- Главная
- Главная страница
- ԵՊՀ-ում բացվել է Կիրառական սոցիալական մանկավարժության լաբորատորիա
Сентября 29, 2026 | 14:58
Գիտություն
Գործընկերներ
Կրթություն
ԵՊՀ-ում բացվել է Կիրառական սոցիալական մանկավարժության լաբորատորիա
ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում բացվել է Կիրառական սոցիալական մանկավարժության լաբորատորիա, որը նախատեսված է ապագա սոցիալական մանկավարժների գործնական պատրաստվածության զարգացման և արտթերապևտիկ մեթոդների կիրառման համար։
Լաբորատորիան ստեղծվել է «Երեմյան» ընկերությունների խմբի հովանավորությամբ և նախատեսված է սոցիալական մանկավարժության ոլորտում ուսանողների տեսական գիտելիքները գործնական հմտությունների վերածելու, ինչպես նաև շտկողավերականգնողական աշխատանքի ժամանակակից մեթոդների կիրառման հնարավորություններ ապահովելու համար։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Երեմյան» ընկերությունների խմբի հիմնադիր տնօրեն Դավիթ Երեմյանն ընդգծեցին բուհ-գործատու համագործակցության դերը մասնագիտական կրթությունը աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցնելու և ուսանողների մասնագիտական պատրաստվածությունն ամրապնդելու գործում։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն իր ելույթում ընդգծեց այն կարևոր դերակատարությունը, որ ունենալու է լաբորատորիան ՀՀ-ում մանկավարժական կրթության զարգացման գործում:
«Կառավարության առաջնահերթություններից է մանկավարժական կրթության զարգացումը՝ եվրոպական չափանիշներին համապատասխան։ Ուստի այս նախաձեռնությունն ի սկզբանե արժանացել է մեր հավանությանն ու աջակցությանը»,- ասաց ԵՊՀ ռեկտորը:
«Երեմյան» ընկերությունների խմբի հիմնադիր տնօրեն Դավիթ Երեմյանն իր հերթին նշեց. ««Երեմյան» ընկերությունների խումբն իր գործունեության 20 տարիների ընթացքում մշտապես կարևորել է կրթության կողքին լինելու և կրթական ծրագրերին աջակցելու հնարավորությունը։ Երբ կրթությունն ու բիզնեսը կարողանում են համընթաց շարժվել և համագործակցել, ծնվում են լավ գաղափարներ ու արժեքավոր նախաձեռնություններ։ Այս լաբորատորիան հենց դրա վկայությունն է։ Լիահույս ենք, որ մեր համագործակցությունը կլինի շարունակական»։
Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանը կարևորեց բուհում միջազգային չափանիշներին համապատասխան լաբորատորիայի ստեղծումը։ Նա ընդգծեց դրա դերը տեսական և գործնական ուսուցման փոխկապակցման, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաների հետ աշխատանքի արդյունավետության բարձրացման գործում։
Լաբորատորիայի վարիչ, դոցենտ Լուսինե Հայրապետյանը ներկայացրեց լաբորատորիայի արտթերապևտիկ գոտիները՝ ավազաթերապիայի, կավաթերապիայի, մանդալաթերապիայի, երաժշտաթերապիայի, տիկնիկաթերապիայի, նկարչաթերապիայի և իզոթերապիայի համար։
Շրջայցի ընթացքում ներկայացվեցին նաև նշված մեթոդների կիրառման առանձնահատկություններն ու դրանց հնարավորությունները տարբեր խնդիրների լուծման գործընթացում։ Միջոցառման կարևոր բաղադրիչներից էին ուսանողների փորձարարական ցուցադրությունները։ Ապագա սոցիալական մանկավարժները գործնականում մոդելավորեցին շտկողական աշխատանքի տարբեր փուլեր՝ ներկայացնելով, թե ինչպես կարող են կիրառել համապատասխան թերապևտիկ տեխնոլոգիաները զարգացման տարբեր խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատանքում։
Կիրառական սոցիալական մանկավարժության լաբորատորիայի ստեղծումը նոր հնարավորություններ է ձևավորում սոցիալական մանկավարժության կրթական գործընթացում՝ ուսանողներին հնարավորություն տալով մասնագիտական գիտելիքները համադրելու գործնական աշխատանքի և ժամանակակից արտթերապևտիկ տեխնոլոգիաների կիրառման հետ։


















