- Գլխավոր
- Նորություններ
- Գիտական համագործակցության նոր հորիզոններ միջուկային հետազոտությունների ոլորտում
Սեպտեմբեր 29, 2026 | 11:11
Գիտություն
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Գիտական համագործակցության նոր հորիզոններ միջուկային հետազոտությունների ոլորտում
ԵՊՀ-ում տեղի է ունեցել Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀՄԻ) 70-ամյակին նվիրված «Դուբնայի օրերը Հայաստանում» խորագրով միջոցառում, որի ընթացքում ԵՊՀ-ի և ՄՀՄԻ-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր։ Քննարկվել են համատեղ հետազոտությունների նոր ուղղությունները, երիտասարդ մասնագետների պատրաստման և միջազգային գիտական կապերի զարգացման հնարավորությունները։
ՄՀՄԻ տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Գրիգորի Տրուբնիկովը և օտարերկրյա այլ գիտնականներ հյուրընկալվել են Երևանի պետական համալսարանում՝ քննարկելու համագործակցության ընդլայնման հեռանկարները։
Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի ծավալած գործունեությունը գերազանցապես ընդգրկում է տարրական մասնիկների ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները: ՀՀ գիտակրթական կառույցները, այդ թվում՝ ԵՊՀ-ն, ընդլայնում են համագործակցությունը՝ ներառելով կենսաբանությունը, քիմիական ֆիզիկան, նյութագիտությունը և այլ ուղղություններ։
Միջոցառումը մեկնարկել է ԵՊՀ-ի և ՄՀՄԻ-ի միջև համագործակցության հուշագրի կնքմամբ, որով նախատեսվում է երկկողմ համագործակցության ամրապնդում և ընդլայնում, համատեղ հետազոտությունների, ինչպես նաև գիտնականների և ուսանողների շարժունության ծրագրերի իրականացում։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և ՄՀՄԻ տնօրեն Գրիգորի Տրուբնիկովը կարևորել են գործընկերության հետագա զարգացումը, փորձագիտական փոխանակումը և մասնագետների նոր սերնդի պատրաստման ուղղությամբ գործակցությունը։
Համագործակցության ընդլայնումը հնարավորություն կտա հայաստանյան գիտական կազմակերպություններին կատարելու ավելի շատ համատեղ հետազոտություններ և դրանցում ներգրավելու երիտասարդ գիտնականների։ ՄՀՄԻ-ի համար համագործակցությունը կնպաստի գիտական կազմակերպությունների հետ կապերի ամրապնդմանն ու նոր գործընկերությունների զարգացմանը։
«Դուբնայի օրերը Հայաստանում» միջոցառման շրջանակում զեկուցումով հանդես եկավ ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը՝ ներկայացնելով ԵՊՀ գործունեությունը, կառուցվածքային ստորաբաժանումները, վերջին տարիների գիտական ձեռքբերումներն ու ենթակառուցվածքների արդիականացման գործընթացը։ Մասնավորապես, նա ներկայացրել է ԵՊՀ գիտնականների՝ «Scopus» միջազգային գիտական շտեմարանում ինդեքսավորվող հրապարակումների ցուցանիշների աճը, ինչպես նաև ԵՊՀ տվյալների մշակման կենտրոնի նոր գերհամակարգչի հնարավորությունները, որը ներառում է 72 NVIDIA H100 գրաֆիկական պրոցեսոր։
Այնուհետև ելույթ ունեցավ ՄՀՄԻ կրթական և հետազոտական կենտրոնի տնօրեն Դմիտրի Կամինինը։ Նա ներկայացրեց միջազգային միջկառավարական գիտահետազոտական կազմակերպության կրթական և գիտական ներուժը։ Նրա խոսքով՝ ՄՀՄԻ անդամ պետությունների բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները կարող են միանալ ՄՀՄԻ լաբորատորիաների հետազոտական տարբեր խմբերի՝ աշխատելով ֆիզիկայի, ճարտարագիտության, համակարգչային գիտության և այլ ոլորտներում։ ՄՀՄԻ-ն նաև հնարավորություն է ընձեռում անդամ պետությունների ուսանողներին իրենց բակալավրի, մագիստրոսական և դոկտորական թեզերը պատրաստելու ինստիտուտի լաբորատորիաներում։
Հավելենք, որ Հայաստանում ՄՀՄԻ-ի նախորդ միջոցառումների շրջանակում ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտում հիմնվել է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի տեղեկատվական կենտրոնը։ Այն ստեղծվել է Երևանի պետական համալսարանի, Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի և Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի համագործակցության արդյունքում և նպատակ ունի ընդլայնելու ու ամրապնդելու գործընկերային կապերը հետազոտությունների և գիտության հանրայնացման ուղղություններով։ Կենտրոնի ղեկավարն է ԵՊՀ գիտաշխատող Սուսաննա Գագինյանը։


















