ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հրամանով Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մեդիաուսումնասիրությունների ու նշանագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար է նշանակվել բ.գ.դ., պրոֆեսոր Տիգրան Սիմյանը:
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանն այսօր տեղի ունեցած ամբիոնների համատեղ նիստում ներկայացրել է Մեդիաուսումնասիրությունների ու նշանագիտության ամբիոնի վարիչի նորանշանակ պաշտոնակատար պրոֆեսոր Տ. Սիմյանին: Նա հույս է հայտնել, որ պարոն Սիմյանն ամբիոնում կյանքի կկոչի ծրագրեր, որոնցում կներգրավվեն նաև միջազգային առաջատար համալսարանների գործընկերներ:
«Այդպես եմ կարծում, որովհետև պարոն Սիմյանը գիտնական է, որին ճանաչում և ընդունում են նաև արտերկրի հայտնի համալսարաններում»,- ընդգծեց դեկանը:
Ստորև ներկայացնում ենք Մեդիաուսումնասիրությունների ու նշանագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, նշանագետ Տիգրան Սիմյանի՝ «Journalist.am»-ին տված հարցազրույցը:
-Պարո՛ն Սիմյան, Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանի հրավերն անակնկա՞լ էր Ձեզ համար:
-Անկեղծ լինեմ՝ այո՛, թեև Ժուռնալիստիկայի ֆակուլտետում ես նոր մարդ չեմ: Տարիներ առաջ, դարձյալ պարոն Մարտիրոսյանի հրավերով, մագիստրատուրայում դասավանդել եմ «Նշանագիտություն» առարկան: Սիրով եմ հիշում իմ շփումը ապագա լրագրողների հետ, որոնցից շատերն այսօր մեդիադաշտի հայտնի անուններից են:
-Մինչ նշանակումը Դուք ԵԼՀ արտասահմանյան գրականության ամբիոնի պրոֆեսոր էիք, բայց Ձեզ ճանաչում են նաև որպես նշանագիտության հայտնի մասնագետ:
-Նշանագիտությունը, ինչպես նաև մեդիաոլորտը իմ գիտական հետաքրքրությունների տիրույթում են։ Նշանագիտությունը և դրանում մշակված մեթոդները կիրառում եմ տարբեր մեդիատեքստեր վերլուծելիս։ Մեդիան նշանային բարդ համակարգ է, որում գործառնում են ինչպես խոսքային, այնպես էլ ոչ խոսքային և տեսողական նշանները։ Իմ գիտական հետազոտությունների թիվը հասնում է մոտ 140-ի, որոնցից շուրջ 40-ը հրապարակվել են «Scopus» և «WoS» շտեմարաններում տեղ գտած հանդեսներում։ Ուրախ եմ, որ գիտական հոդվածներս հետաքրքրություն են առաջացնում արտերկրի գիտական շրջանակներում ևս: Դրա վկայությունն է իմ գիտական գործունեության ազդեցության գործակիցը (h-index 5՝ ըստ «Scopus»-ի)։
-Որպես ամբիոնի վարիչի պաշտոնակատար՝ տեսնո՞ւմ եք առաջնահերթություններ, որոնք պետք է առաջիկայում իրականացնեք։
-Անշուշտ, ունեմ ծրագրեր, որոնց մասին հակիրճ խոսեցի ամբիոնների համատեղ նիստում, այն է՝ միջազգային համագործակցություն՝ ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության ձևաչափերով, դրամաշնորհային ծրագրերի իրականացում միջազգային գործընկերների մասնակցությամբ և մեր ուսանողների ընդգրկմամբ, համագործակցության մեկնարկ Նշանագիտական հետազոտությունների միջազգային ասոցիացիայի հետ (IASS-AIS)՝ ի դեմս ասոցիացիայի պրեզիդենտ, պրոֆ․ Ժակ Ֆոնտանիլի, ինչպես նաև տարածաշրջանային այլ ասոցիացիաների ղեկավարների, անդամների հետ գործակցություն:
Նշանագիտության ասոցիացիայի գործընկերներս ոգևորված են, որ ԵՊՀ-ում ստեղծվել է Մեդիաուսումնասիրությունների և նշանագիտության ամբիոն, որի հետ պատրաստ են համագործակցել։ Կարևոր է նաև մոտ ապագայում մեդիաուսումնասիրությունների կենտրոն կամ լաբորատորիա ստեղծելու անհրաժեշտությունը ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարելիք դրամաշնորհային մրցույթների շրջանակներում։