Երևանի պետական և Վիեննայի համալսարանների համագործակցության շրջանակում ս․թ․ հոկտեմբերի 12-16-ը ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում կանցկացվի «Հայաստանի սնկերի կենսաբազմազանությունը․ COP17-ին ընդառաջ» խորագրով աշնանային դպրոց-ինտենսիվ աշխատարան:
Աշնանային դպրոցը հայ և ավստրիացի ուսանողներին հնարավորություն կտա՝
մասնակցելու դաշտային հետազոտական աշխատանքներին և սնկերի հավաքին,
մշակելու հավաքված նմուշները և մասնակցելու դրանց նույնականացմանը,
ծանոթանալու և գործնականում կիրառելու ԴՆԹ բարկոդավորման մեթոդները,
մասնակցելու մասնագիտական դասախոսություններին և գործնական պարապմունքներին,
աշխատելու Հայաստանի և Ավստրիայի դասախոսների ու մասնագետների հետ,
COP17-ին ընդառաջ՝ քննարկելու Հայաստանի սնկերի կենսաբազմազանության ուսումնասիրության և պահպանության արդի հարցերը։
Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել։
Աշնանային դպրոցն իրականացվում է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության և Վիեննայի համալսարանի բուսաբանության և կենսաբազմազանության հետազոտությունների ամբիոնների նախաձեռնությամբ, «Հայաստանի անտառածածկ շրջանների միկորիզային և քսիլոտրոֆ սնկերի բազմազանության գնահատում և ԴՆԹ բարկոդավորում» («APPEAR Academic Project 373») ծրագրի շրջանակում։