- Главная
- Node
- Կրթությունն ու արդյունաբերությունը՝ համագործակցության առանցքում․ ԵՊՀ-ն համագործակցության հուշագիր է կնքել
Сентября 04, 2026 | 14:00
Գործընկերներ
Հասարակություն
Կրթությունն ու արդյունաբերությունը՝ համագործակցության առանցքում․ ԵՊՀ-ն համագործակցության հուշագիր է կնքել
Երևանի պետական համալսարանն ու «Ավտո Գելլրի» փակ բաժնետիրական ընկերությունը սկսում են նոր համագործակցություն՝ միավորելով համալսարանի գիտակրթական ներուժն ու արդյունաբերական ոլորտի փորձը։ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Ավտո Գելլրի» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Գևորգ Գևորգյանը կնքեցին հուշագիր՝ նպատակ ունենալով զարգացնելու համալսարան-արդյունաբերություն համագործակցությունը գիտության, կրթության, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում։
Հուշագրի շրջանակում կողմերը նախատեսում են համատեղել համալսարանի գիտակրթական ներուժն ու «Ավտո Գելլրի»-ի ոլորտային փորձը՝ նպաստելով բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստմանը և ժամանակակից տեխնոլոգիական ուղղություններով հետազոտությունների զարգացմանը։
Համագործակցության առանցքում հատկապես էներգետիկ տեխնոլոգիաների, էներգիայի կուտակման համակարգերի, մարտկոցային տեխնոլոգիաների և էլեկտրատեխնիկական առաջադեմ լուծումների ոլորտներն են։
Նախատեսվում է նաև ստեղծել միջառարկայական կրթական մոդուլներ՝ համադրելով ֆիզիկան, նյութագիտությունը, էլեկտրոնիկան և էներգետիկ ճարտարագիտությունը։
Հուշագրի կարևոր բաղադրիչներից է ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի կոնդենսացված վիճակի ֆիզիկայի ամբիոնի «Պինդմարմնային նանոֆիզիկա և նանոնյութեր» մագիստրոսական կրթական ծրագրի ուսանողներին աջակցության տրամադրումը։ Համագործակցության շրջանակում «Ավտո Գելլրի» ընկերությունը յուրաքանչյուր տարի կփոխհատուցի առնվազն չորս ուսանողի ուսման վարձը։
Համագործակցությունը ներառում է նաև արդյունաբերության կարիքներին համապատասխան մագիստրոսական և դոկտորական հետազոտական թեմաների մշակման աջակցություն, հրավիրված դասախոսությունների ու մասնագիտացված դասընթացների կազմակերպում, համատեղ գիտական հրապարակումների պատրաստում և դրամաշնորհային առաջարկների ներկայացում։
Միաժամանակ, «Ավտո Գելլրի»-ի աշխատակիցները հնարավորություն կունենան ներգրավվելու համապատասխան մասնագիտական աշխատաժողովներում և գիտաժողովներում՝ նպաստելով համալսարանի և ոլորտի մասնագետների միջև գիտելիքի ու փորձի փոխանակմանը։
ԵՊՀ-ն իր հերթին ուսումնական ծրագրերում կներդնի նպատակային դասընթացներ և սահմանված կարգով կապահովի պրոֆեսորադասախոսական կազմի ներգրավումը դասընթացների ու համատեղ նախագծերի իրականացման գործընթացում։






