Նախաարդիական իսլամական մոտեցումներ «դին» («կրոն») հասկացությանը
-
Նախաարդիական իսլամական մոտեցումներ «դին» («կրոն») հասկացությանը
-
Ս․թ․ օգոստոսի 26-28-ը ԵՊՀ-ում կանցկացվի «Նախաարդիական իսլամական մոտեցումներ «դին» («կրոն») հասկացությանը» խորագրով միջազգային աշխատաժողով, որի շրջանակում ուսումնասիրվելու են նախաարդիական շրջանում «դին»-ի (dīn, լայն իմաստով՝ կրոն) գաղափարը և դրա կիրառումներն արաբամուսուլմանական տարբեր իմացաբանական ավանդույթներում, քննարկվելու են «դին»-ի ընկալումը, առարկայացումը և սահմանումը հասարակական-քաղաքական, աստվածաբանական, իրավական, փիլիսոփայական և գրական համատեքստերում։
Աշխատաժողովի գլխավոր հարցը վերաբերում է դինի հատկանիշներին, որոնք արտահայտված են նախաարդիական արաբական մի շարք աղբյուրներում և դրանց իմացաբանական միջավայրերում։ Առանցքային թեմաներն ընդգրկում են «դին–դունյա» (dīn–dunyā) զույգի ուսումնասիրությունը, «կրոնի» և կառավարման (siyāsa, tadbīr), «կրոնի» և օրենքի, «կրոնի» և գիտելիքի փոխհարաբերությունը, դրանց գործառութայնացումը կայսերական և սոցիալական կարգերում, «կրոնի» դերը մասնավոր էթիկական համայնքային ոլորտներում, այլության կառուցարկման գործում և հարակից այլ թեմաներ։
Նպատակը ոչ թե «դին» հասկացության սահմանում տալն է, այլ դրա իմաստային դաշտի քարտեզագրումը՝ հնարավորություն ստեղծելով համատեքստային և պատմականացված մոտեցմամբ ավելի խորությամբ ըմբռնելու դրա բազմաշերտ իմաստները։ Այս մոտեցումն իր հերթին հնարավորություն է տալիս առավել մանրակրկիտ կերպով դիտարկելու նաև «իսլամ» կատեգորիան՝ հաղթահարելով նորմատիվ սահմանումների և էսենցիալիստական մեկնաբանությունների սահմանափակումները, ինչպես նաև վերաիմաստավորելու «կրոն» հասկացությունը, որը սովորաբար կիրառվում է որպես «դին» եզրի թարգմանություն։
Հաշվի առնելով, որ ժամանակակից գիտական քննարկումներում կրկին ակտիվացել են բանավեճերը այն մասին, թե որքանով է «կրոն» կատեգորիան առհասարակ կիրառելի իսլամի ուսումնասիրության համատեքստում, սույն գիտաժողովն առաջարկում է վերաիմաստավորել «դին» հասկացությունը (ներառյալ վերջինիս առնչվող այնպիսի եզրույթներ, ինչպիսիք են īmān, milla և այլն)՝ առաջնահերթություն տալով մուսուլմանական սկզբնաղբյուրներին և ներքին բանավեճերին։ Այս մոտեցումը նպատակ ունի բացահայտելու նշված հասկացությունների պատմական բազմազանությունն ու իմաստային նրբերանգները, ինչը հնարավորություն կտա առավել խորությամբ ըմբռնելու այդ բարդ հասկացությունների պատմական ձևափոխումներն ու զարգացումը։