- Գլխավոր
- Նորություններ
- «Ամենամեծ ջանքը եղել է ինքս ինձ հաղթահարելը». ԵՊՀ ուսանող Արամ Գալստյանը՝ ՏՏ ոլորտի լավագույն բակալավր
Սեպտեմբեր 04, 2026 | 15:00
Կրթություն
Ուսանողական
«Ամենամեծ ջանքը եղել է ինքս ինձ հաղթահարելը». ԵՊՀ ուսանող Արամ Գալստյանը՝ ՏՏ ոլորտի լավագույն բակալավր
Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում լավագույն ուսանողների և աշակերտների ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխության 2026 թվականի արդյունքներով ԵՊՀ-ն ունի յոթ մրցանակակիր։ «Լավագույն բակալավր» անվանակարգում I կարգի մրցանակի էր արժանացել ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ուսանող Արամ Գալստյանը։ Ֆիզիկայի և ՏՏ-ի նկատմամբ հետաքրքրությունը, միջազգային կրթական ու հետազոտական ծրագրերը և գիտական տարբեր նախագծերում ձեռք բերած փորձը նրա մասնագիտական զարգացման կարևոր փուլերն են։
Թեև մրցանակը ՏՏ ոլորտում է, Արամի մասնագիտական ճանապարհը ձևավորվել է ֆիզիկայի, ինժեներական մտածողության, ծրագրավորման և գիտահետազոտական աշխատանքի խաչմերուկում։ Նրա համար մրցանակը ոչ միայն տարիների աշխատանքի գնահատական է, այլև նոր նպատակների մեկնարկ։
Ամենամեծ ջանքը եղել է ինքս ինձ հաղթահարելը․․․
Մրցույթի արդյունքը Արամի համար անսպասելի էր, թեև մրցանակին հասնելու ճանապարհը պահանջել էր տարիների աշխատանք և, ինչպես ինքն է ասում, առաջին հերթին՝ ինքն իրեն հաղթահարելու պատրաստակամություն։
«Հաղթանակն անսպասելի էր, քանի որ ակնկալիքներ չունեի։ Միաժամանակ, հարցազրույցի օրը ինձ հետ եղել են տաղանդավոր և խելացի այլ ուսանողներ, և հասկանում էի, որ մրցակցությունը շատ մեծ է։ Մյուս կողմից՝ շատ ուրախ էի, քանի որ այս մրցանակը երկար տարիների աշխատանքի ճանաչում էր»,- ասում է նա։
Սակայն հաղթանակին նախորդել էր ոչ միայն տարիների ուսումնառությունը, այլև սեփական կասկածները հաղթահարելու անհրաժեշտությունը։ Արամի համար առաջին և ամենակարևոր քայլը մրցույթին դիմելու որոշումն էր։
«Առաջին քայլը խիզախելն էր ու դիմելը։ Պետք էր հավաքել բոլոր փաստաթղթերը, վերստուգել ու հասկանալ իմ ուժեղ և թույլ կողմերը, հասկանալ՝ ինչպես կարող եմ առանձնանալ, ինչից խոսել հարցազրույցին, ինչպես ներկայանալ՝ սկսած հագուկապից մինչև հնարավոր հարցադրումները։ Կասեի՝ ամենամեծ ջանքը եղել է ինքս ինձ հաղթահարելը և ասելը, որ պետք է դիմեմ»,- պատմում է նա։
Արամը մրցանակը դիտարկում է որպես պատասխանատվություն՝ շարունակելու արդեն սկսած նախագծերն ու ծրագրերը։
«Այս մրցանակը լավագույն մոտիվացիան է իմ սկսած նախագծերն ու պլանները շարունակելու համար, քանի որ այն տալիս է բացառիկ ճանաչում այդ աշխատանքի համար։ Հիմա իմ ուսերին դրված է մեծ պատասխանատվություն՝ արժանի լինել այդ կրթամրցանակը կրողի կարգավիճակին։ Տեսնելով նախորդ տարիների հաղթողների ներկայիս հաջողությունները՝ կարող եմ ասել՝ դեռ շատ անելիք ունեմ»,- նշում է Արամը։
Ֆիզիկայից դեպի տեխնոլոգիաներ․․․
Արամը սովորում է ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի «Ֆիզիկա» բակալավրի կրթական ծրագրի 4-րդ կուրսում։ Մասնագիտական ընտրությունը նրա համար նաև տրամաբանական շարունակություն էր ավագ դպրոցում ստացած ինժեներական կրթության։
«Ընդունվելուց առաջ տատանվում էի մի քանի ուղղությունների միջև, բայց ընտրությունը վերջնական հանգեց ֆիզիկայի վրա, քանի որ այն Պոլիտեխնիկի ավագ դպրոցի ինժեներական բաժնի տրամաբանական շարունակությունն էր»,- պատմում է նա։
Տեղեկատվական տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրությունն էլ ավելի վաղ է ձևավորվել՝ դեռևս ավագ դպրոցում։ Այդ տարիներին Արամը հնարավորություն է ունեցել ուսումնասիրելու ռոբոտաշինություն, էլեկտրոնիկա, հեռահաղորդակցություն և ծրագրավորում։ Այսօր այդ հետաքրքրությունները միավորվում են նրա գիտահետազոտական աշխատանքի շրջանակում։ Արամը իր նախագծերից մեկն իրականացրել է Ուփսալայի համալսարանում (Շվեդիա)։ Այնտեղ նա աշխատել է մասնիկներից եկող ազդանշանների դասակարգման ուղղությամբ՝ կիրառելով նեյրոնային ցանցեր։
Միջազգային փորձը՝ նոր գիտելիքներից մինչև ինքնուրույնություն․․․
Արամի ուսումնական և մասնագիտական ձեռքբերումների շարքում առանձնահատուկ տեղ ունեն արտերկրում իրականացրած ծրագրերը։ Նա մասնակցել է «Էրազմուս+» փոխանակման երկու ծրագրերի՝ սովորելով Նովա Գորիցայի (Սլովենիա) և Ուփսալայի (Շվեդիա) համալսարաններում։ Բացի դրանից՝ մասնակցել է կարճաժամկետ հետազոտական ծրագրի Նոթր Դամի համալսարանում (ԱՄՆ), որտեղ աշխատել է Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի նախկին տնօրեն Անի Ապրահամյանի հետ։
«Արտերկրի ծրագրերն առանձնահատուկ են նրանով, որ հնարավորություն են տվել ընդլայնելու իմ մտահորիզոնը, կազմակերպվելու՝ միայնակ ապրելով օտար միջավայրում, ծանոթանալու այլ մշակույթների և, միաժամանակ, մյուսներին ներկայանալու որպես հայ ուսանող»,- նշում է նա։
Արամի համար միջազգային փորձը միայն մասնագիտական գիտելիքի ձեռքբերում չէ։ Այն նաև ինքնուրույնություն ձեռք բերելու, նոր միջավայրում կողմնորոշվելու և տարբեր մշակույթների ներկայացուցիչների հետ հաղորդակցվելու հնարավորություն է։
ԵՊՀ-ն՝ գիտելիքի և մարտահրավերների միջավայր․․․
Ըստ Արամի՝ իր մասնագիտական ձևավորման գործում ԵՊՀ-ն առանցքային դերակատարում է ունեցել։
«ԵՊՀ-ն ինձ տվել է հիմնարար գիտելիք, որը անհրաժեշտ է եղել իմ բոլոր փորձառություններում։ ԵՊՀ-ն եղել է այն վայրը, որտեղ ծանոթացել եմ մարդկանց, ուսանողների և մասնագետների հետ, որոնք օգնել են ինձ ձևավորելու իմ ներկայիս անձը, միշտ փորձելու մտածելակերպը, ուսման նկատմամբ սերը»,- ասում է նա։
Միևնույն ժամանակ, համալսարանական տարիները միշտ չէ, որ հեշտ են եղել։ Քննություններից առաջ լարվածությունը, կարևոր նախագծերի ներկայացումները և դրանց հետ կապված դժվարությունները Արամի ուսանողական կյանքի անբաժան մասն են։
«ԵՊՀ-ն նաև այն վայրն է, որտեղ ես ապրել եմ բարդ օրեր՝ թե՛ քննություններից, թե՛ կարևոր նախագծերի ներկայացումից առաջ։ Սակայն հենց այս մարտահրավերներն են ինձ լավագույնս պատրաստել ներկայանալու միջազգային հարթակում»,- ընդգծում է նա։
Համալսարանական ամենահիշարժան փորձառություններից Արամը առանձնացնում է նաև Ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) շրջանակում կազմակերպական աշխատանքը։ Նրա խոսքով՝ ՈՒԳԸ-ն իր համար միայն գիտության մասին չէ․ հենց ՈՒԳԸ-ականների հետ են անցել ուսանողական տարիների լավագույն պահերից շատերը։
Արամի համար առանձնահատուկ հիշողություն է առաջին կուրսի ավարտին իր կազմակերպած պանելային քննարկումը, որի ընթացքում կրթության թեմայով քննարկման էր հրավիրել ոլորտի մասնագետների։
«Ինձ համար շատ տպավորիչ էր գիտակցել, որ կարողացել եմ հավաքել բոլոր մասնակից ուսանողներին»,- պատմում է նա։
Հաջողակ ՏՏ մասնագետը պետք է կարողանա լուծում գտնել, երբ ելքը տեսանելի չէ․․․
Խոսելով ՏՏ ոլորտում հաջողելու համար անհրաժեշտ հատկանիշների մասին՝ Արամը կարևորում է ոչ միայն տեխնիկական գիտելիքը, այլև ստեղծագործական մտածողությունը։
«Մի բան, որ առանձնացնում է ՏՏ ոլորտի մասնագետներին, «արկղի սահմաններից դուրս» մտածելն է։ Հաջողակ մասնագետը պետք է կարողանա լուծում տալ անգամ այն դեպքերում, երբ ելքը տեսանելի չէ։ Հաճախ տեխնիկական խոր գիտելիքները այս դեպքերում բավարար չեն լինում, և մասնագետին օգնության է գալիս ստեղծագործ մտածողությունը»,- ասում է նա։
Արամի կարծիքով՝ հենց այդ պատճառով էլ ՏՏ ոլորտի շատ մասնագետներ կարողանում են հաջողությամբ դրսևորել իրենց նաև այնպիսի ոլորտներում, որտեղ ի սկզբանե չունեն հիմնարար գիտելիքներ։
Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման ներկայիս տեմպերը նա գնահատում է դրական՝ նշելով, որ Հայաստանը տարածաշրջանում ՏՏ ոլորտի խոշոր կենտրոններից է և շարունակում է ընդլայնել իր հնարավորությունները։
«Լինելով տվյալ ոլորտի ուսանող՝ կարող եմ ասել, որ Հայաստանը բացում է բազում դռներ, որոնք կարող են հեռանկարային լինել»,- նշում է նա։
Հաջորդ կանգառը՝ նոր հետազոտություններ․․․
Արամի առաջիկա ծրագրերը բավականին հագեցած են։ Դրանցից մի քանիսը սկսել են արդեն այս ամառվանից։ Նա դիմել է մի շարք ամառային դպրոցների և կարճաժամկետ հետազոտական ծրագրերի, որոնցից երկուսի համար ստացել է ամբողջական ֆինանսավորմամբ մասնակցության հրավեր։ Դրանցից մեկը ֆիզիկայի ամառային դպրոցն էր Լյուբլյանայի համալսարանում (Սլովենիա), մյուսը՝ Մեքենայական ուսուցման ամառային դպրոցը Պետնիցայի գիտական կենտրոնում (Սերբիա):
Ավելի երկարաժամկետ նպատակներից մեկն էլ հետազոտական նոր աշխատանք սկսելն է՝ հետագայում այն հրապարակելու հեռանկարով։ Այժմ Արամը բիոֆիզիկայի ոլորտում է մասնագիտանում՝ համապատասխան կրթական ծրագրի շրջանակում։
Նա չի բացառում նաև միջազգային ակադեմիական հնարավորությունները, սակայն երկարաժամկետ նպատակն իր գիտելիքն ու հմտությունները Հայաստանին ծառայեցնելն է։
«Արտերկրում սովորելուց հետո հնարավորություն եմ ունեցել ծանոթանալու մի շարք գիտնականների հետ, որոնք անում են նմանը չունեցող, արդի ու ինովացիոն հետազոտություններ ֆիզիկայի և հարակից ոլորտներում։ Այդպիսի մարդկանց գիտական ղեկավարությամբ աշխատելը շատ մեծ պատիվ կլինի։ Սակայն գերնպատակս է ավարտելուն պես վերադառնալ Հայաստան և ծառայեցնել իմ գիտելիքն ու հմտությունները հենց մեր երկրի համար»,- ընդգծում է Արամը։
Արդյունքները միանգամից չեն լինում․․․
Արամի խորհուրդը ՏՏ ոլորտում հաջողության հասնել ցանկացող ուսանողներին պարզ է՝ չդադարել փորձելուց և համբերություն ունենալ։
«Արդյունքները միանգամից չեն լինում, բայց անընդհատ փորձելու դեպքում անպայման կհաջողեք։ Անհրաժեշտ է դուրս գալ այն կարծրատիպի սահմաններից, թե ոմանց տրված չէ մաթեմատիկական մտածողություն։ Ամեն ինչի հիմքում ջանք գործադրելն է»,- շեշտում է նա։
ԵՊՀ ուսանողի համոզմամբ՝ համալսարանական կրթությունը պետք է դիտարկել որպես գիտելիքի հիմք, որի վրա ուսանողն ինքնուրույն պետք է կառուցի իր մասնագիտական ճանապարհը։
«Խորհուրդ կտամ չսահմանափակվել համալսարանական կրթությամբ, քանի որ այն միայն ձեր գիտելիքի հիմնաքարն է, որի վրա դուք պետք է կառուցեք ձեր ապագան։ Տեխնիկական հմտություններից զատ՝ խիստ կարևոր են փափուկ հմտությունները՝ լեզուների իմացությունը, հաղորդակցման հմտությունները, որոնք ոչ պակաս կարևոր են ՏՏ ոլորտում հաջողելու համար»,- ընդգծում է նա։