ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում Իրավաբանական կլինիկայի հերթական սերնդին հանձնվեցին ավարտական վկայագրերը:
Իրավաբանական կլինիկայի տնօրեն Քնարիկ Վարդանյանը ներկայացրեց 2024-2025 ուստարվա հաշվետվությունը: Ըստ այդմ՝ այս տարի կլինիկական կրթությունը հաջողությամբ ավարտել է 24 ուսանող: Շնորհավորական ուղերձում Ք. Վարդանյանն ընդգծեց՝ եթե բակալավրիատի ավարտական դիպլոմը վկայում է իրավաբան դառնալու մասին, ապա Իրավաբանական կլինիկայի վկայագիրը հաստատում է, որ ուսանողն իր տեսական գիտելիքներին զուգահեռ ստացել է նաև գործնական հմտություններ, օժտված է պատասխանատվության բարձր զգացումով, ունի կարեկցելու կարողություն և մարդակենտրոն մտածողություն:

Իրավագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆ. Հարություն Խաչիկյանը, շնորհավորելով ուսանողներին, խոսեց նաև կլինիկայի մեծածավալ և որակյալ աշխատանքների մասին: Դեկանը շեշտեց, որ քաղաքացիները հաճախ են շնորհակալական խոսքեր հղում ԵՊՀ ղեկավարությանը և անձամբ իրեն, ինչը այս կառույցի աշխատանքի ամենակարևոր գնահատականն է:
Քաղաքացիական (վարչական իրավունք) դատավարության մասնագիտական խմբի համակարգող-դասախոս Տիգրան Մարկոսյանը ներկայացրեց կլինիկայի կարևորությունը ոլորտում՝ նշելով, որ այսօր այն իրավաբանական աջակցության կարևոր հենարան է պետական մարմիններից ուղղորդվող քաղաքացիների համար ևս: Նա նկատեց, որ թեև կան համապատասխան պետական կառույցներ, որոնք քաղաքացիներին տրամադրում են անվճար իրավաբանական աջակցություն, սակայն ԵՊՀ իրավաբանական կլինիկան արդեն դարձել է երկրորդ վստահելի օղակը, որի գործունեությունն արժանանում է ինչպես մասնագիտական, այնպես էլ հասարակական բարձր գնահատանքի:

Քրեական իրավունքի մասնագիտական խմբի համակարգող-դասախոս Հայկ Ալումյանը շեշտեց, որ Իրավաբանական կլինիկայի ուսանողներն այս տարի ևս մեծ աշխատանք են կատարել հատկապես Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սեփականության իրավունքի պաշտպանության նպատակով կազմված և Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ուղարկված գանգատներ կազմելու գործում: Ավելի քան 10 գանգատ է պատրաստվել, որոնց մի մասն արդեն իսկ ուղարկվել է ՄԻԵԴ և ստացել գրանցվելու վերաբերյալ հաստատումը:
Հատուկ պատվոգրերի արժանացան Իրավաբանական կլինիկայի նախորդ ուստարվա շրջանավարտներ Քնարիկ Սմբատյանն ու Մանե Մնացականյանը՝ Արցախից բռնի տեղահանված անձանց սեփականության իրավունքի պաշտպանության ուղղությամբ ՄԻԵԴ գանգատ կազմելու համար կատարած փաստահավաք լայնածավալ աշխատանքի և նվիրվածության համար։
Արարողության ավարտին իրենց երախտիքի խոսքն արտահայտեցին նաև ուսանողները՝ շնորհակալություն հայտնելով դասախոսներին և կլինիկայի ողջ անձնակազմին իրենց նվիրումի, խոր գիտելիքների և հարուստ փորձի փոխանցման համար։