Общая информация
ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1. ՆԱԽԱԲԱՆ
Գրահրատարակչության ոլորտում ԵՊՀ հրատարակչությունն առաջնորդվում է այն համոզմամբ, որ ոլորտի յուրաքանչյուր օղակի զարգացումը հավասարապես կարևոր է՝ սկսած գրքի քննարկման, փորձաքննության աշխատանքներից մինչև խմբագրական-սրբագրական աշխատանքներ ու հրատարակում։ Գրահրատարակչության ոլորտի ծրագրերն իրականացնելու համար կարևորվում է ԵՊՀ գրահրատարակչական խորհրդի դերը, որը թույլ է տալիս ընդունել խորհրդակցական, մասնագիտական կարծիքի վրա հիմնված որոշումներ՝ խուսափելով միանձնյա որոշումներից։ Հաշվի է առնվում յուրաքանչյուր անդամի մասնագիտական կարծիքը՝ անաչառ ու թափանցիկ մթնոլորտ ստեղծելու նպատակով։
Գրահրատարակչության ոլորտում ԵՊՀ հրատարակչության ծրագրերը միտված են հետևյալ խնդիրների լուծմանը՝ հրատարակչական գործի զարգացում, ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ դասագրքերի ու ձեռնարկների հրատարակում, գրական արտադրանքի միջոցով գրական-մշակութային ժառանգության պահպանում, զարգացում, տարածում ու հանրահռչակում, հասարակության ստեղծագործական ներուժի վերարտադրման ու զարգացման համար պայմանների ստեղծում, գրատարածման բնագավառում միջազգային համագործակցության համար նպաստավոր պայմանների ստեղծում: ԵՊՀ հրատարակչության հեռանկարային նպատակն է խթանել նշանակալի, մնայուն ու հանրօգուտ աշխատանքների ստեղծումը, ինչն էլ իր հերթին կնպաստի գիտության զարգացմանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության զարգացմանը։
ԵՊՀ հրատարակչությունն իր կայքէջում տեղադրում է հրատարակած աշխատանքները՝ նպատակ ունենալով բավարարել ուսանողների, գիտնականների, առհասարակ հանրության ընթերցողական պահանջը արդի և պահանջված ուսումնական ու գիտական գրականությամբ, միևնույն ժամանակ խրախուսելով մասնագիտական, քննադատական ու հոբելյանական գրականության հրատարակումը։
ԵՊՀ հրատարակչության գերխնդիրներից է նաև հայաստանյան գրահրատարակչական շուկայում հեղինակային ու հարակից իրավունքի հարցերին առնչվող խնդիրների լուծումը, ինչը միտված է հեղինակ-հրատարակիչ-ընթերցող համագործակցությունը բացառապես օրինական դաշտ տեղափոխելուն:
Գրահրատարակչական քաղաքականությունը ներառում է գիտական և ուսումնական հրատարակությունների ընդհանուր չափորոշիչներ, որոնք կօժանդակեն հեղինակներին հստակորեն սահմանազատելու հրատարակվող աշխատության տեսակը՝ հստակեցնելով համապատասխան աշխատությանը ներկայացվող չափորոշչային ընդունված պահանջները:
Գրահրատարակչական քաղաքականությունը առաջադրում է հրատարակվող աշխատանքների կառուցվածքին ներկայացվող պահանջներ, հղումներ անելու, հրատարակման երաշխավորության կարգեր, հեղինակային իրավունքների պաշտպանության, հրատարակչական էթիկայի պահպանման դրույթներ:
ԵՊՀ հրատարակչությունը հրատարակում է բացառապես կարևոր, կիրառական նշանակություն ունեցող արդիական աշխատություններ, որոնք հաստատվում են ԵՊՀ գրահրատարակչական խորհրդի կողմից:
2. ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՂ ԳՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ
Հեղինակ համարվելու չափանիշներ
Աշխատության պատրաստում, ինքնուրույն մտքի արտահայտում, բովանդակության խմբագրում, ներդրում աշխատության ձևավորման, տվյալները հավաքելու, միտքը ամբողջացնելու, վերլուծելու ու մեկնաբանելու մեջ:
Հետազոտությունների իրականացում ու մշակում:
Աշխատության կառուցվածքային պահանջներ
Վերնագիրը: Վերնագիրը պետք է արտահայտի աշխատանքում քննարկվող խնդիրների էությունը:
Վերնագիրը պետք է լինի հստակ և հասկանալի նաև այլ ոլորտների մասնագետներին, արտացոլի բովանդակությունը՝ զերծ մնալով ընդհանուր և անորոշ արտահայտություններից: Եթե անհրաժեշտ է (կախված հրատարակվող գրքի ձևաչափից), կարող են հիշատակվել հետազոտության տեղն ու ժամանակահատվածը։
Հեղինակ(ներ)ի անուն: Եթե աշխատանքը գրվել է համահեղինակությամբ, ապա հեղինակների անունների թվարկումը պետք է տրվի նրանց ներդրմանը համապատասխան:
Ամփոփում (առավելագույնը 250 բառ): Ամփոփումը ուսումնասիրության հիմնական դրույթների համառոտ նկարագրությունն է: Այն պետք է ներառի հետազոտության առարկան, խնդիրները, նպատակը, հետազոտության մեթոդներն ու արդյունքները: Ամփոփումը պետք է պատասխանի հետևյալ հարցերին.
ինչի՞ մասին է գիրքը,
ո՞րն է գրքի նպատակը,
որո՞նք են առաջադրված խնդիրները,
որո՞նք են գրքի արդիականությունն ու գիտական նորույթը:
ի՞նչ եզրահանգումների է հանգել հեղինակը,
Գրաֆիկներ և աղյուսակներ: Գրաֆիկներն ու աղյուսակները պետք է ներկայացվեն պատշաճորեն ու համարակալմամբ:
Եզրակացություններ: Եզրակացությունները պետք է շարադրվեն ըստ կարևորության: Անհրաժեշտ է համեմատել հեղինակի ստացած արդյունքներն այլ ուսումնասիրությունների արդյունքների հետ: Ստացված եզրահանգումներն այլ հեղինակների տեսակետներին հակասելու դեպքում պետք է նշվեն պատճառները:
Հեղինակը պետք է նշի, թե ինչ գործնական կիրառություն կարող է ունենալ աշխատությունը: Եթե արդյունքները վերջնական չեն, նպատակահարմար է առաջարկել, թե հետագայում ինչ լրացուցիչ հետազոտություններ կատարելու անհրաժեշտություն կա:
Գրականության ցանկ: Գրականության ցանկում պետք է տրվեն միայն գիտական սկզբնաղբյուրներ: Վիճակագրական տվյալների, փաստաթղթերի, հաշվետվությունների, համացանցային աղբյուրների հղումները պետք է լինեն ծանոթագրությունների տեսքով: Ցանկը պետք է լինի այբբենական դասավորությամբ ու համարակալված:
Գրականության ցանկում անհրաժեշտ է ներկայացնել այլ հրատարակումներից վերցված ամբողջ տեղեկատվության աղբյուրների տվյալները՝ ներառելով բոլոր այն տվյալները, որոնք անհրաժեշտ են տվյալ աղբյուրը գրադարանում կամ համացանցում գտնելու համար։ Ոչ անգլիալեզու հրատարակումների համար անհրաժեշտ է ներկայացնել դրա սկզբնագրային (բնագրային) անվանումը (անհրաժեշտության դեպքում՝ տվյալ լեզվի կանոններին համապատասխան տառադարձությունը), ինչից հետո՝ հնարավորության դեպքում տալ վերջինիս թարգմանությունը՝ նշելով քառակուսի փակագծերում։ Չհրատարակված տեղեկատվությունը գրականության ցանկում չի ներառվում, եթե հարկ է հիշատակել, ապա դա պետք է արվի աշխատության հիմնական տեքստում նախապես հեղինակի թույլտվությունը ստանալուց հետո, նաև պետք է բացատրել դրա աղբյուրը։
Տեղեկություններ հեղինակ(ներ)ի մասին: Պետք է տեղադրել գրքի վերջին էջում՝ նշելով անուն-ազգանունը, գիտական աստիճանը, կոչումը, պաշտոնը, աշխատանքի վայրը, էլեկտրոնային հասցե(ներ)ը:
Հղումներ անելու կարգը
Հղումները պետք է տրվեն համամասնորեն, այսինքն՝ առկա լինեն և՛ հեղինակի տեսակետը հաստատող, և՛ դրանցից տարբերվող կարծիքներ:
Պետք է անդրադառնալ վերջին տասը տարվա ընթացքում հրատարակված ուսումնասիրություններին՝ պարտադիր նշելով այն աշխատանքը, որտեղ առաջին անգամ բարձրացվել է հետազոտության հարցը (նույնիսկ, եթե այն ձևավերպված է ավելի քան տասը տարի առաջ):
Անհրաժեշտ է համոզվել, որ տեքստում մեջբերված յուրաքանչյուր հղում առկա է նաև հղումների ցանկում (և հակառակը):
Երևանի պետական համալսարանի հրատարակչությունը ամսագրերին ու հեղինակներին առաջարկում է հղումների միջազգայներեն ընդունված հետևյալ ձևաչափերը (Numbered կամ Name–date style).
1. Harvard style,
2. APA style,
3. MLA Style,
4. Chicago Style:
Տեխնիկական պահանջներ
Աշխատություններն անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային համակարգի միջոցով:
Նյութերը ներկայացվում են «MS Word», «LaTex» էլեկտրոնային ձևաչափով՝ Unicode կոդավորմամբ, տառաչափը` 12, տողերի միջև հեռավորությունը` 1:
Առանձին ֆայլով հարկավոր է ուղարկել.
- տեղեկություններ հեղինակի մասին (հայերեն, ռուսերեն և անգլերեն)՝
- հեղինակի անուն-ազգանունը (ամբողջությամբ),
- հեղինակի պաշտոնը, կոչումը, գիտական աստիճանը,
- աշխատանքային վայրի ամբողջական պաշտոնական անվանումն ու էլեկտրոնային հասցեն,
- աշխատանքին առնչվող փաստաթղթերը՝ 1. (համապատասխան ֆակուլտետի կողմից զեկուցագիր, որում պետք է նշված լինեն աշխատանքի տեսակը, էջերի քանակը, տպագրության գունավոր կամ անգույն լինելը, աշխատանքի ժանրն ու տպաքանակը), 2. երաշխավորագիր համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման, ամբիոնի ու ֆակուլտետի գիտական խորհրդի կողմից:
ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Գիտական հոդվածը գիտական արդիական ուսումնասիրություն է, որը, հիմք ընդունելով հիմնական աղբյուրները, ներկայացնում է հետազոտության արդյունքները՝ թե՛ տեսական, թե՛ փորձարարական՝ հավաքական գիտական գիտելիքների բացերը լրացնելու համար: ԵՊՀ գիտական հանդեսներն ընդունում են բացառապես կարևոր, գիտական նորույթ պարունակող արդիական հոդվածներ:
Հեղինակ համարվելու չափանիշներն են՝
- ներդրում հոդվածի ձևավորման, տվյալները հավաքելու, դրանք վերլուծելու ու մեկնաբանելու մեջ,
- հոդվածի պատրաստում կամ դրա բովանդակության խմբագրում,
- հետազոտությունների մշակում,
- անուն-ազգանունները՝ ըստ անձնագրի կամ ըստ նախկինում հրապարակված հոդվածներում նշվածի:
Գիտական հոդվածի կառուցվածքը
Վերնագիրը: Վերնագիրը պետք է արտահայտի հոդվածում քննարկվող խնդիրների էությունը՝ օգտագործելով հնարավորինս փոքր թվով բառեր:
Հեղինակ(ներ)ի անուն: Եթե հոդվածը գրվել է համահեղինակությամբ, ապա հեղինակների անունների թվարկումը հոդվածում պետք է տրվի նրանց ներդրմանը համապատասխան կամ այբբենական կարգով (ձևանմուշը հաստատվում է տվյալ ամսագրի խմբագրակազմի կողմից):
Ամփոփում (առավելագույնը 250 բառ): Ամփոփումը հոդվածի հիմնական դրույթների համառոտ նկարագրությունն է: Այն պետք է ներառի հոդվածի առարկան, խնդիրները, նպատակը, հետազոտության մեթոդներն ու արդյունքները: Ամփոփումը պետք է պատասխանի հետևյալ հարցերին.
ինչի՞ մասին է հոդվածը,
ո՞րն է հետազոտության նպատակը,
ի՞նչ եզրահանգումների է հանգել հեղինակը,
որո՞նք են հոդվածի արդիականությունն ու գիտական նորույթը:
Բանալի բառեր (5-10): Պետք է գործածել բառեր, բառակապակցություններ, տերմիններ, հասկացություններ, որոնք կօգնեն ընթերցողին ավելի արագ գտնել հոդվածը որոնման համակարգերի միջոցով:
Ներածություն (հետազոտության հիմնավորումը, կարևորումը): Ներածությունը պետք է պարունակի նախնական տեղեկություններ կամ հիմնահարցի նախապատմությունը, որոնք անհրաժեշտ են ընթերցողին հոդվածը հասկանալու համար: Այն պետք է ներառի հետազոտության նպատակը, խնդիրները, հետազոտական հարցը, դրա նշանակության հիմնավորումը, այդ հարցի վերաբերյալ գրականության մշակվածության ու վերլուծության աստիճանը, հեղինակի նախնական վարկածն ու մեթոդները, որոնք կիրառվում են ուսումնասիրության մեջ՝ հիմնավորելու կամ մերժելու առկա տեսակետները, ինչպես նաև աշխատանքային պլանը, հետազոտության տեսական ու գործնական նշանակությունը:
Ներածության մեջ.
հղումները պետք է տրվեն համամասնորեն, այսինքն՝ առկա լինեն և՛ հեղինակի տեսակետը հաստատող, և՛ դրանցից տարբերվող կարծիքներ:
պետք է անդրադառնալ վերջին տասը տարվա ընթացքում հրապարակված ուսումնասիրություններին՝ պարտադիր նշելով այն աշխատանքը, որտեղ առաջին անգամ բարձրացվել է հետազոտության հարցը (նույնիսկ, եթե այն ձևավերպված է ավելի քան տասը տարի առաջ):
Տեսական հիմքեր, մեթոդներ և նյութեր: Հոդվածում պետք է հստակորեննկարագրվի, թե ինչ աշխատանք է կատարվել, ինչ մեթոդներ են կիրառվել՝ ուսումնասիրության արդյունքները ստանալու համար: Ենթավերնագրերը պետք է արտացոլեն հետազոտական գործընթացի տարբեր փուլերը:
Հետազոտության արդյունքներ (գիտական նորույթը): Հետազոտության արդյունքները տրվում են առանց մեկնաբանության: Ենթավերնագրերը պետք է օգտագործվեն յուրաքանչյուր նորույթ առանձին արտացոլելու համար: Արդյունքները պետք է ներկայացվեն տրամաբանական հերթականությամբ, այսինքն՝ ըստ նշանակության, որը կարող է չհամընկնել տեքստում դրանց ներկայացման կարգին: Արդյունքները նկարագրելիս պետք է գործածել անցյալ, իսկ թվերն ու աղյուսակները նկարագրելիս՝ ներկա ժամանակի բայաձևեր:
Գրաֆիկներ ու աղյուսակներ: Գրաֆիկներն ու աղյուսակները պետք է ներկայացվեն պատշաճորեն ու համարակալմամբ:
Եզրակացություններ: Եզրակացությունները պետք է շարադրվեն ըստ կարևորության: Անհրաժեշտ է համեմատել հեղինակի ստացած արդյունքներն այլ ուսումնասիրությունների արդյունքների հետ: Ստացված եզրահանգումները այլ հեղինակների տեսակետներին հակասելու դեպքում պետք է նշվեն պատճառները:
Հեղինակը պետք է նշի, թե ինչ գործնական կիրառություն կարող են ունենալ հետազոտության արդյունքները: Եթե արդյունքները վերջնական չեն, նպատակահարմար է առաջարկել, թե հետագայում ինչ լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ կատարել:
Գրականության ցանկ: Գրականության ցանկում պետք է տրվեն միայն գիտական սկզբնաղբյուրներ: Վիճակագրական տվյալների, փաստաթղթերի, հաշվետվությունների, համացանցային աղբյուրների հղումները պետք է լինեն ծանոթագրությունների տեսքով: Ցանկը պետք է լինի այբբենական կամ ըստ հղումների հերթականության և համարակալված (ձևաչափը հաստատվում է տվյալ ամսագրի խմբագրակազմի կողմից): Գրականությունը ներառում է հոդվածի հետազոտական շրջանակը: Այս շրջանակը պետք է համապատասխանի հետազոտության առարկային ու միևնույն ժամանակ չպետք է սահմանափակվի դրանով:
Տեղեկություններ հեղինակ(ներ)ի մասին
ա) Կազմակերպության անվանումը պետք է օգտագործվի առանց փոստային հասցեի: Հնարավոր է նշել մի քանի կազմակերպություններ, որոնցում աշխատում է հեղինակը: Հեղինակներից պահանջվում է նշել բոլոր աշխատավայրերը, որոնք առնչվում են ուսումնասիրության կատարմանը: Եթե հոդվածի հեղինակները տարբեր հաստատությունների աշխատակիցներ են, ապա անհրաժեշտ է նշել յուրաքանչյուր հեղինակի հաստատությունը՝ օգտագործելով տողատակի հղումը:
բ) Պետք է նշել անուն-ազգանունը, գիտական աստիճանը, կոչումը, պաշտոնը, աշխատանքի վայրը, փոստային և/կամ էլեկտրոնային հասցեները (ձևանմուշը հաստատվում է տվյալ ամսագրի խմբագրակազմի կողմից):
Տեխնիկական պահանջներ
Խմբագրությունն ընդունում է հոդվածներ բացառապես «OJS» համակարգի միջոցով (journals.ysu.am):
Նյութերը ներկայացվում են «MS Word», «LaTex» էլեկտրոնային ձևաչափով՝ Unicode կոդավորմամբ, տառաչափը` 12, տողերի միջև հեռավորությունը` 1:
Առաջին էջի սկզբնամասում՝ հիմնական տեքստից առաջ, անհրաժեշտ է գրել.
հոդվածի վերնագիրը (հայերեն, ռուսերեն ու անգլերեն),
ամփոփումներ (շեղատառ)՝ հայերեն, ռուսերեն ու անգլերեն (առավելագույնը250 բառ),
բանալի բառեր (5-10 հանգուցային բառ՝ հայերեն, ռուսերեն ու անգլերեն):
Առանձին ֆայլով հարկավոր է ուղարկել.
տեղեկություններ հեղինակի մասին (հայերեն, ռուսերեն ու անգլերեն)՝
- հեղինակի անուն-ազգանունը (ամբողջությամբ),
- հեղինակի պաշտոնը, կոչումը, գիտական աստիճանը,
- աշխատանքային վայրի ամբողջական պաշտոնական անվանումն ու փոստային հասցեն,
- հեղինակի էլ. հասցեն:
Ձևանմուշը հաստատվում է տվյալ ամսագրի խմբագրակազմի կողմից և տեղադրվում է կայքում:
Ամփոփումների պահանջներ
Ամփոփումը պետք է հստակորեն պատկերացում տա, թե ինչի մասին է հոդվածը: Նախընտրելի է ամփոփման հետևյալ կառուցվածքը.
արդիականության ու հետազոտվող խնդիրների հստակ ձևակերպում,
տվյալների ու մեթոդ(ներ)ի հակիրճ նկարագրություն,
ստացված հիմնական տվյալների բացատրություն (կամ փաստարկներ, եթե աշխատանքը զուտ տեսական է):
Բոլոր ամփոփումները բովանդակային առումով պետք է նույնական լինեն: Յուրաքանչյուր ամփոփման բուն տեքստից առաջ պետք է կցել համապատասխան լեզվով բանալի բառեր:
Գրականության աղբյուրների հղումների կարգը
Խնդրում ենք համոզվել, որ տեքստում մեջբերված յուրաքանչյուր հղում առկա է նաև հղումների ցանկում (և հակառակը):
Երևանի պետական համալսարանի հրատարակչությունը ամսագրերին ու հեղինակներին առաջարկում է հղումների միջազգայներեն ընդունված հետևյալ ձևաչափերը (Numbered կամ Name–date style).
1. Harvard style,
2. APA style,
3. MLA Style,
4. Chicago Style:
3. ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՐԱԽՈՍՄԱՆ ԿԱՐԳԸ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՂ ԳՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ
Հրատարակչություն ուղարկված ու նախնական ստուգում անցած բոլոր աշխատանքները պետք է պարտադիր երաշխավորված լինեն համապատասխան ամբիոնի ու ֆակուլտետի գիտխորհրդի կողմից: Բոլոր երաշխավորները պետք է լինեն գիտնականներ ու գրախոսվող նյութի թեմային առնչվող հետազոտությունների հեղինակներ: Երաշխավորությունների, ստացված կարծիքների, ինչպես նաև Գրահրատարակչական խորհրդում տեղի ունեցած քննարկումների արդյունքի հիման վրա որոշում է կայացվում նյութը հրատարակելու վերաբերյալ:
Երաշխավորը պարտավոր է հետևել գիտական օբյեկտիվության ու վարվելակարգի սկզբունքներին.
տրամադրել գիտական անաչառ եզրակացություն,
տալ հետազոտության արդյունքների օբյեկտիվ ու հիմնավորված գնահատական, ինչպես նաև անել անհրաժեշտ առաջարկություններ,
չհրապարակել աշխատանքը, քանի որ այն հեղինակի մտավոր սեփականությունն է,
տեղեկացնել աշխատանքի՝ այլ աշխատանքի հետ ցանկացած էական կամ մասնակի նմանության մասին,
նշել հրատարակված համապատասխան աշխատությունները, որոնք պատշաճորեն մեջբերված կամ վկայակոչված չեն աշխատանքում:
Հրատարակչությունը տեղեկացնում է հեղինակին որոշման մասին՝ անհրաժեշտության դեպքում տրամադրելով պատճառաբանված մերժումը: Վերանայման ժամկետը 1-2 ամիս է` կախված ներկայացված նյութի որակից:
Խմբագրական բոլոր փոփոխություններն համաձայնեցվում են հեղինակների հետ:
Փաստաթղթերը արխիվացվում և պահվում են ԵՊՀհրատարակչությունում (2 տարի):
ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Խմբագրություն ուղարկված ու նախնական ստուգում անցած բոլոր հոդվածները ենթակա են պարտադիր գրախոսման: Խմբագրությունը կազմակերպում է կույր գրախոսություն կամ/և կրկնակի կույր գրախոսություն, երբ գրախոսներն ու հեղինակները անանուն են: Բոլոր գրախոսները գիտնականներ են և գրախոսվող նյութի թեմային առնչվող հրապարակումների, հետազոտությունների հեղինակ: Գրախոսությունների արդյունքի հիման վրա խմբագրակազմը որոշում է կայացնում նյութը հրատարակելու վերաբերյալ: Գրախոսը պարտավոր է հետևել գիտական օբյեկտիվության ու վարվելակարգի սկզբունքներին.
տրամադրել գիտական անաչառ գրախոսություն,
տալ հետազոտության արդյունքների օբյեկտիվ ու հիմնավորված գնահատական, ինչպես նաև անել անհրաժեշտ առաջարկություններ,
չհրապարակել աշխատանքը, քանի որ այն հեղինակի մտավոր սեփականությունն է (գաղտնիությունը կարող է խախտվել միայն այն դեպքում, երբ գրախոսը հայտարարում է աշխատանքի ոչ գիտական կամ կեղծված լինելու մասին),
տեղեկացնել գլխավոր խմբագրին քննարկվող աշխատանքի՝ այլ աշխատանքի հետ ցանկացած էական կամ մասնակի նմանության մասին,
նշել հրատարակված համապատասխան աշխատությունները, որոնք պատշաճորեն մեջբերված կամ վկայակոչված չեն աշխատանքում:
Գրախոսման արդյունքների հիման վրա խմբագրությունը կայացնում է երեք հնարավոր որոշումներից մեկը.
- «մերժել»,
- «ուղարկել վերանայման՝ հաշվի առնելով գրախոսների մեկնաբանությունները»,
- «հրատարակել»:
Խմբագրությունը տեղեկացնում է հեղինակին որոշման մասին՝ անհրաժեշտության դեպքում տրամադրելով պատճառաբանված մերժումը: Հեղինակն իրավունք չունի պահանջելու գրախոսի տվյալները և վիճարկելու արդյունքը՝ առանց հիմնավոր փաստարկների:
Վերանայման ժամկետը 1-2 ամիս է` կախված ներկայացված նյութի որակից:
Խմբագրական բոլոր փոփոխությունները հանդեսի էլեկտրոնային հարթակի միջոցով համաձայնեցվում են հեղինակների հետ:
Գրախոսությունները պահվում են խմբագրությունում առնվազն 5 տարի:
4. ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԲԱՑ ԼԻՆԵԼՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Գրքերի ու հոդվածների ամբողջական տեքստային տարբերակները հրապարակվում են հանրային տիրույթում հրատարակումից անմիջապես հետո:
Բոլոր աշխատությունները հրատարակվում են «Creative Commons Attribution-NonCommercial 4.0» միջազգային լիցենզիայի պահանջներին համապատասխան: «Creative Commons Attribution-NonCommercial CC BY-NC»-ն օգտվողներին թույլ է տալիս պատճենել ու տարածել աշխատությունը պայմանով, որ դա արված չէ առևտրային նպատակներով: Օգտագործողները կարող են հարմարեցնել աշխատանքներն իրենց կարիքներին համապատասխան (վերաձևակերպել, վերափոխել և հիմնվել նյութի վրա)՝ կատարելով անհրաժեշտ համապատասխան հղումները։ Լիցենզիայի ամբողջական մանրամասները հասանելի են հետևյալ՝ https://creativecommons.org/licenses/by-nc/4.0/ կայքում:
5. ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
Հեղինակային իրավունքը հեղինակի բացառիկ իրավունքն է իր ստեղծածի, տվյալ դեպքում՝ աշխատության նկատմամբ: Հեղինակային իրավունքը կոչված է խթանելու գիտական ու ուսումնական գրականության ստեղծմանը, օժանդակելու գիտական աշխատանքով զբաղվելու պայմանների ստեղծմանը՝ ապահովելով ձեռք բերված գիտական, ստեղծագործական արդյունքների իրավական ճանաչումն ու ապահովումը:
Աշխատության հեղինակն այն անձն է, որը ստեղծել, գրել է նշված աշխատանքը: Եթե երկու կամ ավելի անձանց համատեղ ջանքերով ստեղծված աշխատությունը կազմում է անբաժանելի ամբողջություն, այդպիսի աշխատանքի նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում է այդ անձանց համատեղ (համահեղինակներ): Համահեղինակությամբ ստեղծված աշխատության առանձին մասը համարվում է ինքնուրույն նշանակություն ունեցող, եթե դա կարող է օգտագործվել աշխատության մյուս մասերից անկախ:
Հեղինակը պարտավորվում է համագործակցել ԵՊՀ հրատարակչության աշխատակիցների հետ՝ անհրաժեշտության դեպքում գրքում կամ հոդվածում կատարելով համապատասխան փոփոխություններ ու շտկումներ: Հեղինակը պետք է երաշխավորի հղումների ու մեջբերումների հավաստիությունը: Գրքերի էլեկտրոնային ու տպագրված նյութերի բոլոր իրավունքները պատկանում են ԵՊՀ հրատարակչությանն ու հեղինակներին,: Հեղինակը պարտավոր է ստորագրությամբ հաստատել, որ ծանոթ է հոդվածի խմբագրված ու սրբագրված տարբերակին: Ստորագրությունից հետո հրատարակված գրքերում եղած անճշտությունների կամ վրիպակների համար ԵՊՀ հրատարակչությունը պատասխանատվություն չի կրում:
Հրատարակչությունը կարող է կազմակերպել վերոնշյալ աշխատանքները նաև հեռավար տարբերակով:
6. ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԷԹԻԿԱ
Հրատարակչական գործունեության մեջ խախտումները կանխելու (գրագողություն, կեղծ տեղեկատվություն և այլն), գիտական հրապարակումների բարձր որակ ու հանրության կողմից հեղինակի գիտական արդյունքների ճանաչում ապահովելու համար խմբագրական խորհրդի յուրաքանչյուր անդամ, հրատարակիչ, հեղինակ, գրախոս և հրատարակման գործընթացում ներգրավված հաստատություն պետք է պահպանեն հրատարակման էթիկայի չափանիշները, կանոնները, սահմանված կարգը: Էթիկայի սկզբունքների պահպանումը բոլորի կողմից ապահովում է հեղինակների մտավոր սեփականության իրավունքները, բարելավում է հանդեսի որակը՝ բացառելով հեղինակային իրավունքով պաշտպանված նյութերի հնարավոր չարաշահումը` հօգուտ որոշ անձանց շահերի:
Հրատարակչությունը պահպանում է գիտական նյութերի հրատարակման համար ընդունված էթիկական ընդհանուր սկզբունքները՝ առաջնորդվելով Հրատարակչական էթիկայի հանձնաժողովի (Committee on Publication Ethics (COPE)) հանձնարարականներով: Հեղինակային իրավունքի ու բարոյական նորմերի խախտումը ոչ միայն անընդունելի է, այլև խոչընդոտում է գիտական գիտելիքների զարգացմանը՝ խաթարելով ամսագրերի ու հրատարակության հեղինակությունը, նաև հրատարակման գործընթացի պատշաճ իրականացումը: Հեղինակները պատասխանատու են ներկայացված տվյալների ու ստացված արդյունքների ճշգրտության համար: Կեղծ տվյալների ներկայացումը էթիկական կանոնադրության խախտում է:
Աշխատանք ներկայացնելիս հեղինակները (հեղինակների խմբերը) պետք է իրազեկվեն, որ պատասխանատվություն են կրում գիտական արդյունքների նորույթի ու հավաստիության համար, ինչը ենթադրում է ներքոհիշյալ սկզբունքների պահպանումը:
Հեղինակները պետք է տրամադրեն աշխատության, ուսումնասիրության հավաստի արդյունքներ: Հեղինակները պետք է տրամադրեն միայն ճշգրիտ փաստեր ու տվյալներ, տան բավարար տեղեկություններ, չօգտագործեն մասնավոր կարգով ձեռք բերված տեղեկատվությունը՝ առանց առկա գրավոր համաձայնության, թույլ չտան տվյալների կեղծում ու զեղծարարություն:
Ներկայացված աշխատանքը չպետք է հրատարակված լինի նախկինում. աշխատությունը չի կարող ներկայացված լինել տարբեր հրատարակչություններում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ վերջիններս համատեղ հրատարակման համաձայնություն ունեն:
Հեղինակները պետք է ապահովեն աշխատության մեջ ներկայացվող արդյունքների ինքնուրույնությունը: Յուրաքանչյուր փոխառված հատված կամ մեջբերում պարտադիր պետք է ուղեկցվի հղումով հեղինակին ու սկզբնաղբյուրին: Չափազանց ծավալուն մեջբերումներն ու գրագողության ցանկացած ձև, ներառյալ չհղված մեջբերումները, վերաշարադրանքը կամ այլ անձի հետազոտության արդյունքների յուրացումը էթիկայից դուրս են ու անընդունելի: Հրատարակչությունը առանց հղումների մեջբերումները համարում է գրագողություն: Գրագողություն են նաև սեփական հրապարակումներից առանց հղումների մեջբերումները, որոնք ցանկալի է օգտագործել հնարավորինս քիչ: Գրագողություն պարունակող աշխատանքները չեն ընդունվում տպագրության:
Հեղինակները պետք է խուսափեն աշխատանքի կրկնօրինակումից: Եթե աշխատանքի որոշ հատվածներ նախկինում հրատարակվել են, հեղինակը պետք է հղում անի ավելի վաղ հրապարակված աշխատությանը՝ նշելով տարբերությունները:
Հեղինակները չպետք է ներկայացնեն այլ հրատարակչություն հանձնված ու քննարկման ենթակա աշխատանք: Կարևոր է նշել բոլոր այն անձանց ներդրումը, որոնք այս կամ այն կերպ մասնակցել են աշխատության ստեղծմանը:
Բոլոր նրանք, ովքեր նշանակալի ներդրում են ունեցել, պետք է դիտարկվեն որպես համահեղինակներ: Ընդունելի չէ հեղինակների ցանկում ներառել այն անձանց, որոնք չեն մասնակցել գրքի ստեղծման աշխատանքների իրականացմանը:
Հեղինակները պետք է հարգեն Գրահրատարակչական խորհրդի ու գրախոսների աշխատանքը և առկայության դեպքում վերացնեն նշված անճշտությունները կամ հիմնավորեն դրանք:
Հեղինակները պետք է ներկայացնեն և պատրաստեն իրենց աշխատանքները ԵՊՀ հրատարակչության սահմանած չափանիշներին համապատասխան:
Եթե հեղինակները աշխատանքում նկատելի սխալներ կամ անճշտություններ են հայտնաբերել քննարկման փուլում կամ տպագրությունից հետո, նրանք պետք է անհապաղ տեղեկացնեն հրատարակչին:
Հեղինակը կարող է հանձնելուց հետո ետ պահանջել իր աշխատանքը, քանի դեռ այն չի խմբագրվել:
Գրքերում կատարված բովանդակային փոփոխություններն ու ճշգրտումները համաձայնեցվում են հեղինակի հետ: Խմբագիրների միջամտություններին չհամաձայնելու դեպքում կողմերն իրավունք ունեն հրաժարվելու նյութի հրատարակությունից կամ գալ փոխհամաձայնության:
Հրատարակչությունը պարտավորվում է մինչև ստացված նյութի հրատարակումը չօգտագործել դրանցում տեղ գտած տվյալները և դրանք չտրամադրել երրորդ կողմի՝ բացառությամբ գրախոսների:
Գրահրատարակչական խորհրդի պարտականությունները: Խորհուրդը ընդունում է անաչառ որոշումներ, որոնք բացառապես հիմնված են տրամադրված նյութերի մասնագիտական մակարդակի ու որակի վրա:
Խմբագրության պարտականությունները: Խմբագրությունը հետևում է հանդեսի հրատարակչական պահանջներին՝ երաշխավորելով հրատարակվող աշխատանքների գիտական բարձր մակարդակը: Խմբագրությունն ընդունում է անաչառ որոշումներ, որոնք բացառապես հիմնված են տրամադրված նյութերի մասնագիտական մակարդակի ու որակի վրա:
Գլխավոր խմբագիրը գնահատում է աշխատանքի գիտական բովանդակությունը` անկախ հեղինակի ռասայական, ազգային պատկանելությունից, սեռից, սեռական կողմնորոշումից, կրոնական համոզմունքներից, ծագումից, քաղաքացիությունից, սոցիալական կարգավիճակից կամ հեղինակի քաղաքական նախասիրություններից:
Գլխավոր խմբագիրը որոշում է կայացնում նյութերի հրատարակման վերաբերյալ՝ ըստ հետևյալ հիմնական չափանիշների.
աշխատանքի համապատասխանությունը հանդեսին,
ներկայացված աշխատանքի արդիականությունը, նորույթը և գիտական նշանակությունը,
հստակությունը, արդյունքների հուսալիությունն ու եզրակացությունների ամբողջականությունը:
Շահերի բախում: Շահերի բախում առաջանում է այն դեպքում, երբ տարաձայնություններ են ծագում մարդու անձնական շահերի և նրա գիտական ու հրատարակչական գործունեության պարտականությունների միջև: Օբյեկտիվության վրա կարող են ազդել անձնական, քաղաքական, ֆինանսական, գիտական կամ կրոնական գործոնները: Շահերի բախման դեպքում հեղինակն ու գրախոսը պարտավոր են տեղյակ պահել գլխավոր խմբագրին:
7. ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ
ա. ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ/ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մենագրությունը գիտահետազոտական աշխատանքի հիմնական տվյալների, արդյունքների ամբողջական, մանրակրկիտ ու համակարգված շարադրմամբ հրատարակություն է՝ բուհի, գիտահետազոտական կառույցի, գիտական ստորաբաժանման կամ ֆակուլտետի գիտական խորհրդի երաշխավորությամբ՝ առնվազն 7,5 տպագիր մամուլ ծավալով:
Մենագրությունը կազմում է գիտական ոլորտի կենսական մասը՝ միաժամանակ հանդես գալով որպես գիտական հետազոտության ու հրապարակման առանցքային միջոց: Իրականում գիտական ամսագրին զուգահեռ մենագրությունը նոր հետազոտությունների տարածման հիմնական միջոցն է, որը կարող է տասնամյակների ընթացքում սահմանել ուսումնասիրության ոլորտները:
Գիտական/գիտամեթոդական հոդվածը կոնկրետ խնդրի վերաբերյալ հակիրճ, սակայն բավարար չափով տրամաբանական հաջորդականությամբ շարադրված, գիտական նորույթ պարունակող, հստակ եզրակացությամբ, խնդրի հետազոտական հիմնական արդյունքներն արտացոլող, գիտական մեթոդաբանության կիրառմամբ ու գրականության հղումներով գիտահետազոտական աշխատանք է, որը տպագրվել է գիտական գրախոսվող պարբերականում: Գիտաժողովների զեկուցումներն ու թեզիսները գիտական հոդված չեն: Միջազգային գիտական հաղորդակցության արդյունավետության բարձրացման համար գիտական հոդվածներն ու այլ հրատարակումները պետք է լինեն ԱՄԲՈՂՋԱԿԱՆ, ՀԱԿՒՐՃ ու ՀԱՍԿԱՆԱԼԻ:
Գրքի առանձին գլուխ կամ ժողովածուի առանձին բաժինը գիտական հոդվածի հիմնական չափանիշներն ունեցող գիտահետազոտական աշխատանք է, որը տպագրվել է գիտական երաշխավորություն ունեցող գրքում կամ ժողովածուում:
Գրախոսական հոդվածը գիտական աշխատանքի կամ հետազոտության վերաբերյալ մասնագիտական գնահատում ու օբյեկտիվ վերլուծություն պարունակող գիտական շարադրանք է, որը տպագրվել է գիտական գրախոսվող պարբերականում:
Բ. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ/ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Դասագիրքը ուսումնական հրատարակություն է, ուսումնական ծրագրում ընդգրկված որևէ առարկայի բոլոր թեմաների համակողմանի, համակարգված, համեմատաբար պարզ ու ընկալելի շարադրմամբ աշխատանք, որի նպատակը հիմնարար, առանցքային գիտելիքի փոխանցումն է:
Բուհական դասագիրքն անպայմանորեն պետք է ունենա բուհի ու գիտական ստորաբաժանման գիտական խորհուրդների երաշխավորություն (ծավալը' առնվազն 7,5 տպագիր մամուլ՝ 1 մամուլը 16 էջ հաշվարկով): Աշխատանքի' որպես դասագրքի հաստատման երաշխավորությունը կարող է տալ բուհի գիտական խորհուրդը:
ԵՊՀ կողմից հրատարակված դասագրքերը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին.
1) Դասագիրքը պետք է համապատասխանի ԵՊՀ կողմից հաստատված տվյալ առարկայի չափորոշչի և ծրագրի պահանջներին և ներկայացնի առարկայի հիմնական բովանդակությունը՝ առարկայի/գիտակարգի բոլոր թեմաների համակողմանի, համակարգված, համեմատաբար պարզ ու ընկալելի շարադրմամբ, որի նպատակը հիմնարար, առանցքային գիտելիքի փոխանցումն է:
2) Դասագիրքը պետք է ներկայացնի միայն ստույգ, գիտականորեն հաստատված և ճշգրիտ տեղեկատվություն, վարկածների վերաբերյալ տեղեկատվության ընդգրկման պարագայում՝ հստակ նշում պարունակի այդ մասին, օգտագործի միայն գիտականորեն շրջանառվող վարկածներ:
3) Դասագիրքը պետք է ունենա՝
ա. գիտամեթոդական բարձր մակարդակ և համապատասխանի գիտական մտքի զարգացման հիմնական ուղղություններին ու ձեռքբերումներին,
բ. պետք է ապահովի մատչելիություն, կապ դասախոսության ու գործնական գիտելիքների միջև, խթանի ինքնուրույն աշխատանքը,
գ. պետք է ունենա թեմաների հստակ նույնականացում, անհրաժեշտ հղումներ, գրականության ցանկ,
դ. առանց դժվարությունների պետք է տեղավորվի դասավանդման գիտամանկավարժական հայեցակարգում:
4) Դասագրքում պետք է ապահովված լինեն պատշաճ հղումները (այդ թվում՝ էլեկտրոնային հասցեների հղումներ) օգտագործված բոլոր նյութերին և աղբյուրներին: Դասագրքում հղումներով նախատեսված բոլոր նյութերը և աղբյուրները պետք է մշտապես հասանելի լինեն դասագրքի գործածության ողջ ժամանակահատվածում և պաշտպանված լինեն կիբերհարձակումներից:
5) Դասագիրքը պետք է հնարավորություն ընձեռի բազմակողմանիորեն ծանոթանալու ներկայացվող նյութին կամ թեմային և նպաստի սովորողի մոտ դրա վերաբերյալ սեփական դիրքորոշման ու կարծիքի ձևավորմանը:
6) Դասագրքում պետք է օգտագործվեն տեղեկատվության փոխանցման տարբեր եղանակներ՝ տեքստային, պատկերային, գրաֆիկական, թվային և այլ՝ փոխլրացման և համադրման սկզբունքով՝ խուսափելով կրկնություններից:
7) Դասագրքի կառուցվածքը պետք է համապատասխանի ներքոգրյալ պահանջներին․ գլուխների և դասերի, պարագրաֆների և կառուցվածքային այլ բնութագրիչների դասավորում, ներքին ամբողջականություն, հստակություն, տրամաբանական հաջորդականություն, եզրակացությունների հակիրճություն, պարզություն, ներկայացման արտահայտչություն ու պատկերացումների, նկարազարդումների, ճշգրիտ և բազմազան հարցերի, պայմանների ու առաջադրանքների այնպիսի կառուցվածք, որը սովորողներից պահանջում է կատարել մտավոր գործողություններ, նշումներ, ուրվագծեր, գծանկարներ, հաշվարկներ, գործնական աշխատանքներ, փորձեր և այլն:
8) Դասագրքի ծավալը պետք է համարժեք լինի առարկայի դերին ու տեղին ուսումնական ծրագրում և համապատասխանի տվյալ դասընթացն ուսումնասիրելու համար հատկացված ժամաքանակին:
9) Լեզվի ուսուցման համար նախատեսված դասագրքերը պետք է հիմնված լինեն լեզուների դասավանդման ժամանակակից մոտեցումների վրա, ունենան ուսուցման/դասավանդման համար հստակ, առաջատար մեթոդաբանություն, ապահովեն նյութի մատուցման պարզից բարդ սկզբունքը, զարգացնեն լեզվական գործունեության բոլոր հմտությունները և ձևավորեն համապատասխան կարողունակություններ (կոմպետենցիաներ): Պետք է ուենան տեսական-մեթոդական շարադրանք: Միայն գործնական առաջադրանքներ և վարժություններ պարունակող ուսումնական նյութերը դասագրքեր չեն:
10) Դասագիրքը պետք է ունենա առնվազն 2 գրախոսություն, որից մեկը՝ արտաքին։
11) Երբևէ չհրատարակված դասագրքերի հեղինակներին տրամադրվում է լրացուցիչ վարձատրություն:
Ուսումնական ձեռնարկը ուսումնական-տեսական հրատարակություն է, որը մասամբ փոխարինում կամ լրացնում է դասագրքին՝ ներառելով որևէ մասնագիտության/ կրթական ծրագրի կամ դրա առանձին բաղադրիչ(ներ), նեղ մասնագիտական գիտական-կիրառական բնույթի շարադրանք: Ձեռնարկը կարող է ներառել ոչ միայն համընդհանուր ճանաչում ունեցող գիտելիքի, այլև խնդրահարույց մոտեցումների, տարբեր տեսակետների ու դրույթների շարադրանք, դիդակտիկ ու գործնական նյութեր ու առաջադրանքներ (ծավալը՝ առնվազն 5 տպագիր մամուլ):
(7-րդ բաժնի «բ» կետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 06.04.2026 թ. թիվ 10/7 որոշմամբ):
Գ. ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ/ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ուսումնամեթոդական աշխատանքների թվում են ուսումնամեթոդական, ուսումնաօժանդակ, լաբորատոր ձեռնարկները, դասընթացների կամ մոդուլների դասավանդման ծրագիր-մեթոդական ուղեցույցները:
Ուսումնամեթոդական ձեռնարկը որևէ գիտության կամ գիտաճյուղի, ուսումնական առարկայի ուսումնասիրման, դասավանդման համար գրված մեթոդական և տեսական դրույթներ, ուղենիշներ պարունակող աշխատությունն է՝ տպագրված գիտական երաշխավորությամբ:
Ուսումնաօժանդակ ձեռնարկը ուսումնառողների համար նախատեսված հրատարակություն է և ներառում է տվյալ մասնագիտությունը, առարկան, ծրագիրը կամ դասընթացը լավագույնս յուրացնելու համար լրացուցիչ թեմաների, խնդիրների, նեղ մասնագիտական հարցերի վերաբերյալ տեսագործնական բացատրություններ, ցուցումներ, հիմնավորումներ ու առաջադրանքներ:
Լաբորատոր ձեռնարկը ուսումնառողների համար նախատեսված հրատարակություն է ու կոչված է օժանդակելու, օգնելու, ուղղորդելու ուսանողին ինքնուրույն կատարելու հետազոտական, լաբորատոր, գործնական աշխատանքներ և բովանդակում է առարկան, ծրագիրը կամ դասընթացը լավագույնս յուրացնելու համար լրացուցիչ թեմաների, խնդիրների, նեղ մասնագիտական հարցերի վերաբերյալ գործնական աշխատանքների, փորձերի նկարագրություն և տեսական համառոտ բացատրություն։
Դասընթացների կամ մոդուլների դասավանդման ծրագիր-մեթոդական ուղեցույցներում մանրամասնորեն նշված են դասընթացի/մոդուլի նպատակները, կրթական վերջնարդյունքները, դասավանդման ու գնահատման մեթոդներն ու մոտեցումները, պարապմունքների ձևերն ու դրանց բաշխումը՝ ըստ ժամերի, յուրաքանչյուր պարապմունքի բովանդակությունը, դասավանդման ու սովորողի ինքնուրույն աշխատանքի բովանդակությունը՝ երաշխավորված ԵՊՀ կամ գիտակրթական ստորաբաժանման գիտական խորհրդի կողմից: