Общая информация
ՍԹԵՄ ԴՊՐՈՑԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ, ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՈՒ ԱՎԱՐՏՄԱՆ ԿԱՐԳ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ ԵՊՀ) ՍԹԵՄ դպրոցում (այսուհետ՝ դպրոց, կամ ՍԹԵՄ դպրոց) սովորողին առնչվող այն հարաբերությունները, որոնք պարունակում են առանձնահատկություններ ու կարգավորման բնույթով տարբերվում են ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 3-ի N 388-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգից»:
2. ՍՈՎՈՐՈՂԻ ԴԱՍԱՐԱՆԻՑ ԴԱՍԱՐԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ, ԱՎԱՐՏՈՒՄՆ ՈՒ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
2. ՍԹԵՄ դպրոցի սովորողները փոխադրվում են հաջորդ դասարան տարեկան գնահատականների ու փոխադրական քննությունների միջոցով։ Փոխադրական քննություններն անցկացվում են գրավոր կամ բանավոր՝ ըստ դպրոցի մանկավարժական խորհրդի որոշման ու սահմանած ժամանակացույցի։ Յուրաքանչյուր ուսումնական տարվա դեկտեմբեր-հունվար ամիսներին 10-12-րդ դասարնների սովորողները հանձնում են նաև կիսամյակին քննություններ այն առարկաներից, որոնք հանձնելու են որպես փոխադրական քննություններ։
(2-րդ կետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 16.10.2025 թ. N 2/5 որոշմամբ):
3. Քննական առաջադրանքները մշակվում են դպրոցի կողմից:
4. Փոխադրական և կիսամյակային քննությունները գնահատվում են 20-միավորային համակարգով:
(4-րդ կետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 16.10.2025 թ. N 2/5 որոշմամբ):
5. 10-րդ դասարանում Սովորողը կարող է շարունակել ուսումը կիսամյակային և/կամ փոխադրական յուրաքանչյուր քննությունից 8 և ավելի միավոր գնահատվելու դեպքում։ 11-րդ և 12-րդ դասարաններում Սովորողը կարող է շարունակել ուսումը, եթե նպատակային ծրագրով առարկաների քննությունից ստացել է 10 և ավելի, իսկ մյուս քննություններից՝ 8 և ավելի միավոր։
(5-րդ կետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 16.10.2025 թ. N 2/5 որոշմամբ):
6. Այն սովորողը, ում՝ տվյալ ուսումնական տարվա բոլոր առարկաների տարեկան միջին գնահատականը 1-4 միավոր է, ազատվում է դպրոցից։
(6-րդ կետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 16.10.2025 թ. N 2/5 որոշմամբ):
7. 10-րդ դասարանում սովորողները հանձնում են կիսամյակային և փոխադրական հետևյալ քննությունները՝
- Բնագիտամաթեմատիկական ուղղությամբ սովորողները՝
1) «Հայոց լեզու և գրականություն»,
2) «Մաթեմատիկա» (Հանրահաշիվ, Երկրաչափություն),
3) «Անգլերեն» (կամ այլ օտար լեզու՝ բացառությամբ ռուսաց լեզվի):
- Հասարակագիտական (հումանիտար) ուղղությամբ սովորողները՝
1) «Հայոց լեզու և գրականություն»,
2) «Պատմություն» (Հայաստանի պատմություն, Համաշխարհային պատմություն),
3) «Անգլերեն» (կամ այլ օտար լեզու՝ բացառությամբ ռուսաց լեզվի)։
(7-րդ կետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 16.10.2025 թ. N 2/5 որոշմամբ):
8. 10-րդ դասարանի ավարտին աշակերտը կատարում է առնվազն երկու առարկայի և/կամ ևս մեկ օտար լեզվի (անգլերեն/ռուսերեն/չինարեն/ֆրանսերեն/գերմաներեն) ընտրություն՝ հաջորդող երկու տարում նպատակային ծրագրով ուսանելու համար։
9. 11-րդ դասարանում սովորողները հանձնում են կիսամյակային և փոխադրական հետևյալ քննությունները՝
- Բնագիտամաթեմատիկական ուղղությամբ սովորողները՝
1) «Հայոց լեզու և գրականություն»,
2) «Անգլերեն» (կամ այլ օտար լեզու՝ բացառությամբ ռուսաց լեզվի),
3) «Նպատակային (խորացված) ծրագրով առարկա - 1»,
4) «Նպատակային (խորացված) ծրագրով առարկա - 2»։
- Հասարակագիտական (հումանիտար) ուղղությամբ սովորողները՝
1) «Հայոց լեզու և գրականություն»,
2) «Պատմություն» (Հայաստանի պատմություն, Համաշխարհային պատմություն),
3) «Անգլերեն» (կամ այլ օտար լեզու՝ բացառությամբ ռուսաց լեզվի),
4) «Նպատակային (խորացված) ծրագրով առարկա - 1»,
5) «Նպատակային (խորացված) ծրագրով առարկա - 2»։
(9-րդ կետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 16.10.2025 թ. N 2/5 որոշմամբ):
10. 12-րդ դասարանում սովորողները հանձնում են կիսամյակային և ավարտական հետևյալ քննությունները՝
- Բնագիտամաթեմատիկական ուղղությամբ սովորողները՝
1) «Հայոց լեզու և գրականություն»,
2) «Անգլերեն» (կամ այլ օտար լեզու՝ բացառությամբ ռուսաց լեզվի),
3) «Նպատակային (խորացված) ծրագրով առարկա - 1»,
4) «Նպատակային (խորացված) ծրագրով առարկա - 2»:
- Հասարակագիտական (հումանիտար) ուղղությամբ սովորողները՝
1) «Հայոց լեզու և գրականություն»,
2) «Պատմություն» («Հայաստանի պատմություն», «Համաշխարհային պատմություն»),
3) «Անգլերեն» (կամ այլ օտար լեզու՝ բացառությամբ ռուսաց լեզվի),
4) «Նպատակային (խորացված) ծրագրով առարկա - 1»,
5) «Նպատակային (խորացված) ծրագրով առարկա - 2»։
(10-րդ կետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 16.10.2025 թ. N 2/5 որոշմամբ):
11. Եթե սովորողի՝ 11-12-րդ դասարաններում նպատակային (խորացված) ծրագրով դասընթացը «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայաստանի պատմություն» կամ «Համաշխարհային պատմություն» (Հասարակագիտական ուղղության դեպքում), «Անգլերեն» (2 ուղղության դեպքում) առարկաներից որևէ մեկն է կամ երկուսը, ապա նա ազատվում է «Նպատակային (խորացված) ծրագրով առարկա-1-ի» և/կամ «Նպատակային (խորացված) ծրագրով առարկա 2»-ի քննություն(ներ)ից: Եթե սովորողը չի ուսումնասիրում «Անգլերեն» առարկան, ապա կիսամյակային և փոխադրական քննություն է հանձնում այն օտար լեզվից, որն ուսումնասիրում է (բացառությամբ ռուսաց լեզվի)։
(11-րդ կետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 16.10.2025 թ. N 2/5 որոշմամբ):
12. Ուսումնական առարկաներից կիսամյակային գնահատականներ նշանակվում են «Մուդլ» կամ դպրոցի կողմից ընդունված այլ կրթական հարթակում ինքնաշխատ եղանակով տվյալ կիսամյակում առկա և կիսամյակային քննությունների (սահմանված լինելու դեպքում) գնահատականների հիման վրա: Տարեկան գնահատման համար հաշվի են առնվում սովորողի կիսամյակային և փոխադրական քննությունների գնահատականները։
(12-րդ կետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 16.10.2025 թ. N 2/5 որոշմամբ):
13. 10-րդ և 11-րդ դասարաններում սովորողը առավելագույնը 2 ուսումնական առարկայից տարեկան 1-3 (գնահատման 10-միավորային սանդղակից) միավոր գնահատված լինելու դեպքում վերաքննություն է հանձնում տվյալ ուսումնական տարվա հուլիսի 2-8-ը կամ օգոստոսի 20-25-ն ընկած ժամանակահատվածում։ Վերաքննությունների առաջադրանքները մշակվում են դպրոցի կողմից: Վերաքննություններին չներկայանալու կամ վերաքննությունները հանձնելուց հետո առնվազն մեկ առարկայից 1-3 միավոր ստանալու դեպքում սովորողն ազատվում է դպրոցից։
(13-րդ կետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 16.10.2025 թ. N 2/5 որոշմամբ):
14. Կիսամյակային, փոխադրական և ավարտական քննությունները կազմակերպվում և անցկացվում են քննական հանձնաժողովների կողմից, որոնց կազմը հաստատում է դպրոցի տնօրենը։ Բոլոր քննական առաջադրանքները կազմվում են դպրոցի կողմից։
(14-րդ կետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 16.10.2025 թ. N 2/5 որոշմամբ):
15. Կիսամյակային քննություններից 1-7 (Նպատակային ծրագրի դեպքում՝ 1-9) միավոր գնահատված լինելու կամ քննության օրը չներկայանալու դեպքում սովորողը վերաքննություն է հանձնում տվյալ ուսումնական տարվա հունվար-փետրվար, իսկ փոխադրական քննությունների դեպքում՝ հունիս-օգոստոս ամիսներին: Վերաքննություններին չներկայանալու կամ վերաքննությունները հանձնելուց հետո առնվազն մեկ առարկայից 1-3 (գնահատման 10-միավորային սանդղակից) կամ 1-7 (Նպատակային ծրագրի դեպքում՝ 1-9՝ գնահատման 20-միավորային սանդղակից) միավոր ստանալու դեպքում Սովորողը հանձնում է 2-րդ վերաքննությունը՝ հետևյալ ժամկետներում՝ կիսամյակային քննությունների դեպքում՝ փետրվարի 23-28-ը, փոխադրական քննությունների դեպքում՝ օգոստոսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում։ 2-րդ վերաքննություններին չներկայանալու կամ վերաքննությունները հանձնելուց հետո առնվազն մեկ առարկայից 1-7 (Նպատակային ծրագրի դեպքում՝ 1-9՝ գնահատման 20-միավորային սանդղակից) միավոր ստանալու դեպքում սովորողն ազատվում է դպրոցից։
(15-րդ կետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 16.10.2025 թ. N 2/5 որոշմամբ):
15․1․ Եթե սովորողի տարեկան անբավարար գնահատական/ները այն առարկայից/ներից է, որը հանձելու է որպես փոխադրական քննություն, ապա վերջինս չի հանձնում տվյալ առարկայից վերաքննություն, և փոխադրական քննության արդյունքը համարվում է որպես տարեկան գնահատական՝ ստացած գնահատականը համապատասխանեցնելով 10-միավորային սանդղակին։
(15.1-րդ կետը լրացվել է ԵՊՀ գիտական խորհրդի 16.10.2025 թ. N 2/5 որոշմամբ):
16. «Ֆիզկուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաների պարապմունքներից առողջական վիճակի պատճառով սովորողի ազատված լինելը չի ազդում նրա` հաջորդ դասարան փոխադրվելու կամ դպրոցն ավարտելու վրա:
17. 12-րդ դասարանում ուսումնական բոլոր առարկաներից տարեկան 4-10 և պետական ավարտական բոլոր քննություններից 8-20 միավոր գնահատված սովորողը ստանում է միջնակարգ կրթության ատեստատ:
18. Պետական ավարտական քննություններից 1-7 միավոր գնահատված լինելու կամ քննության օրը չներկայանալու դեպքում սովորողը վերաքննություն է հանձնում դպրոցում տվյալ ուսումնական տարվա հուլիսի 2-8-ը կամ օգոստոսի 20-25-ն ընկած ժամանակահատվածում: Առաջադրանքները կազմվում են Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից։
19. Սովորողը 12-րդ դասարանի ավարտին ավարտական քննություններից կարող է չհանձնել այն առարկաների քննությունները, որոնք հանձնելու է բուհական ընդունելության շրջանակում։
20. Բոլոր առարկաները, բացի «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից, ամփոփվում են 12-րդ դասարանի 1-ին կիսամյակի ավարտին։ 12-րդ դասարանի 1-ին կիսամյակի մինչև դեկտեմբերի 1-ը յուրաքանչյուր սովորող ընտրում է առնվազն 3 առարկա՝ 2-րդ կիսամյակում ուսումնասիրելու նպատակով։
21. Յուրաքանչյուր կիսամյակ սովորողները կամ սովորողների խմբերը (խմբում՝ մինչև 7 անդամ), ըստ դպրոցի կողմից հաստատված ժամանակացույցի, ներկայացնում են նախագծային/հետազոտական աշխատանքները, որոնք գնահատվում են հանձնաժողովի կողմից ու գրանցվում սովորողի առարկայական թղթապանակում որպես ձևավորող գնահատականի բաղադրիչ։
(21-րդ կետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 16.10.2025 թ. N 2/5 որոշմամբ):