Общая информация
ԴԱՍԸՆԹԱՑԸ ԿՐԿՆԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ ԵՊՀ) «Ուսումնական գործընթացի կազմակերպման» կարգի 82-րդ կետը և ղեկավարվելով ԵՊՀ կանոնադրության 57-րդ կետի 10-րդ ենթակետի պահանջներով՝
հրամայում եմ
1. Դասընթացի կրկնումը կազմակերպելու համար սահմանել հետևյալ կանոնները.
1) դասընթացի համար սահմանված բոլոր բաղադրիչներից 0 կամ անցողիկ միավոր ստացած ուսանողը (եթե ստացած միավորների գումարը չի բավարարում պարտքերի մարման շրջանում սահմանված անցողիկ միավոր ձեռք բերելուն) կարող է մինչև ավարտական ուսումնական տարվա սկիզբը վճարովի հիմունքներով կրկնել դասընթացը և հանձնել քննությունը, եթե առարկայական պարտքերի կրեդիտների գումարը չի գերազանցում 12 կրեդիտը,
2) կիսամյակի ընթացքում դասընթացի համար սահմանված բոլոր բաղադրիչների գնահատմանը չներկայացած ուսանողի «ՉՆ» նիշը հավասարեցվում է 0 միավորին,
3) դասընթացը կրկնելու համար և առկա, և հեռակա ուսուցման համակարգում սովորող ուսանողը կիսամյակի առկա ուսուցման դասերի մեկնարկին նախորդող երկու և հաջորդող մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնում է դիմում և վճարման կտրոն. վճարումը կատարվում է դասընթացի համար սահմանված կրեդիտների արժեքի չափով,
4) դասընթացը կրկնելու թույլտվություն ստացած, բայց դասերին չմասնակցած ուսանողը կարող է հաջորդ ուսումնական կիսամյակներում վճարովի հիմունքներով կրկնել դասընթացը՝ բացառությամբ ավարտական կուրսի ուսանողների,
5) դասընթացները կազմակերպվում են ինչպես առդեմ, այնպես էլ՝ առցանց (առդեմ ձևաչափով կազմակերպելու անհնարինության դեպքում),
6) ուսանողը կարող է կրկնել դասընթացը ինչպես նույն մասնագիտական կրթական ծրագրի (ՄԿԾ), այնպես էլ ցանկացած այլ ՄԿԾ խմբի հետ, եթե դասընթացը նախատեսված է այդ ՄԿԾ ուսումնական պլանով, իսկ դասընթացի կրեդիտների տարբերությունը չի գերազանցում 25 տոկոսը,
7) առցանց դասընթացը կազմակերպելիս պետք է դասընթացի պլանը, դասընթացին վերաբերող ուսումնամեթոդական նյութերը և այլ անհրաժեշտ տեղեկատվությունը հասանելի դարձնել e-learning.ysu.am ուսուցման կառավարման համակարգում (ՈՒԿՀ), իսկ դասավանդող դասախոսը շաբաթական մեկ անգամ պետք է առդեմ խորհրդատվություն տրամադրի ուսանողին,
8) նախաավարտական կուրսերի ուսանողների դասընթացի կրկնման գործընթացը (դասախոսի համաձայնության դեպքում) կազմակերպվում է ամառային քննաշրջանի ընթացքում, մինչև դասախոսների արձակուրդի սկիզբը, առնվազն 20 աշխատանքային օր տևողությամբ,
9) տվյալ դասընթացի քննաշրջանը պետք է կազմակերպել երկրորդ կիսամյակի քննաշրջանի առաջին լուծարքային շրջանի, իսկ առաջին և երկրորդ լուծարքները՝ երկրորդ կիսամյակի քննաշրջանի երկրորդ լուծարքային շրջանի ընթացքում:
Սույն կետի 8-9-րդ ենթակետերի դրույթները չեն տարածվում մագիստարտուրայի ուսնաողների վրա:
2. Անվավեր ճանաչել ԵՊՀ ռեկտորի 17.01.2023 թ թիվ 9/55-Լ և 14.11.2023 թ. թիվ 218/173-Ա հրամանները:
3. Սույն հրամանը տարածվում է 2022/2023 ուստարում և դրանցից հետո ԵՊՀ ընդունված ուսանողների վրա:
4. Սույն հրամանի մասին իրազեկել ԵՊՀ ուսանողներին և աշխատողներին:
5. Սույն հրամանն ուժի մեջ մտնում հրապարակման պահից: