Января 21, 2026 | 16:54
Наука
Партнеры
Образование
В ЕГУ подписан меморандум, направленный на разработку государственной языковой политики
В зале заседаний Учёного совета ЕГУ был подписан меморандум о сотрудничестве между ЕГУ и Комитетом по языку МОНКС Республики Армения. Цель меморандума – повышение научно-образовательного уровня, укрепление связей сотрудничества и поддержка разработки и реализации единой государственной языковой политики. В рамках сотрудничества планируется реализация различных программ и мероприятий, включая целевые инициативы, направленные на повышение жизнеспособности армянского языка.
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը կարևորեց հուշագրի ստորագրումը՝ ընդգծելով, որ լեզվաքաղաքականությունը և հայերենի պահպանմանն ու զարգացմանն ուղղված նախաձեռնությունները ԵՊՀ-ի համար առաջնահերթություն են։ Նրա խոսքով՝ Երևանի պետական համալսարանը՝ որպես մայր բուհ, առանձնահատուկ պատասխանատվություն ունի լեզվի մաքրության և անաղարտության պահպանման գործում։
«Հայերենը ոչ միայն հաղորդակցության միջոց է, այլև մեր ինքնության, մշակույթի և պետականության կարևորագույն հիմնասյուներից մեկը։ Այս իմաստով ԵՊՀ-ն չի կարող անմասն մնալ լեզվին առնչվող գործընթացներից և մշտապես պետք է լինի այդ քաղաքականությունների մշակման ու իրականացման ակտիվ մասնակիցը»,- նշեց նա։
Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ ժամանակակից աշխարհում լեզվական մարտահրավերները բազմազան են, և դրանց արձագանքելու համար անհրաժեշտ է գիտական, կրթական և պետական կառույցների համակարգված ու շարունակական համագործակցություն։
«Աշխարհը արագ փոխվում է, զարգանում են տեխնոլոգիաները, փոխվում են հաղորդակցության ձևերը, և մենք պարտավոր ենք այդ փոփոխություններին համահունչ ապահովել նաև հայերենի բնական զարգացումն ու կենսունակությունը»,- ընդգծեց նա։
Ռեկտորի հավելմամբ՝ Երևանի պետական համալսարանը պատրաստ է իր գիտական, մասնագիտական և մարդկային ներուժով աջակցելու լեզվաքաղաքականությանն ուղղված ծրագրերին՝ թե՛ հետազոտությունների, թե՛ կրթական նախաձեռնությունների, թե՛ հանրային իրազեկման միջոցառումների շրջանակում։ Այս համատեքստում նա մատնանշեց․ «Որպես գիտակրթական առաջատար հաստատության ներկայացուցիչներ՝ մենք գիտակցում ենք մեր պատասխանատվությունը։ Վստահ եմ, որ այս հուշագիրը նոր հնարավորություններ կստեղծի արդյունավետ և երկարաժամկետ համագործակցության համար»:
ՀՀ լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանն ընդգծեց, որ հուշագիրը Լեզվի կոմիտեի համար առանձնակի կարևոր փաստաթուղթ է, որի ստորագրումը համընկավ հենց Երևանի պետական համալսարանում Հայաստանի Հանրապետության լեզվական պետական քաղաքականության հայեցակարգի ներկայացման հետ։ Նրա խոսքով՝ մինչև հայեցակարգի մշակումը և քննարկումը արդեն իսկ կատարվել են համագործակցային աշխատանքներ համալսարանի հետ, ինչը կարևոր նշանակություն ունի։
Սիրանուշ Դվոյանը նշեց, որ ԵՊՀ-ն՝ որպես ՀՀ ամենախոշոր գիտակրթական հաստատություն, ունի մեծ ներուժ՝ պետական լեզվական քաղաքականության իրականացման գործընթացում ակտիվ դերակատարում ստանձնելու համար։
«Պետական լեզվական քաղաքականությունն իրականացվում է ոչ միայն պետական կառույցների, այլև գիտական և կրթական հաստատությունների ակտիվ ներգրավմամբ ու առանցքային դերակատարմամբ»,- ընդգծեց նա։
Լեզվական պետական քաղաքականության հայեցակարգը, ըստ Սիրանուշ Դվոյանի, առաջին անգամ հստակ ձևակերպում է քաղաքականության հիմնական ուղղվածությունները սոցիալական, մշակութային, քաղաքական և տնտեսական համատեքստերում։ Հայեցակարգի հաջորդ փուլը ծրագրերի մշակումն է, ինչը ենթադրում է համատեղ աշխատանք տարբեր հաստատությունների և մասնագիտական շրջանակների հետ։
Սիրանուշ Դվոյանը ներկայացրեց հայեցակարգի հիմնական դրույթներն ու առանցքային հատվածները, ինչից հետո ծավալվեց ակտիվ քննարկում համալսարանականների հետ՝ անդրադառնալով ոլորտին առնչվող տարբեր հարցերի։
ԵՊՀ գիտական քարտուղար Մերի Հովհաննիսյանը, կարևորելով հուշագրի կնքումը, նշեց, որ այն կարող է էական խթան դառնալ լեզվական տեխնոլոգիաների մշակման, լեզվամասնագիտական խորհրդատվության և եզրակացությունների տրամադրման, ինչպես նաև լեզվաքաղաքականության ոլորտում մասնագետների պատրաստման ուղղություններով հետագա համագործակցության համար։
Նշենք, որ հանդիպմանը մասնակցում էին ԵՊՀ ղեկավար կազմի ներկայացուցիչներ, դասախոսներ, գիտաշխատողներ և ուսանողներ։






