ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտում կայացավ 2025-2026 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը՝ խորհրդանշելով ոչ միայն տարիների քրտնաջան աշխատանքի արժանի գնահատականը, այլև նոր հնարավորությունների, գիտական որոնումների և մասնագիտական ձեռքբերումների ճանապարհի մեկնարկը։ Ինստիտուտում վստահ են, որ շրջանավարտները իրենց գիտելիքներով, ստեղծարար մտածողությամբ և պատասխանատու աշխատանքով շարունակելու են նպաստել գիտության և տեխնոլոգիաների զարգացմանը Հայաստանում և նրա սահմաններից դուրս։
Այս տարի ինստիտուտի շրջանավարտներից 56-ն արժանացան գերազանցության դիպլոմի՝ հաստատելով, որ գիտելիքի, հետևողական աշխատանքի և նվիրումի շնորհիվ հնարավոր է հասնել բարձր արդյունքների։
Շրջանավարտներին շնորհավորեց և ողջունի խոսքով հանդես եկավ Ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Խաչատուր Ներկարարյանը՝ ընդգծելով, որ դիպլոմը ոչ միայն ուսումնառության ավարտի խորհրդանիշն է, այլև նոր պատասխանատվության և նոր հնարավորությունների սկիզբ: Դիմելով շրջանավարտներին՝ նա մասնավորապես ասաց. «Ֆիզիկան պարզապես մասնագիտություն չէ․ այն մտածողության մշակույթ է, որը սովորեցնում է հասկանալ բնության օրենքները, գտնել նոր լուծումներ և ստեղծել ապագան։ Այսօր դուք համալրում եք այն մասնագետների շարքերը, որոնց գիտելիքն ու մասնագիտական ներուժը նպաստում են մեր երկրի գիտության, բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության, էներգետիկայի զարգացմանը։ Հայաստանը միշտ ունեցել է ուժեղ գիտական ավանդույթներ, և դրանց շարունակողն այսօր դուք եք»։
Կարևորելով արհեստավարժ մասնագետների դերն ու ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետներ պատրաստելու ԵՊՀ հանձնառությունը և արդիականացված կրթական ծրագրերով ուսուցման նշանակությունը՝ տնօրենը շրջանավարտներին բարեմաղթեց մասնագիտական արդյունավետ ճանապարհ. «Ցանկանում եմ, որ ձեր գիտելիքները ծառայեն ոչ միայն անձնական հաջողություններին, այլև մեր հայրենիքի զարգացմանը: Վստահ եմ, որ ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտում ստացած կրթությունը կդառնա այն ամուր հիմքը, որի վրա դուք կկառուցեք ձեր մասնագիտական ճանապարհը՝ արժանապատվորեն ներկայացնելով ձեր համալսարանն ու ձեր հայրենիքը։
Մաղթում եմ ձեզ համարձակություն՝ բացահայտելու նորը, հաստատակամություն՝ հաղթահարելու դժվարությունները և հաջողություններ՝ գիտության միջոցով ստեղծելու ավելի ուժեղ և զարգացած Հայաստան»։
Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Տեսական և մաթեմատիկական ֆիզիկայի ամբիոնի վարիչ Արամ Սահարյանը, Միջուկային ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչ Արմեն Թումասյանը, Ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության ամբիոնի վարիչ Արսեն Բաբաջանյանը, Ֆիզիկական պրոցեսների մոդելավորման և ազդանշանների մշակման ամբիոնի վարիչ Հովհաննես Հարոյանը:
Շրջանավարտների անունից ելույթ ունեցավ Ուսանողական խորհրդի նախագահ Յուրա Դալլաքյանը՝ շնորհակալություն հայտնելով դասախոսներին, վարչական կազմին և ծնողներին ուսումնառության տարիներին ցուցաբերած աջակցության, գիտելիքի և վստահության համար և ընդգծելով, որ ինստիտուտում ձեռք բերված փորձը կուղեկցի շրջանավարտներին իրենց մասնագիտական հետագա ճանապարհին։
Շնորհավորում ենք մեր բոլոր շրջանավարտներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ, գիտական նվաճումներ և մասնագիտական արդյունավետ ուղի դեպի ապագա։ Վստահ ենք, որ ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտում ստացած գիտելիքներն ու արժեքները ուղենիշային կլինեն նրանց հետագա ձեռքբերումների համար: