Июня 03, 2025 | 13:09
Образовательные программы
Образование
Международное сотрудничество
Исследовательские работы по темам внешней политики, новые зарубежные друзья и переоценка того, что уже есть. Студентка ЕГУ об Университете Зальцбурга
Студентка ЕГУ Ирина Седракян продолжает обучение в Университете Зальцбурга (Австрия) в рамках программы "Erasmus+". В зарубежном вузе она провела ряд исследовательских работ, в частности, попыталась реалистично проанализировать китайско-американское соперничество и российско-украинскую войну. Параллельно с образованием Ирина расширила своё окружение, приобрела новых друзей - представителей разных культур. Находясь за рубежом, она отметила важность непосредственного общения с людьми и по-новому оценила армянскую культуру, а также роль и значение ЕГУ.

Իրինան Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի ուսանող է: Նա ԵՊՀ-ում ստացած գիտելիքներին զուգահեռ արտերկրի բուհում ուսումնասիրում է չորս առարկա՝ «Չինաստան-ԱՄՆ-Եվրոպական միություն. եռակողմ անկայուն հարաբերություններ 21-րդ դարում», «Քաղաքական ռեալիզմ», «Ժողովրդավարական լարվածությունը ժամանակակից հասարակություններում», ինչպես նաև «ԵՄ-ն և նրա արևելյան հարևանությունը. ինտեգրացիա, տարբերակում, վիճարկում»։
«Այս առարկաների ուսումնասիրության միջոցով խորացնում եմ ԵՄ-ի, ինչպես նաև մեր տարածաշրջանի նկատմամբ ԵՄ-ի դիրքորոշման վերաբերյալ գիտելիքներս։ Կատարելագործում եմ ժողովրդավարական հասարակությունների առջև ծառացած խնդիրների և դրանց հնարավոր լուծումների, քաղաքական ռեալիզմի տարբեր դպրոցների հայեցակարգերի և դրանց միջոցով միջազգային հարաբերությունները վերլուծելու մասին գիտելիքներս։ Ուսումնասիրել եմ ԵՄ-Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների առանձնահատկությունները և առկա նրբությունները»,- ասում է Իրինան՝ ընդգծելով, որ հնարավորության դեպքում մասնակցում է նաև համալսարանի՝ տարբեր պաշտոնյաների կամ մասնագետների հետ կազմակերպած հանդիպումներին: Ուսանողուհուն տպավորել է հատկապես ՆԱՏՕ-ում աշխատող գերմանացի գեներալի հետ հանդիպումը, որի ընթացքում ներկայացվել է ՆԱՏՕ-ի դիրքորոշումը Ռուսաստանի և Չինաստանի արտաքին քաղաքական գործընթացների վերաբերյալ։

Խոսելով Զալցբուրգի համալսարանի ենթակառուցվածքներից՝ ուսանողը նշեց, որ բավականին լայն հնարավորություններ են ընձեռվում ուսանողներին. «Յուրաքանչյուր ֆակուլտետ առանձին շենքում է և ունի իր գրադարանը՝ ապահովված ժամանակակից տեխնոլոգիաներով։ Ուսանողները կարող են օգտվել ցանկացած ֆակուլտետի գրադարանից ինչպես անցանց, այնպես էլ առցանց։ Ուսանողներին հանձնարարված գրականությունը սովորաբար հասանելի է «Blackboard» հավելվածի միջոցով, սակայն վերլուծական աշխատանք կատարելիս, այնուամենայնիվ, գրադարանից օգտվելն անհրաժեշտություն է»։
Իրինան Զալցբուրգի համալսարանում տարբեր թեմաներով և տարբեր ծավալի վերլուծություններ է կատարել։ Հատկապես մեծ ջանքեր է գործադրել քաղաքական ռեալիզմի վերաբերյալ իր հետազոտական աշխատանքը կատարելիս՝ վերլուծելով քաղաքական ռեալիզմի տարբեր դպրոցների հայեցակարգերը, նրանց նմանությունները և տարբերությունները, ինչպես նաև ներկայիս 2 կարևոր իրադարձություններ՝ Չինաստան-ԱՄՆ մրցակցությունը և ռուս-ուկրաինական պատերազմը վերլուծել է ռեալիզմի տեսանկյունից. «Կարճ հետազոտական աշխատանք եմ գրել ԵՄ-Հայաստան տնտեսական հարաբերությունների մասին և ԵՄ-Արևմտյան Բալկաններ հարաբերությունների մասին։ Ներկայումս կատարում եմ հետազոտական այլ աշխատանքներ ևս»։
ԵՊՀ ուսանողը Զալցբուրգի համալսարանում կրթություն ստանալուն զուգահեռ ընդլայնում է իր շրջապատն ու ընկերներ ձեռք բերում տարբեր մայրցամաքներից: Բազմամշակութային միջավայրը հնարավորություն է տալիս նրան ծանոթանալու տարբեր աշխարհայացքներով մարդկանց հետ, ընդլայնելու մտահորիզոնը. «Շփվելով տարբեր մարդկանց հետ՝ սովորում ես լինել հանդուրժող և համբերատար, նորովի ես նայում աշխարհում տեղի ունեցող իրադրաձություններին։ Ապրելով այլ երկրում՝ ես սովորեցի ոչ միայն գնահատել օտար երկրի մշակույթը իր լավ ու վատ կողմերով, այլև սկսեցի նորովի գնահատել հայկականը։ Շփվում եմ ամենատարբեր մարդկանց հետ բոլոր մայրցամաքներից՝ ամերիկացիներ, ավստրալացիներ, նիգերիացիներ, չինացիներ, բրազիլացիներ, գերմանացիներ, ղազախներ և ուրիշներ։ Ավստրիայից բացի՝ եղել եմ Գերմանիայում, Չեխիայում և Սլովենիայում»,- ասում է նա՝ ընդգծելով, որ տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ շփման եզրեր հեշտությամբ է գտնում. «Ուսանողական հանրակացարանում նույնպես խնդիրներ չունեմ: Բոլոր կենվորները, որոնք ինձ նման ուսանողներ են, շատ բարեհամբույր ու սիրալիր են»։
Իրինան պատմում է, որ ինքն արտերկրում լուրջ դժվարությունների չի հանդիպում, իսկ փոքր մարտահրավերները հաղթահարում է օտարազգի նոր ընկերների, ինչպես նաև անգլերենի ու դեռևս ոչ այնքան բարձր մակարդակի գերմաներենի իմացության շնորհիվ:

«Ես միշտ ցանկացել եմ կրթությունս որոշ ժամանակով շարունակել արտասահմանում, որպեսզի շփվեմ այլ մարդկանց հետ, նոր ծանոթություններ և գիտելիքներ ձեռք բերեմ և իհարկե նոր վայրեր այցելեմ։ Արտերկրի կրթության որակը կարևոր գործոն է եղել արտասահմանում կրթությունս շարունակելու համար, սակայն ավելի կարևորն ինձ համար մշակութային այլ միջավայրում ապրելն ու այլ մարդկանց հետ շփվելն էր: Վստահ եմ՝ դա ինձ կօգնի ընտրածս մասնագիտությանս հարցում: Ես ցանկանում եմ դեսպան դառնալ»,- ասում է Իրինան:
Համեմատելով ԵՊՀ-ի և Զալցբուրգի համալսարանի կրթական միջավայրերը՝ ուսանողը նշում է, որ Ավստրիայում ավելի շատ են կարևորում ինքնակրթությունը և ինքնազարգացումը: Դրա դրսևորումներից մեկն էլ այն է, որ ներկայացված առարկայացանկից ուսանողներն ունեն հնարավորություն ընտրելու գրեթե բոլոր այն առարկաները, որոնք ցանկանում են ուսումնասիրել. «Ինձ համար հետաքրքրական էր այն, որ ուսանողները կարող են բակալավրի աստիճան ստանալ ոչ թե 4 տարում, այլ ավելի ուշ կամ շուտ՝ կախված իրենց ընտրած ակադեմիական ծանրաբեռնվածությունից։ Հետաքրքիր էր նաև այն, որ բակալավրիատի ուսանողները կարող էին սովորել մագիստրոսների հետ։ Կցանկանայի, որ ԵՊՀ-ում էլ ուսանողներն ավելի շատ հնարավորություններ ունենան ընտրելու այն առարկաները, որոնք կցանկանային ուսումնասիրել։ Վստահ եմ՝ դա նպատակաուղղող արդյունավետ գործոն կլինի»։
Իրինան, ներկայացնելով արտերկրի դասախոսների՝ ուսանողների հետ շփման մոտեցումը, ընդգծում է, որ վերջիններս կարող են ուսանողների հետ լինել և՛ պաշտոնական, և՛ անմիջական. «Յուրաքանչյուր առարկա սովորաբար դասավանդվում է շաբաթական մեկ անգամ: Քանի որ հաճախակի տոների պատճառով շատ դասեր էլ բաց են թողնվում, ուստի ուսանողներն ու դասախոսները ամուր կապ մեծ մասամբ չեն ունենում։ Անշուշտ, դասախոսների հետ դասից դուրս հանդիպելու հնարավորություն կա, բայց ոչ բոլորն են պահում այդ կապը։ Ակադեմիական տարբեր պահանջմունքների պատճառով ես երբեմն դասերից դուրս դիմել եմ դասախոսներին: Նրանք միշտ պատրաստ են եղել օգնելու»:
Ուսանողուհու կարծիքով պարբերական շփումների շնորհիվ ԵՊՀ-ում դասախոս-ուսանող կապն առավել ամուր է. «ԵՊՀ ուսանողներն ավելի շատ են մասնակցում խմբային աշխատանքների, շնորհանդեսների և բանավոր քննությունների, մինչդեռ Ավստրիայում նրանք ինքնուրույն են կատարում հետազոտական աշխատանքներն ու միայն երբեմն կարիք են ունենում դասախոսի հետ խորհրդատվության»:
Իրինա Սեդրակյանը ձեռք բերած նոր գիտելիքները մտադիր է ծառայեցնելու ի շահ Հայաստանի Հանրապետության՝ օգտակար լինելով արտաքին քաղաքական ոլորտում։ Նրա կարծիքով Հայաստանին անհրաժեշտ են դիվանագետներ՝ միջազգային քաղաքական փոփոխվող իրավիճակը ճիշտ գնահատելու և ՀՀ շահերը հնարավորինս առաջ տանելու նպատակով ճկունություն ցուցաբերելու համար։
ԵՊՀ ուսանողը վստահ է, որ Զալցբուրգում ձեռք բերած գիտելիքները, ինչպես նաև ԵՊՀ-ում դեռևս շարունակվող կրթությունը կօգնեն իրեն կարիերայի հարցում։