ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ անցկացվեց «Իրանի գրական ժառանգությունը և Ֆիրդուսին» խորագրով գիտաժողով՝ նվիրված իրանցի մեծանուն բանաստեղծ Ֆիրդուսիին և Պարսից գրականության միջազգային օրվան:

Միջոցառման մեկնարկին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ սա Ֆիրդուսիի անվան դահլիճում անցկացվող առաջին միջոցառումն է՝ նվիրված հենց անվանի բանաստեղծին:
«Այսօր այստեղ կհնչի Ֆիրդուսիի խոսքը»,- ընդգծեց դեկանը՝ կարևորելով միջոցառման խորհրդանշական նշանակությունը:
ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին խոսեց Պարսից ծոցի անվանման հարցի մասին՝ կարևորելով այդ թեմայի արդիականությունը: Նա ընդգծեց, որ պարսկերենը մշակույթի, սիրո և զգացմունքի արտահայտման լեզու է, որը պահպանվել է դարերի ընթացքում՝ չնայած պետական հովանավորության բացակայությանը:
Իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Ոսկանյանը նշեց, որ պարսկերենը՝ որպես լեզու, ձևավորվել է յուրահատուկ պայմաններում։ Առանց պետական աջակցության՝ պարսկերենը կիրառություն է ձեռք բերել ոչ միայն պետական և կրոնական համակարգերում՝ դառնալով իսլամի երկրորդ և իրանական միստիցիզմի առաջին լեզուն, այլև որպես միջազգային հաղորդակցության լեզու։
ԻԻՀ դեսպանության մշակույթի խորհրդական Մոհամմադ Ասադի Մովահեդն իր ելույթը սկսեց «Շահնամե»-ից մեջբերմամբ՝ ընդգծելով, որ Ֆիրդուսին ոչ միայն մեծ բանաստեղծ էր, այլև պարսկերենի պահպանողը և բարոյականության պատգամաբեր՝ առասպելների ու հեքիաթների միջոցով։ Նա նշեց, որ Ֆիրդուսիի «Շահնամե»-ն ոչ միայն գրական ստեղծագործություն է, այլև ազգային ու մշակութային փաստաթուղթ՝ արտացոլելով Իրանի քաղաքական, աշխարհագրական և պատմական հիմքերը։

Գիտաժողովի ընթացքում ԵՊՀ իրանագիտության ամբիոնի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը հանդես եկավ զեկույցով՝ «Ֆիրդուսին հայոց իրականության մեջ» թեմայով: Նա ներկայացրեց հայ ժողովրդի՝ «Շահնամե»-ում առկա մշակութային տարրերը՝ մատնանշելով, որ հայ գրողները, մասնավորապես Հովհաննես Թումանյանը, մեծ հետաքրքրություն էին ցուցաբերում իրանական մշակույթի նկատմամբ:
Գիտաժողովի ընթացքում գիտական զեկուցումներով հանդես եկան ԵՊՀ իրանագիտության ամբիոնի պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչները՝ Թ. Ամրյանը, Լ. Պետրոսյանը, Գ. Միսակյանը, Ա. Առուշանյանը, Ա. Վարդանյանը, Գ. Գևորգյանը և Ա. Տոնոյանը:
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի ասիստենտ, պ․գ․թ․ Լիանա Պետրոսյանը ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի թեմատիկ ծրագրի շրջանակում հանդես եկավ «Իրանական ազգայնականության խոսույթը Ֆիրդուսիի ստեղծագործություններում» թեմայով զեկուցմամբ։

Նույն ամբիոնի դասախոս Գարիկ Միսակյանը ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ թեմատիկ ծրագրի շրջանակում հանդես եկավ ««Շահնամե»-ի պատմական և մշակութային նշանակությունը՝ որպես իրանական ազգային ինքնության խորհրդանիշ» թեմայով զեկուցմամբ։
Գիտաժողովի ընթացքում ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին և դեսպանության մշակույթի խորհրդական Մոհամմադ Ասադին ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Ոսկանյանին պարգևատրեցին պարսից լեզվի տարածման և իրանագիտության ոլորտում ունեցած ներդրման համար։
Գիտաժողովը կարևոր հարթակ էր՝ քննարկելու Ֆիրդուսիի գրական ժառանգության դերը ժամանակակից մշակութային երկխոսության շրջանակում: Միջոցառումը եզրափակվեց Ֆիրդուսիի ստեղծագործության՝ որպես ազգային և մշակութային արժեքի բարձր գնահատմամբ: