- Главная
- Node
- Մեկ թվային քարտ՝ ԵՊՀ-ից մինչև աշխարհի ավելի քան 130 երկիր․ առաջինկուրսեցիները ստացել են ISIC քարտեր
Сентября 10, 2026 | 15:00
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Ուսանողական
Մեկ թվային քարտ՝ ԵՊՀ-ից մինչև աշխարհի ավելի քան 130 երկիր․ առաջինկուրսեցիները ստացել են ISIC քարտեր
ԵՊՀ առաջինկուրսեցիների ուսանողական կյանքում այս տարվանից ևս մեկ թվային գործիք կա․ նրանց տրամադրվել են ISIC (International Student Identity Card) միջազգային ուսանողական նույնականացման թվային քարտեր։ Դրանք հնարավորություն են տալիս օգտվելու ԵՊՀ-ում հասանելի որոշ ծառայություններից, իսկ համալսարանից դուրս՝ հաստատելու ուսանողի կարգավիճակը միջազգային մակարդակում և օգտվելու աշխարհի տարբեր երկրներում գործող ուսանողական առաջարկներից ու արտոնություններից։
Ի՞նչ է ISIC-ը
ISIC-ը ստեղծվել է 1953 թվականին, իսկ 1968 թվականից պաշտոնապես հավանության է արժանացել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից։ Այն միջազգայնորեն ընդունված քարտ է, որը հաստատում է ուսանողի կարգավիճակը աշխարհի ավելի քան 130 երկրներում։
ISIC քարտապանները միանում են միջազգային համակարգին և ստանում հասանելիություն ուսանողական հազարավոր առաջարկների ու ծառայությունների ինչպես իրենց երկրում, այնպես էլ արտերկրում։
Ի՞նչ հնարավորությունների մասին է խոսքը
ISIC միջազգային համակարգի առաջարկները ներառում են ուսանողական կյանքի բազմաթիվ ուղղություններ՝
ճանապարհորդություն և տրանսպորտ՝ ավիատոմսեր, ավտոբուսային և տրանսպորտային այլ ծառայություններ, ճամփորդական առաջարկներ,
կացություն՝ հյուրանոցներ և ուսանողական կացարաններ,
կրթություն և մասնագիտական զարգացում՝ կրթական ծառայություններ, լեզուների ուսուցում, քննությունների և մասնագիտական ծրագրերի հետ կապված առաջարկներ,
մշակույթ և ժամանց՝ թանգարաններ, ցուցահանդեսներ, տեսարժան վայրեր, միջոցառումներ և ժամանցային ծառայություններ,
տեխնոլոգիաներ և գնումներ՝ տեխնիկա, թվային ծառայություններ, առցանց խանութներ և այլ ապրանքներ,
սնունդ, սպորտ և առօրյա ծառայություններ, ուսանողների համար նախատեսված հատուկ պայմաններ ու զեղչեր։
ISIC-ի միջազգային գործընկերների և առաջարկների ցանցում ներկայացված են, օրինակ, «FlixBus»-ը, «Samsung»-ը, «Booking.com»-ը, «Emirates»-ը, «British Council»-ը, «McDonald’s»-ը, «Intrepid»-ը և մի շարք այլ հայտնի կազմակերպություններ ու բրենդներ։
Կոնկրետ առաջարկները, զեղչերի չափերը և դրանց կիրառման պայմանները կարող են տարբեր լինել՝ ըստ երկրի և ժամանակահատվածի։ Այդ պատճառով տվյալ պահին հասանելի հնարավորություններն առավել նպատակահարմար է ստուգել հենց ISIC բջջային հավելվածի միջոցով։
Բոլոր առաջարկները՝ հեռախոսում
ԵՊՀ առաջինկուրսեցիներին տրամադրված ISIC քարտերը թվային են և հասանելի են ISIC բջջային հավելվածում։
Հավելվածը հնարավորություն է տալիս հեռախոսում ունենալու թվային ուսանողական քարտը և որոնելու տարբեր երկրներում հասանելի ուսանողական առաջարկները։ Ուսանողները կարող են քարտեզի միջոցով գտնել մոտակայքում գործող առաջարկները, դիտել դրանք՝ ըստ կատեգորիաների, պահպանել նախընտրած տարբերակները, օգտվել հատուկ վաուչերներից և տեղեկանալ նոր կամ սահմանափակ ժամկետով առաջարկների մասին։
Թվային քարտի միջոցով հնարավոր է հաստատել ուսանողի կարգավիճակը նաև առանց ինտերնետային կապի։
Այս հնարավորությունը հատկապես օգտակար է միջազգային շարժունության ծրագրերի, ուսանողական փոխանակումների, պրակտիկաների, գիտաժողովների կամ պարզապես արտերկիր ճանապարհորդելու ընթացքում, երբ անհրաժեշտ է արագ հաստատել ուսանողի կարգավիճակը և օգտվել տվյալ երկրում գործող ուսանողական պայմաններից ու առաջարկներից։
Իսկ ի՞նչ է տալիս քարտը հենց ԵՊՀ-ում
ISIC-ը միաժամանակ դառնում է նաև համալսարանական թվային գործիք։
Քարտերը ներառում են ուսանողի նույնականացման համար անհրաժեշտ տվյալներն ու անհատական կոդը։ Դրա միջոցով ԵՊՀ առաջինկուրսեցիներն արդեն կարող են օգտվել Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի ծառայություններից։
Նախատեսվում է աստիճանաբար ընդլայնել քարտի կիրառությունը՝ այն ինտեգրելով ԵՊՀ այլ թվային համակարգերին ու ծառայություններին։
ԵՊՀ ուսանողական քարտը՝ ավելի լայն հնարավորություններով
ISIC-ի ներդրմամբ առաջինկուրսեցու թվային քարտը միայն համալսարանում ուսանողին նույնականացնելու միջոց չէ։
Մի կողմից՝ այն ԵՊՀ ներքին ծառայություններից օգտվելու գործիք է, մյուս կողմից՝ միջազգային ուսանողական նույնականացման քարտ, որը հնարավորություն է տալիս հաստատելու ուսանողի կարգավիճակը նաև համալսարանից դուրս՝ Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում։
Քարտն ակտիվացնելու համար առաջինկուրսեցիները ստանում են անհրաժեշտ տեղեկություններն ու անհատական տվյալները, որոնց միջոցով կարող են գրանցվել ISIC բջջային հավելվածում։
Հավելվածում հասանելի առաջարկները շարունակաբար թարմացվում և համալրվում են, իսկ ուսանողները կարող են ցանկացած պահի ստուգել տվյալ պահին և տվյալ վայրում իրենց համար հասանելի հնարավորությունները։
Մեկ թվային քարտ՝ համալսարանական ծառայություններից օգտվելու, միջազգային ուսանողական կարգավիճակը հաստատելու և աշխարհի տարբեր երկրներում ուսանողական հնարավորություններից օգտվելու համար։