- Главная
- Node
- Տարբեր երկրներից ժամանած գիտնականները ԵՊՀ-ում քննարկում են մաթեմատիկական ֆիզիկայի արդի խնդիրները
Сентября 07, 2026 | 15:30
Կոնֆերանսներ
Միջազգային համագործակցություն
Միջոցառումներ
Տարբեր երկրներից ժամանած գիտնականները ԵՊՀ-ում քննարկում են մաթեմատիկական ֆիզիկայի արդի խնդիրները
Մաթեմատիկական ֆիզիկայի ոլորտում կիրառվող նոր մեթոդներն ու հետազոտական արդի խնդիրները մեկ հարկի տակ են համախմբել աշխարհի տարբեր երկրների գիտնականներին։ ԵՊՀ-ում մեկնարկել է «Ստոխաստիկ և անալիտիկ մեթոդները մաթեմատիկական ֆիզիկայում» միջազգային 12-րդ գիտաժողովը, որի շրջանակում քննարկվում են մաթեմատիկայի և ֆիզիկայի հատման տիրույթում կատարվող ժամանակակից հետազոտությունները և նոր համագործակցությունների հնարավորությունները։
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ու ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի համագործակցությամբ կազմակերպված գիտաժողովի քննարկման հիմնական թեմաներն առնչվում են դասական և քվանտային վիճակագրական ֆիզիկային, քվանտային դինամիկային, քվանտային մեխանիկայի մաթեմատիկական մեթոդներին, ինչպես նաև կետային պրոցեսների կիրառություններին վիճակագրական ֆիզիկայում։
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան Արթուր Սահակյանն ընդգծեց, որ ավանդական այս միջոցառումն առաջին անգամ է անցկացվում համատեղ ձևաչափով․ մինչ այս գիտաժողովի գլխավոր կազմակերպիչը ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտն է եղել։
«Այս հեղինակավոր գիտաժողովի առանցքային թեման ստոխաստիկ (հավանականային) մեթոդների կիրառությունն է մաթեմատիկական ֆիզիկայում, ինչը արդիական և պահանջված ուղղություն է։ Դրա կարևորությունը պայմանավորված է կիրառական ուղղվածությամբ, քանի որ այն ֆիզիկայի և մաթեմատիկայի հատման տիրույթում է»,- նշեց Արթուր Սահակյանը։
Կարևորելով միջոցառման անցկացումը՝ դեկանը հույս հայտնեց, որ գիտաժողովը հնարավորություն կտա ընդլայնելու արդեն իսկ առկա համագործակցությունը, ինչպես նաև հաստատելու գործընկերային նոր կապեր աշխարհի առաջատար հետազոտական կենտրոնների գիտնականների հետ։
Գիտական միջոցառման շրջանակում ներկայացվում է ավելի քան 30 զեկուցում, որոնց հեղինակների մեծ մասը արտերկրի առաջատար հետազոտողներ են։ Գիտաժողովին մասնակցում են մասնագետներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Չինաստանից, Ռուսաստանից, Նիդեռլանդներից, Իտալիայից, Լեհաստանից, Բելգիայից, Շվեյցարիայից, Չեխիայից, Ավստրիայից և Հայաստանից։
Ուորիքի համալսարանի մաթեմատիկայի բաժնի հետազոտող Դանիել Ուելչը խոսեց քվանտային սպինային համակարգերի երկրաչափական անհավասարություններից: Նա ներկայացրեց քվանտային սպինային համակարգերում սպինների միջև կորելյացիաների ուսումնասիրման խնդիրները՝ ընդգծելով, որ անգամ հայեցակարգային առումով պարզ մոդելները կարող են բավականին բարդ լինել հետազոտման տեսանկյունից։ Նա անդրադարձավ նաև դասական Իզինգի մոդելին և դրա կապին քվանտային XY մոդելի հետ՝ ներկայացնելով այս համակարգի համար ստացված արդյունքներ՝ կապված կորելյացիոն անհավասարությունների ապացուցման հետ։
ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը գիտաժողովի շրջանակում կներկայացնի «Ֆինանսական փուչիկների վերլուծության ստոխաստիկ մոդելները, ազատ սահմանները և թվային մեթոդները» թեմայով զեկուցում: Այն նվիրված է սպեկուլյատիվ ֆինանսական փուչիկների մոդելավորմանը՝ ներդրողների միջև տարաձայնությունների զարգացումը Լևիի թռիչքային գործընթացներով ներկայացնելու միջոցով։ Հետազոտության շրջանակում կիրառվում են օպտիմալ դադարեցման տեսությունը և Իտո–Լևիի հաշվարկը, մշակվում է վիսկոզային լուծումների տեսական շրջանակ և կառուցվում թվային սխեմա, իսկ թվային փորձերով ուսումնասիրվում է թռիչքների ազդեցությունը փուչիկի դինամիկայի և օպտիմալ առևտրային ռազմավարությունների վրա։
Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտող Ալեքսանդր Ֆիգոտը կանդրադառնա «Մոդուլացված LC շղթայի Ֆլոկեի տեսությունը․ շղթայական կոտորակների և Կրեյնի տեսության վրա հիմնված ուսումնասիրություն» թեմային, որը նվիրված է ունակության ներդաշնակ մոդուլացմամբ անկորուստ LC շղթայի պարամետրական կայունության ուսումնասիրմանը՝ Ինսի հավասարման և մի շարք դասական մաթեմատիկական մեթոդների կիրառմամբ։ Աշխատանքում ներկայացվում են կենտ և զույգ ռեզոնանսների դեպքում անկայունության լեզուների ձևավորման առանձնահատկությունները, կայունության սահմանների ասիմպտոտիկ արտահայտությունները և պարբերական Ֆլոկեի գործոնի կառուցողական նկարագրությունը։
Դարմշտադտի տեխնիկական համալսարանի հետազոտող Ֆոլկեր Բեցի ուսումնասիրությունը նվիրված է «Կոմպլեքս սպինային համակարգեր» թեմային: Նրա աշխատանքում դիտարկվում է, թե ինչպես կարող են քվանտային սպինային համակարգերի անդրադարձային դրականության գնահատականներն օգտագործվել որոշ գրաֆիկական մոդելներում հեռավոր կարգի գոյությունը ցույց տալու համար։
Գիտաժողովի ծրագրում ընդգրկված են նաև էլիպտիկ համակարգերի թվային ալգորիթմներին, Ֆունկի փոխակերպման հակադարձմանը, միջին դաշտի խաղերին, Նավիե-Ստոքսի հավասարումների գլոբալ կանոնավորության խնդրին, ինչպես նաև անվերջ ծավալի համակարգերի վիճակագրական ֆիզիկային վերաբերող զեկուցումներ։
Նշենք, որ գիտաժողովը կշարունակվի մինչև սեպտեմբերի 12-ը։