Общая информация
ՍՏԱՑԱԾ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳ
1.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Երևանի պետական համալսարանում (այսուհետ՝ ԵՊՀ) ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության վերաբերյալ հարցումների (այսուհետ` հարցում) կազմակերպման սույն կարգը սահմանում է ԵՊՀ շրջանավարտներին համալսարանում մատուցված կրթական ծառայությունների որակի գնահատման կարգն ու պայմանները:
1.2. ԵՊՀ-ում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության վերաբերյալ հարցումը ԵՊՀ որակի ապահովման ներքին համակարգի կարևորագույն բաղադրիչներից է, որն իրականացվում է առցանց եղանակով:
1.3. Սույն կարգը հաստատվում և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարվում են ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ:
2. ՀԱՐՑՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
2.1. Հարցմանը մասնակցում են ԵՊՀ բակալավրիատի ու մագիստրատուրայի առկա և հեռակա ուսուցման համակարգի բոլոր շրջանավարտները: Հարցումն անցկացվում է յուրաքանչյուր տարվա փետրվար, հունիս, հուլիս ամիսներին:
2.2. Հարցման գործընթացը կազմակերպում և վերահսկում են ԵՊՀ ուսումնամեթոդական վարչությունը և ֆակուլտետները:
2.3. Հարցմանը շրջանավարտի մասնակցությունը պարտադիր է, որն իրականացնում է առցանց՝ շրջանավարտի համալսարանական էլեկտրոնային փոստի միջոցով:
2.4. Շրջանավարտին ԵՊՀ դիպլոմի հավելված տրամադրվում է միայն հարցմանը մասնակցելուց հետո։
2.5. Հարցումն անցկացվում է սույն կարգին կից ներկայացված գնահատման հարցաթերթով (Հավելված 1), որում առաջադրված հարցերին շրջանավարտը պատասխանում է գնահատման 0-5 միավորանոց սանդղակով։ Հարցաթերթի` կարծիքների և առաջարկների բաժնում, շրջանավարտը կարող է ներկայացնել նաև ԵՊՀ կրթական ծրագրերի բարելավմանն ուղղված առաջարկներ:
2.6. Հարցմանը մասնակցած շրջանավարտների անհատական տվյալների գաղտնիությունը երաշխավորվում է, իսկ հարցման արդյունքներն օգտագործվում են միայն ամփոփ ձևաչափով:
3.ՀԱՐՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
3.1. Հարցման արդյունքները մշակվում են ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնում:
3.2. Հարցման արդյունքների վերլուծությունն արտացոլվում է տարեկան զեկույցում, որը պարունակում է եզրակացություններ ԵՊՀ-ում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության վերաբերյալ և ԵՊՀ ստորաբաժանումներին ուղղված առաջարկներ՝ կոնկրետ ուղղությամբ իրենց գործունեության բարելավման վերաբերյալ։ Տարեկան զեկույցում ներկայացված առաջարկները մեկամսյա ժամկետում քննարկվում են ֆակուլտետների գիտական խորհուրդներում և ԵՊՀ գիտական խորհրդում:
3.3. ԵՊՀ այն ստորաբաժանումները, որոնց գործունեության վերաբերյալ հարցման արդյունքում բացահայտվել են թերություններ, տարեկան զեկույցի հրապարակումից հետո երեք ամսվա ընթացքում ԵՊՀ ռեկտորին պետք է ներկայացնեն իրենց ստորաբաժանման աշխատանքի բարելավմանն ուղղված գործողությունների ծրագիր, որը ենթակա է պարտադիր կատարման:
3.4. Աշխատանքի բարելավման գործողությունների ծրագրի արդյունավետ և նպատակային իրականացման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ԵՊՀ որակի ապահովման կենտրոնը: