- Գլխավոր
- Նորություններ
- Ինչպե՞ս է ԱԲ-ն փոխում բարձրագույն կրթությունը. հանդիպում-քննարկում ԵՊՀ-ում
Հոկտեմբեր 05, 2026 | 10:26
Գիտություն
Կրթություն
Ինչպե՞ս է ԱԲ-ն փոխում բարձրագույն կրթությունը. հանդիպում-քննարկում ԵՊՀ-ում
Արհեստական բանականության արագ զարգացումը փոխում է ոչ միայն տեխնոլոգիական ոլորտը, այլև պատկերացումն այն մասին, թե ինչ գիտելիք և հմտություններ են անհրաժեշտ ապագա մասնագետին։ Այս փոփոխությունների պայմաններում բարձրագույն կրթության առջև նոր հարցեր են առաջանում․ ինչպե՞ս պետք է փոխվեն կրթական ծրագրերը, ի՞նչ դեր պետք է ունենան բուհերը ԱԲ-ի պատասխանատու կիրառման գործում, և ինչպե՞ս հնարավոր կլինի միաժամանակ խթանել նորարարությունն ու կառավարել դրա հետ կապված ռիսկերը։ Այս հարցերն են քննարկվել ԵՊՀ-ում կայացած «Բարձրագույն կրթությունը ԱԲ դարաշրջանում. նորարարություն, ադապտացիա և ապագայի հմտություններ» խորագրով հանդիպման ընթացքում։
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման շրջանակում անդրադարձ կատարվեց արհեստական բանականության արագ զարգացմանը և դրա ազդեցությանը, հատկապես՝ բարձրագույն կրթության ու մասնագիտական հմտությունների զարգացման համատեքստում։ Քննարկման առանցքում էր այն հարցը, թե ինչպես կարող են բուհերը հարմարվել տեխնոլոգիական արագ փոփոխություններին և միաժամանակ նպաստել ապագա մասնագետների՝ նոր տեխնոլոգիաների պատասխանատու և արդյունավետ կիրառման հմտությունների ձևավորմանը։
Հանդիպման բանախոսը «Logan Circle Strategies» ռազմավարական խորհրդատվական ընկերության նախագահ և «American Enterprise Institute» (AEI) վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող (ոչ ռեզիդենտ) Շեյն Թյուսն էր, որը մասնագիտացած է արհեստական բանականության, 5G/6G ցանցերի, տվյալների գաղտնիության և համացանցային կառավարման հարցերում։
Շեյն Թյուսը կարևորեց ԱԲ կառավարման (AI governance) նշանակությունը՝ ընդգծելով, որ արհեստական բանականության զարգացումը պահանջում է ոչ միայն տեխնոլոգիական նորարարությունների խթանում, այլև դրանց կիրառման համար համապատասխան կառավարման, պատասխանատվության և անվտանգության մեխանիզմների ձևավորում։
Առանձին անդրադարձ կատարվեց բարձրագույն կրթության ոլորտին և բուհերի դերակատարությանը։ Մասնավորապես քննարկվեց, թե ինչպիսի հմտություններով պետք է զինված լինեն ապագա մասնագետները՝ ԱԲ գործիքներն արդյունավետ և պատասխանատու օգտագործելու համար։ Այս համատեքստում կարևորվեց ոչ միայն տեխնոլոգիական գիտելիքի տրամադրումը, այլև քննադատական մտածողության, թվային գրագիտության, տվյալների պաշտպանության կարողությունների զարգացումը։
Հանդիպման կարևոր հատվածներից էր նաև ինտերակտիվ քննարկումը, որի ընթացքում ԵՊՀ ուսանողներն ու դասախոսները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու բանախոսին՝ արհեստական բանականության, դրա կիրառման հնարավորությունների, ռիսկերի կառավարման և ապագայի մասնագիտական հմտությունների վերաբերյալ։ Հարցուպատասխանի ձևաչափը մասնակիցներին հնարավորություն տվեց ոչ միայն անմիջապես մասնագետից ստանալու հետաքրքրող հարցերի պատասխանները, այլև կիսվելու արհեստական բանականության հետ առնչվելու սեփական փորձով։
Նշվեց, որ ԱԲ-ի արագ զարգացող միջավայրում կրթական համակարգը ևս պետք է կարողանա շարունակաբար վերանայել իր մոտեցումները՝ արձագանքելով տեխնոլոգիական և մասնագիտական միջավայրի փոփոխություններին։
Հանդիպումը հնարավորություն տվեց անդրադառնալու ԱԲ զարգացմանն առնչվող արդի հարցերին և քննարկելու բարձրագույն կրթության դերն այս փոփոխություններին պատրաստ մասնագետների ձևավորման գործում։