթական դպրոցների ավարտական դասարանների աշակերտների համար ամենամյա օլիմպիադաների, «Ամառային դպրոցների», «Բաց դռների օրերի», ԵՊՀ ճանաչողական այցերի և փորձնական քննությունների կազմակերպումը,
4) ավագ դպրոցների և վարժարանների հետ համատեղ կրթական գործունեություն իրականացնելու նպատակով համաձայնագրերի կնքումը, մարզերում դիմորդների հետ տարվող աշխատանքների գծով հենակետերի (հավաքագրման մշտական ծառայությունների) ստեղծումը,
5) կենտրոնում իրականացվող նախապատրաստական դասընթացների ծրագրի մշակումն ու վարումը, դասընթացների դիմորդների հավաքագրումն ու ընդունելությունը,
6) կենտրոնի խնդիրների լուծմանն ուղղված այլ գործառույթների իրականացումը:
7. Կենտրոնն իր իրավասության սահմաններում իրավունք ունի ընդունելու որոշումներ, եթե դրանք չեն հակասում ՀՀ օրենսդրությանը և ԵՊՀ ներքին իրավական ակտերին։
3. ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
8. Կենտրոնը ղեկավարում է տնօրենը, որին նշանակում և պաշտոնից ազատում է ԵՊՀ ռեկտորը։
9. Կենտրոնի տնօրենը՝
1) կազմակերպում և վերահսկում է կենտրոնի գործունեությունը, ապահովում է կենտրոնի հիմնական գործառույթների իրականացումը, լուծում դրանից բխող հիմնախնդիրները,
2) կատարում է աշխատանքի բաժանում կենտրոնի աշխատողների միջև, նրանց տալիս է համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ,
3) ապահովում է այլ ստորաբաժանումների հետ կենտրոնի փոխհամագործակցությունը, ներկայացնում է կենտրոնը ներհամալսարանական ու արտահամալսարանական հարաբերություններում, կենտրոնի անունից հանդես է գալիս պետական մարմիններում և այլ կազմակերպություններում,
4) պատասխանատվություն է կրում կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքների որակի և կենտրոնի առջև դրված խնդիրների պատշաճ ու արդյունավետ լուծման համար,
5) իրականացնում է սույն կանոնադրությունից, աշխատանքային պայմանագրից, պաշտոնի անձնագրից բխող և կենտրոնի գործունեությանն առնչվող այլ գործառույթներ։
10. Կենտրոնի աշխատողների աշխատանքային պարտականությունները սահմանվում են աշխատանքային պայմանագրով, պաշտոնի անձնագրով (աշխատանքային նկարագրով), ԵՊՀ ներքին իրավական ակտերով և կենտրոնի տնօրենի հանձնարարականներով։
Աշխատանքային պարտականությունների կատարման արդյունքում ԵՊՀ-ին գույքային (նյութական) վնաս պատճառելու դեպքում աշխատողները կրում են գույքային և անձնական լիակատար պատասխանատվություն։
11. Կենտրոնի աշխատողներն ունեն օրենքով, ԵՊՀ կանոնադրությամբ, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով ԵՊՀ կոլեկտիվ պայմանագրով նախատեսված իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում են այդ ակտերով նախատեսված պարտականություններ (սահմանափակումներ):
4. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
12. Կենտրոնի վերակազմակերպումը կամ լուծարումն իրականացվում է ԵՊՀ կանոնադրությամբ և ներքին իրավական ակտերով սահմանված կարգով։
13. Սույն կանոնադրության մեջ փոփոխություններն ու լրացումները կատարվում են ԵՊՀ գիտական խորհրդի կողմից ԵՊՀ կանոնադրությամբ և ներքին իրավական ակտերով սահմանված կարգով։
14. Սույն կանոնադրությունը հրապարակվում է ԵՊՀ պաշտոնական կայքում:
15. Կենտրոնի կառուցվածքում ընդգրկված ստորաբաժանումների ցանկը ներկայացված է սույն կանոնադրության հավելվածում:
ՀԱՎԵԼՎԱԾ
ՑԱՆԿ
ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ
1. Դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժին,
2. Նախապատրաստական դասընթացների բաժին: