- Главная
- Главная страница
- Մաթեմատիկայի, համակարգչային գիտության և ԱԲ ոլորտների հետազոտողները համախմբվել են համալսարանում
Октября 05, 2026 | 16:16
Կոնֆերանսներ
Միջազգային համագործակցություն
Միջոցառումներ
Մաթեմատիկայի, համակարգչային գիտության և ԱԲ ոլորտների հետազոտողները համախմբվել են համալսարանում
ԵՊՀ-ում մեկնարկեց «Կիրառական մաթեմատիկա, համակարգչային գիտություն և արհեստական բանականություն-2026» խորագրով միջազգային գիտաժողովը, որի շրջանակում քննարկվում են ոլորտների արդի հետազոտություններն ու կիրառական խնդիրները։
Գիտաժողովի շրջանակում քննարկվող հիմնական թեմաներն են մեքենայական ուսուցման հիմունքները, վիճակագրական ուսուցումն ու տվյալների վերլուծությունը, արհեստական բանականությունը մաթեմատիկայում և գիտություններում, դրա կիրառությունները ռոբոտատեխնիկայում և առողջապահությունում, հանրահաշիվն ու մաթեմատիկական տրամաբանությունը, ալգորիթմներն ու հաշվարկային բարդությունը, կիրառական վիճակագրությունը, կրիպտոգրաֆիան, անվտանգությունն ու գաղտնիությունը և այլն։
Գիտաժողովին մասնակցում են ճանաչված գիտնականներ և երիտասարդ հետազոտողներ Հայաստանից ու արտերկրից, այդ թվում՝ Ռուսաստանից, Նորվեգիայից, Հնդկաստանից և Իրանից։
ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը կարևորեց համալսարանում գիտական տարբեր ուղղությունների զարգացմանն ուղղված քայլերը՝ առանձնացնելով մաթեմատիկան և դրա կիրառական ոլորտները, ինչպես նաև հետազոտական նոր ուղղությունները, մասնավորապես՝ արհեստական բանականության ոլորտում կատարվող ուսումնասիրությունները։
ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, թվային անալիզի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի պրոֆեսոր Յուրի Հակոբյանն ընդգծեց, որ գիտաժողովի հիմնական նպատակներն են զարգացնել կիրառական մաթեմատիկան և համակարգչային գիտությունը, ամրապնդել արտերկրի մասնագետների հետ գործընկերային կապերը և փոխանակվել նոր գաղափարներով՝ նպաստելով ոլորտի զարգացմանը։
«Գիտաժողովը նվիրված է կիրառական մաթեմատիկայի և համակարգչային գիտության արդի խնդիրներին, ինչպես նաև ժամանակակից գիտության համեմատաբար նոր ուղղություններից մեկին՝ արհեստական բանականության զարգացմանն ու կիրառմանը»,- նշեց Յուրի Հակոբյանը։
Նրա խոսքով՝ ֆակուլտետի ավելի քան 50-ամյա գործունեությունն ու ոլորտում կուտակված փորձը հնարավորություն են տվել կազմակերպելու միջազգային այս գիտաժողովը։
«Վստահ ենք, որ գիտաժողովը արդյունավետ կլինի՝ նպաստելով նոր գաղափարների ձևավորմանն ու զարգացմանը, ինչպես նաև կամրապնդի մասնագիտական կապերը»,- ընդգծեց նա։
Գիտաժողովի մեկնարկը տրվեց Հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի պատվավոր վարիչ, Մաթեմատիկական հետազոտությունների լաբորատորիայի պատվավոր առաջատար գիտաշխատող Յուրի Մովսիսյանի զեկուցումով: Նա ներկայացրեց «Բերնսայդի բազմազանություններ» թեման՝ անդրադառնալով Բերնսայդի բազմազանության և հիպերբազմազանության հասկացություններին, Բիրկհոֆի թեորեմներին և այլ հարցերի: Պրոֆեսորի խոսքով՝ թեման արդիական է հանրահաշվի և մաթեմատիկական տրամաբանության տեսանկյունից։ Զեկուցման ավարտին Յուրի Մովսիսյանը ներկայացրեց նաև առայժմ չլուծված 10 խնդիր, որոնց ուսումնասիրությունը, ըստ նրա, լրացուցիչ հետազոտություններ է պահանջում։
Գիտաժողովը կազմակերպվել է ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի, Հայկական մաթեմատիկական միության և «YSU-Krisp AI» լաբորատորիայի նախաձեռնությամբ: Այն կամփոփվի հոկտեմբերի 9-ին:
Հավելենք, որ ԵՊՀ տեղեկագրի «Ա. Ֆիզիկական և մաթեմատիկական գիտություններ» հատուկ համարը նվիրված է լինելու գիտաժողովի շրջանակում ներկայացված հետազոտություններին։ Ներկայացված հոդվածները գրախոսման փուլն անցնելուց հետո կհրապարակվեն հանդեսի հատուկ համարում։