Фармация
Магистерская программа
О программе
«Ֆարմացիա» մագիստրոսական կրթական ծրագրի տևողությունը 1 (մեկ) տարի է՝ 4 ենթակիսամյակներով: Ենթակիսամյակը տևում է 8 շաբաթ, ավարտվում է քննական շրջանով, իսկ վերջին ենթակիսամյակը՝ մագիստրոսական թեզի պաշտպանությամբ:
Ծրագիրը կազմված է հիմնական մասնագիտական դասընթացներից, ներառում է նաև մասնագիտական պրակտիկա:
Ընդունելության պահանջները
Ընդունելության քննության անցկացման ձևաչափը՝ բանավոր:
Նույն մասնագիտության (դեղագիտություն, դեղագործական քիմիա) շրջանակում ընդունելությունն անցկացվում է հարցազրույցով, իսկ հարակից մասնագիտություններ (անալիտիկ քիմիա, ֆիզքիմիա, ֆիզիկա և այլն) ընտրած դիմորդները հանձնում են մասնագիտական քննություն նախօրոք տրված հարցաշարով:
Հարցաշարը՝ «Ընդունելություն» բաժնում:
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է պատրաստել ֆարմացիայի ոլորտի խոր և համակողմանի գիտելիքներով օժտված մասնագետներ, որոնք կլինեն առողջապահական թիմի անբաժանելի անդամ և պատասխանատու կլինեն դեղորայքի ճիշտ օգտագործման ու բուժառուների անվտանգության համար, ուսանողներին օժտել մասնագիտական կարողություններով՝ ֆարմացիայի ոլորտի տարբեր ուղղություններով (դեղանյութերի սինթեզի, կառուցվածքի հետազոտման և հավաստագրման, ազդեցության մեխանիզմների ուսումնասիրման, դեղանյութերից նոր դեղաձևերի ստացման և այլն) հետազոտական գործունեությամբ զբաղվելու համար:
Առավելությունները
Ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի ներկայացնելու ֆարմացիայի վերջին նվաճումները, որոնք կիրառվում են աշխատանքում, ուսումնառության և հետազոտության գործընթացներում, ֆարմացիայի, առողջապահության և հարակից ոլորտների զարգացման ռազմավարական մոտեցումները, տեսությունները և առաջավոր սկզբունքները, գիտական հետազոտությունների, ինչպես նաև դասավանդման մեթոդների և դրանց առնչվող տեսությունների արդի մոտեցումները։
Ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի ներկայացնելու առանցքային մասնագիտական հմտություններ, որոնք անհրաժեշտ են հետազոտական ու նորարարական գործունեություն իրականացնելիս՝ ֆարմացիայի, առողջապահության և հարակից ոլորտների գիտելիքը համակցելու և նոր գիտելիք ստեղծելու, ինչպես նաև նոր և անծանոթ իրավիճակներում ֆարմացիայի տեսական ու գործնական խնդիրներ լուծելու համար, ցուցաբերելու արդյունավետ հաղորդակցման հմտություններ բուժառուների, գործընկերների, առողջապահության ոլորտի այլ մասնագետների և հանրության շրջանում՝ ապահովելով խորհրդատվության տրամադրում և տեղեկատվության տարածում:
Ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի հավաքելու, պահպանելու, մշակելու, վերլուծելու, գնահատելու, մեկնաբանելու և ներկայացնելու տեղեկատվությունը մասնագիտական բարդ խնդիրների լուծման նպատակով՝ վարժ կիրառելով համակարգչային մասնագիտացված արդի ծրագրերը, հետազոտելու, վերլուծելու և արժևորելու մասնագիտական ոլորտի հիմնախնդիրները, առաջադրելու դրանց լուծման գիտահենք արդիական մոտեցումներ, կանխատեսելու հնարավոր զարգացումները, մշակելու մասնագիտական ոլորտի գիտելիքի և պրակտիկայի ընդլայնմանը միտված նորարարական ու ստեղծագործական լուծումներ, ծավալելու մասնագիտական և գիտահետազոտական գործունեություն միջազգային ասպարեզում, ծավալելու լիարժեք և ինքնուրույն մասնագիտական գործունեություն ֆարմացիայի և առողջապահության ոլորտում՝ կիրառելով մասնագիտական խոր գիտելիքներ, կարողություններ, հմտություններ՝ դրսևորելով պատշաճ վարվելակերպ:
Ֆարմացիայի ինստիտուտում գործում են մասնագիտական ամբիոններ, որոնք հագեցած են դեղատնային և անալիտիկ ժամանակակից սարքավորումներով, կահավորված ուսումնական և ուսումնագիտական լաբորատորիաներով (դեղատնային և գործարանային տեխնոլոգիայի, դեղաբանության, դեղագրքային անալիզի, դեղագիտական քիմիայի և այլն) և աշխատասենյակներով:
Ֆարմացիայի ինստիտուտում գործող լաբորատորիաները
Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնի լաբորատորիա
Ֆարմացիայի գիտահետազոտական կենտրոն
Ֆարմակագնոզիայի ուսումնական լաբորատորիա
Ընդհանուր հիգիենայի ուսումնական լաբորատորիա
Թունաբանական քիմիայի լաբորատորիա
Դեղերի արդյունաբերական արտադրության ուսումնական լաբորատորիա
Դեղերի ներդեղատնային պատրաստման ուսումնական լաբորատորիա
Ֆարմտեխնոլոգիայի և ֆարմացիայի էկոնոմիկայի ու կառավարման ամբիոնի գիտաուսումնական լաբորատորիա
Ինստիտուտում առկա են համակարգիչներով հագեցած լսարաններ, որոնք հնարավորություն են տալիս կազմակերպելու դիդակտիկ նյութերով հագեցած դասախոսություններ, ինչպես նաև հեռուսուցմամբ առցանց դասախոսություններ:
Դասընթացների լիարժեք յուրացման համար ուսանողներին տրամադրվում են նաև էլեկտրոնային նյութեր և գրքեր, իսկ որոշ տպագիր գրքեր և ուսումնամեթոդական ձեռնարկներ ուսանողները հնարավորություն ունեն ձեռք բերելու ԵՊՀ գրադարանից և ֆարմացիայի ինստիտուտի գրասենյակից:
Պրակտիկան անցկացվում է հետևյալ կառույցներում՝ ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա ԳԱԿ» ՊՈԱԿ, ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն, ՀՀ ԳԱԱ Լ․ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ, Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ, «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ և այլն:
Կարիերայի հնարավորությունները
«Ֆարմացիա» մագիստրոսական ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել դեղագործության և դրան հարակից մասնագիտական ոլորտներում գործող կառույցներում` հանրային և հիվանդանոցային դեղատներ (դեղագետ), բժշկական հիմնարկներ (կլինիկական դեղագետ), դեղարտադրող ընկերություններ (դեղարտադրության ոլորտի որակավորված անձ, դեղագետ-տեխնոլոգ), ՀՀ առողջապահության նախարարության դեղային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչություն (գլխավոր մասնագետ, առաջատար մասնագետ, մասնագետ), ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին (դեղագետ-տեսուչ), փորձագիտական կենտրոններ (որակի հսկման և գնահատման փորձագետ, փորձագետ), դեղերի մեծածախ իրացման կազմակերպություններ (պատասխանատու դեղագետ, դեղագործական շուկայավարման մասնագետ), արտասահմանյան դեղարտադրողների հայաստանյան ներկայացուցչություններ (դեղագետ-ներկայացուցիչ, դեղերի առաջմղման մասնագետ), գիտահետազոտական հաստատություններ (հետազոտող-գիտաշխատող), կրթական հաստատություններ (դասախոս, ասիստենտ)։
Ծրագրի շրջանավարտները կարող են ուսումը շարունակել ինչպես Երևանի պետական համալսարանի ֆարմացիայի ինստիտուտի ամբիոնների, այնպես էլ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասնագիտական տարբեր ինստիտուտների ասպիրանտուրայում:
Контакты
060-710-425
pharmacy@ysu.am