ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Ա. Իսկոյանի անվան էկոլոգիական իրավունքի կենտրոնի ղեկավար, ի.գ.թ., դոցենտ Օլիմպիա Գեղամյանը սեպտեմբերին հաջողությամբ ավարտել է Լունդի համալսարանի (Շվեդիա) և Ռաուլ Վալենբերգի ինստիտուտի (RWI) կողմից իրականացվող հանրային սեկտորի նորարարության՝ «Իրավահեն կլիմայական հարմարվողականությունը Հայաստանում և Վրաստանում» մեկամյա (2024-2025 ուստարի) ծրագիրը՝ Շվեդական ինստիտուտի աջակցությամբ։

Ծրագիրը միտված էր հանրային կառավարման, կլիմայական քաղաքականության և իրավունքի ոլորտներում ամրապնդելու մասնակիցների կարողությունները մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումների ինտեգրման գործում։ Մանրամասն հիմնավորված ու բարձր արդյունավետություն ապահովող ծրագիրը հնարավորություն է տվել հայ և վրացի մասնակիցներին ամենամսյա առերես ու հեռավար քննարկումներ ունենալու Լունդի համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի մասնագետների հետ, իրականացնելու խմբային նախագծային աշխատանք:
Ծրագրի ընթացքում հայաստանյան մասնակիցների խումբը մշակել և լայն մասնագիտական հանրության (պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, գիտակրթական և մասնավոր հատվածների ներկայացուցիչներ) մասնակցությամբ քննարկել է «Իրավահեն կլիմայական հարմարվողականությունը Հայաստանում. ջրի իրավունք» վերտառությամբ զեկույցի նախագիծը։
Ջրի իրավունքը դիտարկվել է որպես անկյունաքար՝ ուսումնասիրելու Հայաստանի կլիմայական հարմարվողականության քաղաքականությունները, դրանց բացերն ու բարելավման ուղիները:
Օլիմպիա Գեղամյանը նշում է. «Հատկապես դասախոսական անձնակազմը պետք է շարունակաբար թարմացնի իր գիտելիքներն ու հմտությունները՝ քայլելով ժամանակի պահանջներին համապատասխան։ Մասնակցությունն այս կրթական ծրագրին, պրոֆեսիոնալ դասախոսների փոխանցած գիտելիքներն ու ստացած մասնագիտական զարգացման հնարավորությունը եղել են կարևոր փորձ և՛ մասնագիտական, և՛ անձնական աճի տեսանկյունից»: