ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Ա. Իսկոյանի անվան էկոլոգիական իրավունքի կենտրոնի ղեկավար ի.գ.թ., դոցենտ Օլիմպիա Գեղամյանը դասախոսություններով հանդես է եկել Արդարադատության ակադեմիայի, Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպանատան և «Էքսպերտիզֆրանս» միջազգային փորձագիտական գործակալության հետ համատեղ կազմակերպված «Հայաստանում շրջակա միջավայրի դատական պաշտպանություն» թեմայով եռօրյա դասընթացին:

Բարձր գնահատելով դասընթացի համար ընտրված թեմայի արդիականությունը և մասնակիցների ներկայանալի կազմը (Վերսալի վերաքննիչ դատարանի առաջին նախագահ և Արդարադատության գլխավոր տեսչության նախկին ղեկավար Ժան Ֆրանսուա Բենելը, իրավաբանական գիտությունների դոկտոր և շրջակա միջավայրի իրավունքի փաստաբան Լոռ Աբրամովիչը, Էքս-ան-Պրովանսի դատարանի դատախազ Դելֆին Ագոգեն, պատվավոր դատավոր և բնապահպանական արդարադատության փորձագետ Վենսան Դելբոսը, քրեական և շրջակա միջավայրի իրավունքի փաստաբան Լոռա Մոնիեն, ինչպես նաև Վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանը)՝ Օլիմպիա Գեղամյանը նշեց, որ դասընթացն առանձնապես արդյունավետ էր՝ շնորհիվ հայ ֆրանսիական օրենսդրության և պրակտիկայի մանրամասն ներկայացման, ինչպես նաև իրավահամեմատական վերլուծությունների հնարավորության: Այս դասընթացի հաջողության գրավականներից մեկն էլ փոխադարձ քննարկումների միջոցով հնարավորությունն էր որպես ունկնդիր ներգրավված ոլորտի դատավորների, դատախազների ու քննիչների հետ քննարկել օրենսդրության և հատկապես պրակտիկայում ստեղծված դժվարություններն ու խոչընդոտները և գտնել համապատասխան լուծումներ: