- Главная
- Главная страница
- Նախագծեր, որոնք փոխում են միջավայրն ու կրթական մշակույթը. «ԲանՈՒԳործ» դպրոց-աշխատարանի արդյունքները
Сентября 24, 2026 | 11:10
Միջոցառումներ
Մրցույթներ
Ուսանողական
Նախագծեր, որոնք փոխում են միջավայրն ու կրթական մշակույթը. «ԲանՈՒԳործ» դպրոց-աշխատարանի արդյունքները
Ծրագրեր, որոնք պատրաստ են փոխելու մեր միջավայրն ու կրթական մշակույթը՝ Էկո-արշավներ, առողջական վիճակն արձանագրող խելացի թևնոց, օտարերկրյա ուսանողների ինտեգրման հարթակ, համալսարանի միջավայրի մշտադիտարկում, կենսաբազմազանությանը նվիրված փոդքասթներ. ուսանողները ժյուրիի գնահատմանը ներկայացրին «ԲանՈՒԳործ. ուսանողական նախաձեռնություններ-2026» ծրագրի շրջանակում մշակած միջգիտակարգային նախագծերը:
«ԲանՈՒԳործ. ուսանողական նախաձեռնություններ-2026» ծրագիրը մեկնարկել էր ամռանը: Շարունակական կրթության կենտրոնի աշխատակից Սեդա Գրիգորյանը, որը համակարգում է ուսանողների հետ աշխատանքները և լրացուցիչ կրթական ծրագրերը, ընդգծեց՝ դեռևս ամռանը Ծաղկաձորում կազմակերպված «ԲանՈՒԳործ» ամառային դպրոց-աշխատարանի ընթացքում մասնակիցներն ստացել էին ծրագրեր մշակելու, բյուջե կազմելու և նախագծերի հետ աշխատելու գործնական գիտելիքներ. «Այժմ յուրաքանչյուր թիմում ընդգրկված է 3-5 ուսանող։
Նախագծերը միջգիտակարգային են: Թիմերում ընդգրկված են ուսանողներ ԵՊՀ տարբեր ֆակուլտետներից՝ Պատմության, Փիլիսոփայության և հոգեբանության, Կենսաբանության, Եվրոպական լեզուների և հաղորդակցության, Ֆիզիկայի ինստիտուտից և այլն: Մրցույթին մասնակցող 6 թիմերի ներկայացրած նախագծերը ժյուրին գնահատեց խնդրի արդիականության, նորարարության, թիրախային լսարանի ներգրավվածության, իրագործելիության և ներկայացման հմտությունների չափանիշներով»:
Առաջին տեղում՝ «ՈւսաԼի» և «MIXI» նախագծերը
«ՈւսաԼի» նախագիծը նախատեսված է համալսարանի ներսում ուսանողների գիտական, ակադեմիական և կազմակերպչական ակտիվությունը խթանող, միասնական, թափանցիկ և չափելի համակարգ ստեղծելու համար։ Այս համակարգի միջոցով ուսանողների մասնակցությունը գիտաժողովներին, հետազոտություններին, կրթական և համալսարանական նախաձեռնություններին, ինչպես նաև նրանց կամավորական ու կազմակերպչական գործունեությունը կվերածվեն կուտակվող միավորների, որոնք կփոխհատուցվեն համալսարանական արտոնություններով և հնարավորություններով։
«Նախագիծը ուսանողական ակտիվության պարգևատրման համակարգ է: Ուսանողի ներդրումը պետք է ոչ միայն նկատվի, այլև ունենա չափելի և փոխանակելի արժեք: Այսինքն՝ ուսանողը համալսարանական կյանքում կարող է կատարել բազմաթիվ կարևոր գործողություններ, և «ՈւսաԼի»-ի նպատակն է այդ ակտիվությունը վերածել միավորների, որոնք հետագայում հնարավոր կլինի փոխանակել տարբեր արտոնություններով: Հարթակը կխրախուսի նաև ուսանողական նախաձեռնությունները, կնպաստի համալսարանի գիտական և հանրային կյանքի աշխուժացմանը և կստեղծի ուսանողական ակտիվ համայնք՝ բարձրացնելով ԵՊՀ-ի զարգացման ներուժը»,- ասաց նախագծի ներկայացուցիչ, Պատմության ֆակուլտետի «Հնագիտություն և ազգաբանություն» մագիստրոսական կրթական ծրագրի 1-ին կուրսի ուսանող Գոհար Կարապետյանը:
«MIXI» նախագիծը ներկայացնող թիմի անդամները նշեցին, որ մշակել են ԵՊՀ-ում սովորող օտարերկրյա ուսանողների համար նախատեսված ինտեգրման թվային համակարգ, որը ներառում է պաշտոնական ուղեցույց ԵՊՀ կայքէջում և ինտերակտիվ հարթակ «Telegram»-ում. «Այս պահի դրությամբ ԵՊՀ-ում սովորում է 700 օտարերկրյա ուսանող։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրանց անհրաժեշտ է ոչ թե սովորական ուղեցույց, այլ կենդանի, ինտերակտիվ համակարգ, որը կնպաստի լուծելու կենցաղային, մշակութային ու սոցիալական հարցերը»,- հավելեցին նրանք:
Հարթակը մեկ վայրում կհամախմբի համալսարանական և քաղաքային կյանքի համար անհրաժեշտ տեղեկությունը տրանսպորտի, համալսարանների, ծառայությունների, բնակարանների, բժշկական օգնության և անվտանգության, ինչպես նաև մշակութային կյանքի վերաբերյալ։ Նախագիծը հնարավորություն կընձեռի նաև տեղացի երիտասարդներին ընկերանալու օտարերկրյա ուսանողների հետ:
Լավագույն նախագիծ ճանաչվեց նաև էկո-արշավներին նվիրված «Մաքուր լեռներ» նախաձեռնությունը
«Մաքուր լեռներ» նախագիծը նախատեսում է Հայաստանի լեռնային և արշավային երթուղիներում կազմակերպել կամավորական մաքրության արշավներ՝ համատեղելով արշավը, բնապահպանական իրազեկումն ու տարածքի մաքրման և աղբահանության գործնական փուլը։
Նախագիծը նպատակ ունի ստեղծելու կամավորական կայուն համայնք, որի անդամները պարբերաբար կմասնակցեն Հայաստանի լեռնային վայրերի մաքրմանը և միաժամանակ կդառնան բնության նկատմամբ պատասխանատու վարքագծի տարածողներ։
«Մաքուր լեռներ» նախագծի թիմակիցները պատմեցին իրենց առաջին պիլոտային քայլերի և նպատակների մասին: Ֆիզիկայի ինստիտուտի 3-րդ կուրսի ուսանող Հակոբ Դանդուրջյանի խոսքով՝ իրենք նպատակ ունեն հանրայնացնելու աղբի կուտակման խնդիրները: Թիմն արդեն իրականացրել է իր պիլոտային արշավը Սևանա լճի ափամերձ հատվածում (Գավառի մոտակայքում)։ Մաքրման աշխատանքներին մասնակցել են թիմի անդամներն ու կամավորները (12 հոգի):
«Մեր թիմով ուզում ենք ավելի հանրայնացնել աղբի կուտակման խնդիրները: Ներգրավելով կամավորներին՝ հավաքելու ենք աղբը՝ դրանով իսկ օրինակ ծառայելով հանրությանը: Խնդրի լուծման երկու տարբերակ կա. մարդիկ կա՛մ պետք է չաղտոտեն, կա՛մ էլ պետք է մաքրեն»,- ասաց Հակոբ Դանդուրջյանը:
ԵԼՀ ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Սուսան Բադալյանն էլ նշեց, որ Գավառի մոտակայքում՝ Սևանի ափամերձ գոտում, պիլոտային արշավի ժամանակ նկատել են, որ աղբը հիմնականում կենցաղային էր. «Հիմնականում կուտակված էր կենցաղային աղբ, ձկնորսական կարթերի մնացորդներ և պլաստիկ շշեր: Մեր նպատակն է մարդկանց ցույց տալ թափված աղբի հետևանքները և կրթել մարդկանց, որ չաղտոտեն բնությունը: Իսկ երբ մենք մի քանի անգամ կազմակերպենք արշավներ ու հավաքենք աղբը, դա կարող է լավ սովորույթ դառնալ հասարակության համար: Աղբի հավաքման աշխատանքները կխթանեն նաև զբոսաշրջության զարգացումը, որովհետև, օրինակ, Սևանի այն ափը, որտեղ մենք կատարել ենք մաքրման աշխատանքները, բավական գեղեցիկ էր»:
Ֆիզիկայի ինստիտուտի ուսանող Թորգոմ Մարտիրոսյանը հավելեց, որ նախատեսում են ակտիվորեն կիրառել մեդիան և սոցիալական էջերը. «Ծրագիրը համադրում է էկոլոգիան, երիտասարդական տուրիզմը և մշակութային արշավները։ Ֆինանսավորում ունենալու պարագայում կներգրավենք կամավորների, որոնց հետ ուրախ մթնոլորտում կգնանք համապատասխան վայրը, կկազմակերպենք մաքրման աշխատանքները, այնուհետև կլինի հյուրասիրություն ու արշավ դեպի գեղատեսիլ վայրեր»:
Նախագծի շրջանակում մասնակիցները նախապես կյուրացնեն անվտանգության և բնապահպանական վարքականոնի վերաբերյալ կարճ դասընթաց, իսկ յուրաքանչյուր արշավից հետո կհաշվառվի հավաքված աղբի քանակը և կտեսակավորվի, ինչպես նաև հնարավորության դեպքում այն կհանձնվի աղբահանության կամ վերամշակման համապատասխան հոսքին։
«COPCast»-ն արդեն ունի աջակցություն՝ անցնելու գործնական փուլի
Ժյուրիի անդամները խրախուսեցին մասնակից թիմերին՝ ի կատար ածելու իրենց նորարարական ու հետաքրքիր գաղափարները: Հատկապես ընդգծվեց, որ «COPCast»-ն արդեն ունի աջակցություն՝ անցնելու գործնական փուլի:
«COPCast»-ը նորարարական թվային մեդիա նախագիծ է, որը նպատակ ունի ընդլայնելու երիտասարդների բնապահպանական իրազեկվածությունն ու ձևավորելու պատասխանատու վերաբերմունք Հայաստանի կենսաբազմազանության նկատմամբ: «COPCast»-ի շրջանակում նախատեսվում է նաև ստեղծել կենսաբազմազանությանը նվիրված փոդքասթների շարք:
«PulseNet» նախագիծը՝ հեռանկարային բիզնես գաղափար
Ժյուրին «PulseNet» նախագիծը բնութագրեց որպես հեռանկարային B2B բիզնես գաղափար, իսկ ԵՊՀ միջավայրի մշտադիտարկման կառավարման հարթակը նախագծած թիմին խրախուսեց՝ շարունակելու առողջապահական կարևոր մշտադիտարկումները:
«PulseNet» նախագիծը նախատեսված է հատկապես տարեցների, քրոնիկ հիվանդություններով ապրող մարդկանց և մշտական հեռավար վերահսկման կարիք ունեցող անձանց համար։ Գործում է սմարթֆոնից լիովին անկախ՝ անմիջապես միանալով Wi-Fi ցանցին և տվյալները փոխանցելով սերվերին։ Այն խելացի թևնոց է, որը մշտական ռեժիմով հետևում է բուժառուի առողջական վիճակին, օրինակ, սրտի աշխատանքին, իրական ժամանակում չափում է անոթազարկը (պուլսը), սատուրացիան՝ բժիշկներին հասանելիություն ապահովելով նրա վիճակի մասին:
ԵՊՀ միջավայրի մշտադիտարկման կառավարման հարթակը՝ խելացի լուծումներով
ԵՊՀ միջավայրի մշտադիտարկման կառավարման հարթակը համալսարանի տարածքում առողջ, անվտանգ և արդյունավետ միջավայրի ապահովման համար նախատեսված խելացի մշտադիտարկման լուծում է, որը իրական ժամանակում վերահսկելու է աղմուկի մակարդակը և մանրէաբանական ցուցանիշը։ Սենսորների միջոցով հավաքված տվյալները կմշակվեն և կհամեմատվեն սահմանված նորմերի հետ՝ ինքնաշխատ հայտնաբերելով շեղումներն ու հնարավոր ռիսկերը, ինչի արդյունքում, համապատասխան ծանուցումներ ուղարկելով, հնարավոր կլինի բարելավել համալսարանական միջավայրը՝ ըստ անհրաժեշտության։ Այն կարող է օգտակար լինել ԵՊՀ ուսանողների, դասախոսների և աշխատակիցների համար, իսկ հետագայում՝ նաև դպրոցների, այլ բուհերի, գրասենյակային և հանրային տարածքների համար։
Նախագծերը գնահատող մասնագիտական ժյուրիի կազմում ընդգրկված էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը, Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միջազգային համագործակցության ինստիտուտի հայաստանյան գրասենյակի ղեկավար Էսթեր Հակոբյանը, «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի մարքեթինգի և հաղորդակցության պատասխանատու Սոնա Հովսեփյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության «Ֆեմինիզմը գործողության մեջ հանուն համակարգային փոխակերպման» և «Կանանց հզորացում հանուն բարեկեցության» ծրագրերի ղեկավար Կարինե Սիմոնյանը, «SoftConstruct» ընկերության տաղանդների ներգրավման և գործատուի բրենդավորման ծառայության ղեկավար Էլինա Ստեփանյանը։
Նշենք, որ ուսանողական բոլոր թիմերն իրենց ծրագրերը ներկայացրել են նաև «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026»-ի ժամանակ՝ ֆինանսավորում ստանալու նպատակով, ինչը հնարավորություն կտա ձեռք բերելու անհրաժեշտ տեխնիկա, հոգալու տրանսպորտային ու կազմակերպչական ծախսերը՝ գաղափարներն ամբողջությամբ կյանքի կոչելու համար:
Գաղափարները մշակելու և նախագծերը կազմելու փուլերում ուսանողների հետ աշխատել են ԵՊՀ միջազգային կապերի, զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնը, Շրջանավարտների և կարիերայի կենտրոնը և ԵՊՀ մի շարք դասախոսներ: