2026 թվականի հունիսի 8-12-ը Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, ի.գ.թ., դոցենտ Օլիմպիա Գեղամյանը «Էրազմուս+» դասախոսական շարժունության ծրագրի շրջանակում 8 ժամ դասախոսություն է կարդացել Լեհաստանի Բիալիստոկի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողների համար։
Դասընթացի շրջանակում «Էրազմուս+» ծրագրի ուսանողների հետ քննարկվել են Հայաստանի Հանրապետության՝ բնապահպանական ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունները, բնապահպանական կոնվենցիաների շրջանակը, դրանցով ստանձնած պարտավորությունների կատարման ներկայիս վիճակը, արձանագրված հաջողություններն ու առկա մարտահրավերները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև Հայաստան–Եվրոպական միություն համագործակցությանը, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) բնապահպանական դրույթներին, ազգային օրենսդրության համապատասխանեցման և իմպլեմենտացիայի գործընթացներին, ինչպես նաև Հայաստան–Եվրոպական միություն ՀԸԳՀ-ի կիրարկման ճանապարհային քարտեզով նախատեսված բարեփոխումներին և դրանց իրականացման ընթացքին։
Այցի շրջանակում տեղի են ունեցել հանդիպումներ Բիալիստոկի համալսարանի միջազգային համագործակցության բաժնի ներկայացուցիչների, իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի պրոֆեսորի և այլ դասախոսների հետ։ Քննարկվել են երկու բուհերի միջև համագործակցության խորացման, ակադեմիական փոխանակումների ընդլայնման, համատեղ գիտահետազոտական ծրագրերի և կրթական նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները:
Օ. Գեղամյանը, բարձր գնահատելով գործընկեր համալսարանի պատրաստակամությունը, ջերմ ընդունելությունն ու համագործակցության նկատմամբ ցուցաբերած հետաքրքրվածությունը, ընդգծեց նման ծրագրերի կարևորությունը միջազգային փորձի փոխանակման, մասնագիտական գիտելիքների հարստացման և միջբուհական կապերի ամրապնդման տեսանկյունից։
Այցի ընթացքում հնարավորություն է եղել նաև ծանոթանալու Բիալիստոկի պատմամշակութային հարուստ ժառանգությանը և տարածաշրջանի տեսարժան վայրերին։ Դասախոսի համոզմամբ՝ միջազգային շարժունության ծրագրերը կարևոր դեր են խաղում ոչ միայն մասնագիտական, այլև անձնական ու մշակութային զարգացման գործում։ Նա հորդորում է գործընկերներին օգտվել միջազգային համագործակցության ընձեռած հնարավորություններից՝ ակտիվորեն մասնակցելով նման ծրագրերի։