- Главная
- Node
- Նոր նպատակներ, նոր առաջնահերթություններ. Հովհաննես Հովհաննիսյանը վերընտրվել է ԵՊՀ ռեկտոր
Сентября 11, 2026 | 12:42
Հասարակություն
Քաղաքականություն
Նոր նպատակներ, նոր առաջնահերթություններ. Հովհաննես Հովհաննիսյանը վերընտրվել է ԵՊՀ ռեկտոր
Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում Հովհաննես Հովհաննիսյանը վերընտրվել է ԵՊՀ ռեկտոր։
Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի որոշման համաձայն՝ պատմական գիտությունների դոկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հինգ տարի ժամկետով կշարունակի ղեկավարել Հայաստանի մայր բուհը՝ համալսարանի կրթական, գիտական և միջազգային զարգացման գործընթացների առաջմղման նոր առաջնահերթություններով։
ԵՊՀ ռեկտորի պաշտոնի համալրման մրցութային ընտրության շրջանակում սահմանված կարգով դիմում և անհրաժեշտ փաստաթղթեր էր ներկայացրել մեկ հավակնորդ՝ ԵՊՀ գործող ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստում քննարկվել է ռեկտորի ընտրության հարցը։ Նիստի ընթացքում ներկայացվել են մրցութային գործընթացի կարգը, ինչպես նաև ռեկտորի պաշտոնի հավակնորդ Հովհաննես Հովհաննիսյանի կենսագրությունն ու ներկայացրած փաստաթղթերը։
ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը լսեց Հովհաննես Հովհաննիսյանի ելույթը։ Ներկայացնելով իր ծրագիրը՝ նա նշեց, որ առաջիկա տարիների զարգացման ծրագիրը նախորդ հինգ տարիների ընթացքում կատարված աշխատանքների տրամաբանական շարունակությունն է, որը միաժամանակ ներառում է նոր մարտահրավերներին և փոփոխվող միջավայրին համապատասխան առաջնահերթություններ ու զարգացման նոր ուղղություններ։
Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ ներկայացված զարգացման ծրագիրը համահունչ է ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թթ․ ռազմավարական ծրագրին, կրթության՝ մինչև 2030 թ․ զարգացման պետական ծրագրին, բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքին և 2025-2030 թթ․ զարգացման ռազմավարությանը։
«Ծրագրի ամենակարևոր ուղղություններն են ուսանողների հաջողությունը, կրթական ծառայությունների շրջանակի ընդլայնումը, գիտական արդյունքը, արդյունավետ վարչարարությունը և տվյալահենք կառավարումը։ Այսօր շատ է խոսվում տվյալահենք կառավարման մասին։ Մենք այս ընթացքում բավական շատ էլեկտրոնային գործիքներ ենք ստեղծել, որոնք հնարավորություն են տալիս ավելի արագ հասանելիություն ունենալու տվյալներին, բայց այստեղ ևս դեռևս մեծածավալ աշխատանք ունենք անելու»,- շեշտեց Հովհաննես Հովհաննիսյանը՝ անդրադառնալով նաև արհեստական բանականության զարգացումներին։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին այս ոլորտը դարձել է համալսարանի զարգացման կարևոր ուղղություններից մեկը։
Հովհաննես Հովհաննիսյանն անդրադարձավ նաև միջազգային համագործակցության ընդլայնմանը՝ նշելով, որ ՀՀ Կառավարության ծրագրով նախատեսվում է Հայաստանի կրթական համակարգում ընդգրկել 15 հազար օտարերկրյա ուսանողի։ Նա ընդգծեց, որ ԵՊՀ-ն ևս նպատակ է դրել առաջիկա տարիներին համալսարանում օտարերկրյա ուսանողների թիվը հասցնելու առնվազն 3000-ի։
Հովհաննես Հովհաննիսյանը որպես կարևոր թիրախ առանձնացրեց նաև ԵՊՀ միջազգային դիրքի բարելավումը՝ մասնավորապես անդրադառնալով QS միջազգային վարկանիշավորման համակարգում համալսարանի դիրքի բարձրացման նպատակին։ Ըստ նրա՝ առաջիկա տարիներին նախատեսվող կրթական, գիտական և միջազգային բարեփոխումները պետք է իրականացվեն որպես մեկ ամբողջական գործընթաց՝ համալսարանի մրցունակության և զարգացման նոր մակարդակ ապահովելու նպատակով։ Ռեկտորն անդրադարձավ գիտահենք կառավարմանը՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունում կատարվող բարեփոխումների զգալի մասը պետք է հիմնված լինի հետազոտությունների վրա, որոնց ապահովման գործում առանցքային դեր ունեն գիտնականները։
Նա կարևորեց նաև բարձրագույն կրթության բազային ֆինանսավորման նախատեսվող ավելացումը՝ նշելով, որ դա համալսարանին հնարավորություն կտա վերանայելու աշխատավարձերը և մի շարք գործառույթների իրականացման մոտեցումները։
Ծրագրի ներկայացումից հետո տեղի ունեցավ հարցուպատասխան, որի ընթացքում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամները Հովհաննես Հովհաննիսյանին հարցեր ուղղեցին՝ ներկայացված ծրագրի առանձին ուղղությունների և առաջիկա տարիների զարգացման առաջնահերթությունների վերաբերյալ։ Այնուհետև տեղի ունեցավ փակ քվեարկություն, որից հետո ձևավորված հաշվիչ հանձնաժողովն ամփոփեց արդյունքները։ Քվեարկության արդյունքների հիման վրա Հոգաբարձուների խորհուրդը որոշում կայացրեց Հովհաննես Հովհաննիսյանին Երևանի պետական համալսարան հիմնադրամի ռեկտոր վերընտրելու մասին՝ պաշտոնավարման սկիզբը սահմանելով 2026 թ․ դեկտեմբերի 24-ը։ Որոշումը կփոխանցվի Լիազոր մարմնին՝ Կառավարության հաստատմանը ներկայացնելու համար։
Նշենք, որ Հովհաննես Հովհաննիսյանը Երևանի պետական համալսարանը ղեկավարում է 2021 թվականից։



















