Общая информация
ՎՃԱՐՈՎԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
1.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն ընթացակարգը սահմանում է Երևանի պետական համալսարանում (այսուհետ՝ ԵՊՀ) առանձին դասընթացի մասնակցության և կրեդիտների ձեռքբերման գործընթացի կազմակերպման և անցկացման կարգը:
2. Դասընթացի մասնակցությունը կազմակերպվում է վճարովի հիմունքներով՝ հիմք ընդունելով տվյալ ուսումնական տարվա բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի մեկ կրեդիտի համար սահմանված արժեքը:
2. ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
3. Դասընթացի մասնակցությունն իրականացվում է դասընթացի մասնակցության համար սահմանված դիմումը ներկայացնելուց և վճարումը կատարելուց հետո: Դիմումը լրացվում է e-request համակարգում կամ ներկայացվում է ԵՊՀ ընդհանուր բաժին՝ սույն ընթացակարգի 4-րդ կետում ներկայացված ժամանակացույցի համաձայն:
4. Դասընթացի մասնակցության դիմումները ներկայացվում են կիսամյակի դասերի մեկնարկին նախորդող երկու և հաջորդող մեկ շաբաթների ընթացքում:
5. Սահմանված ժամանակահատվածի ավարտից հետո ներկայացված դիմումը չի քննարկվում:
6. Դիմումատուն կարող է միաժամանակ մասնակցնել մի քանի դասընթացների:
7. Դասընթացի ընտրությունն իրականացվում է տվյալ ուսումնական տարվա ընթացքում գործող մասնագիտական կրթական ծրագրերից, որոնք հասանելի են ԵՊՀ կայքէջում:
8. Դասընթացին մասնակցելու թույլտվություն ստացած անձը դասընթացին մասնակցում է մասնագիտական կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված կիսամյակում և ձևավորված դասացուցակով:
9. Դասընթացի մասնակցին e-learning.ysu.am ուսուցման կառավարման համակարգում հասանելի է դառնում դասընթացի նկարագրիչը, դասընթացին վերաբերող ուսումնամեթոդական նյութերը և անհրաժեշտ տեղեկատվությունը:
10. Դասընթացի համար հատկացված ժամաքանակի առնվազն 80 տոկոսի մասնակցության դեպքում մասնակցին կարող է տրվել երկլեզու հավաստագիր՝
1) դասընթացին մասնակցության և կրեդիտի շնորհման վերաբերյալ (դասընթացի ուսումնական արդյունքների գնահատման նվազագույն դրական շեմը հաղթահարելու դեպքում),
2) միայն մասնակցության վերաբերյալ (մասնակցության ժամաքանակի նշումով):