- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ում մեկնարկել է քաղաքացիական ծառայողների հմտությունների զարգացման ծրագիրը
Սեպտեմբեր 10, 2026 | 10:00
Կարիերա
Հասարակություն
Շարունակական կրթություն
ԵՊՀ-ում մեկնարկել է քաղաքացիական ծառայողների հմտությունների զարգացման ծրագիրը
ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնում մեկնարկել է քաղաքացիական ծառայողների հմտությունների (կոմպետենցիաների) զարգացման լայնամասշտաբ ծրագիրը, որի շրջանակում պետական համակարգի աշխատակիցները կզարգացնեն խնդիրների լուծման, կոնֆլիկտների կառավարման և բանակցությունների վարման հմտությունները։ Այս տարի վերապատրաստման դասընթացներն անցկացվում են 14 խմբում։
Վերապատրաստմանը մասնակցում են ՀՀ վարչապետի աշխատակազմի, տարբեր նախարարությունների, մարզպետարանների, գլխավոր դատախազության, քննչական կոմիտեի, էկոպարեկային ծառայության և պետական այլ կառույցների մասնագետներ ու ստորաբաժանումների աշխատակիցներ։
ԵՊՀ միջազգային կապերի, զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, ողջունելով վերապատրաստման մասնակիցներին, ընդգծեց նրանց դերը պետական կառավարման համակարգի արդյունավետության և երկրի զարգացման գործում։
«Դուք մեր պետական կառավարման համակարգի առանցքը կազմող մարդիկ եք, և եթե դուք եք զարգացնում խնդիրների լուծման ձեր կարողությունները, մեր պետությունն ավելի արագ զարգանալու հնարավորություններ է ունենում»,- նշեց Միքայել Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ ԵՊՀ-ն, իրականացնելով իր հանրային առաքելությունը, կարևորում է նաև պետական համակարգի ներկայացուցիչների մասնագիտական և անձնային զարգացումը։ Պրոռեկտորը հույս հայտնեց, որ մասնակիցները ծրագրի շրջանակում ձեռք կբերեն ոչ միայն տեսական, այլև գործնական գիտելիքներ։
Վերապատրաստման մեկնարկը տրվեց «Խնդրի լուծում» դասընթացով, որը վարեց ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դասախոս Սերոբ Խաչատրյանը: Անդրադառնալով ժամանակակից բարդ խնդիրներին՝ նա ասաց․ «Մեր կյանքը սկզբից մինչև վերջ խնդիրների շարք է, և հաճախ դրանք շատ ավելի բարդ են, քան մաթեմատիկական խնդիրները»։
Ըստ բանախոսի՝ կարևոր է հրաժարվել այն մոտեցումից, թե բոլոր հարցերն ակնթարթորեն լուծելի են, և տոկունություն ցուցաբերել։
«Հասարակական շատ խնդիրներ կան, որոնց լուծումներն առ այսօր գտնված չեն: Պարզ խնդիրները պարտադիր պետք է լուծվեն: Զարգացում նշանակում է պարզ խնդիրներից գնալ դեպի ավելի բարդ խնդիրներ: Եվ որքան բարդ են հասարակության խնդիրները, այնքան այդ հասարակությունը զարգացած է: Սակայն մենք պետք է սովորենք նաև ապրել չլուծված ու չլուծվող խնդիրների հետ»,- նշեց նա։
Սերոբ Խաչատրյանը մատնանշեց, որ պետական և մասնավոր ոլորտի աշխատակիցների համար առաջնային է խնդիրները նկատելու ունակությունը․ «Ամենակարևոր հմտություններից մեկը խնդիրը տեսնելն է»։
Նա հիշատակեց նաև, որ «Աշխատատեղերի ապագան» զեկույցի շրջանակում երկու տարին մեկ հրապարակվում է գործատուների շրջանում անցկացված հարցումների հիման վրա կազմված աշխատաշուկայի ամենապահանջված 10 հմտությունների ցանկը։
«2025 թ. վերջին հարցման արդյունքներով 10 հմտություններից 3-ը կապված են խնդիրների հետ»,- կարևորելով թեման՝ հավելեց նա:
ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի քաղաքացիական ծառայողների վերապատրաստումների պատասխանատու Ասյա Աղասյանի փոխանցմամբ՝ նախորդ տարվա 8 խմբի համեմատ այս տարի խմբերի քանակը հասել է 14-ի՝ հաշվի առնելով պետական համակարգի մեծ պահանջարկն ու դրական արձագանքները։ «Կոնֆլիկտների կառավարում» դասընթացին այս տարի կմասնակցի 177 մասնակից (7 խումբ), «Բանակցությունների վարում» դասընթացին՝ 117 մասնակից (5 խումբ), «Խնդրի լուծում» դասընթացին՝ 63 մասնակից (2 խումբ)։ Ըստ նրա՝ վերապատրաստման ծրագրերի շրջանակում ձևավորվել են նաև քաղծառայողների մասնագիտական վերապատրաստման հեռավար խմբեր:
«Վերապատրաստման ծրագրերն իրականացվում են ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կազմակերպած մրցույթների արդյունքում։ Համալսարանը վերոնշյալ գրասենյակի հետ համագործակցում է դեռևս 2002 թվականից՝ իրականացնելով տարբեր ծրագրեր»,- ասաց Ասյա Աղասյանը:
Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման դասընթացներն անցկացնում են փորձառու մասնագետներ։ «Խնդրի լուծում» դասընթացը վարում է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դասախոս Սերոբ Խաչատրյանը, «Բանակցությունների վարում» դասընթացը՝ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դասախոս Հայարփի Սահակյանը, իսկ «Կոնֆլիկտների կառավարում» դասընթացը՝ կոնֆլիկտաբան, մարդու իրավունքների մասնագետ Լուսինե Քոսակյանը։
Մասնակիցները դասընթացների շրջանակում անցնելու են թեստային ստուգարքներ, որոնց արդյունքում կստանան եռամյա վերապատրաստման համար անհրաժեշտ կրեդիտներ։
Դասընթացները կշարունակվեն մինչև ս․թ․ դեկտեմբերի 10:


