- Главная
- Главная страница
- ԵՊՀ-ում մեկնարկել է «Փոխակերպվող տնտեսություն. «կանաչ» վերափոխում, ինստիտուտների որակ և արժեքի ստեղծում» միջազգային 3-րդ գիտաժողովը
Октября 07, 2026 | 14:56
Կոնֆերանսներ
Միջազգային համագործակցություն
ԵՊՀ-ում մեկնարկել է «Փոխակերպվող տնտեսություն. «կանաչ» վերափոխում, ինստիտուտների որակ և արժեքի ստեղծում» միջազգային 3-րդ գիտաժողովը
Ի՞նչ է տեղի ունենում, երբ «կանաչ» տեխնոլոգիաները, թվային հեղափոխությունն ու ոլորտի առաջատարները հանդիպում են մեկ հարթակում: Պատասխանը կձևավորվի ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում, որտեղ աշխարհի առաջատար հետազոտողները, մասնագետներն ու քաղաքականություն մշակողները եռօրյա գիտաժողովի շրջանակում քննարկում են տնտեսական օրակարգային մի շարք հարցեր:
Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում մեկնարկել է «Փոխակերպվող տնտեսություն. «կանաչ» վերափոխում, ինստիտուտների որակ և արժեքի ստեղծում» խորագրով միջազգային 3-րդ գիտաժողովը: Միջոցառումը կազմակերպվել է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի և Տարածաշրջանային գիտության ակադեմիայի (Regional Science Academy) համագործակցության շրջանակում:
Գիտաժողովի նպատակն ու միջազգային ձևաչափը
Գիտաժողովի նպատակն է ստեղծել հարթակ՝ նորարարական հետազոտությունների արդյունքները ներկայացնելու, ակադեմիական քննարկումներ ծավալելու և փորձ փոխանակելու համար։ Գիտաժողովը նաև նպատակ ունի խթանելու համագործակցությունը աշխարհի տարբեր գիտակրթական հաստատությունների հետազոտողների, պրակտիկ մասնագետների և քաղաքականություն մշակողների միջև։
ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանն ընդգծեց, որ նման միջազգային գիտական նախաձեռնությունները համահունչ են համալսարանի՝ հետազոտական ուղղությունն ամրապնդելու տեսլականին։
«Գիտությունը և միջազգային ակադեմիական համագործակցությունը մենք դիտարկում ենք որպես մեր զարգացման օրակարգի առանցքային բաղադրիչներ։ Մեր տեսլականն է ամրապնդել Երևանի պետական համալսարանը՝ որպես հետազոտական համալսարան, որտեղ բարձրորակ կրթությունն ու առաջատար հետազոտությունները փոխադարձաբար լրացնում են միմյանց, իսկ համալսարանում ստեղծված գիտելիքը նպաստում է գիտելիքահենք տնտեսությանն ու հասարակությանը»,- ասաց նա։
Անդրադառնալով գիտաժողովի նշանակությանն ու ձևաչափին՝ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանն ասաց, որ 2024 թվականից ֆակուլտետի նպատակն է Երևանը դարձնել գիտնականների և մասնագետների պարբերական հանդիպման հարթակ։
«Մեր նպատակը պարզապես ամենամյա գիտաժողով կազմակերպելը չէ։ Մենք ձգտում ենք ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում ձևավորելու միջազգային գիտական համագործակցության հարթակ, որտեղ տարբեր երկրների և գիտակարգերի ներկայացուցիչները կարող են փոխանակել գիտելիք և փորձ, նախաձեռնել նոր հետազոտություններ ու համատեղ նախագծեր»,- նշեց Կառլեն Խաչատրյանը։
Գիտաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել շուրջ 60 գիտնականներ և հետազոտողներ աշխարհի ավելի քան 24 երկրներից՝ ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից, Նիդեռլանդներից, Մարոկկոյից, Թայվանից, Հարավային Կորեայից, Ռուսաստանից, Հնդկաստանից և այլ երկրներից։
Գիտաժողովի ընթացքում անցանց և առցանց ձևաչափով ներկայացվում են զեկուցումներ թեմատիկ յոթ բաժանմունքներում: Գիտաժողովի ծրագրում ընդգրկված են մոտ 150 հայ և արտասահմանցի գիտնականների ու հետազոտողների զեկուցումներ։ Նրանք ներկայացնում են 50 համալսարան և հետազոտական կենտրոն։ Գիտաժողովը համախմբում է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի, ՀՀ այլ բուհերի և գիտահետազոտական կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաև պետական կառավարման, ֆինանսական և բանկային ոլորտների ու հետազոտական կազմակերպությունների մասնագետների։ Զեկուցումներով հանդես կգան նաև ՀՀ կենտրոնական բանկի և էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները։
Գլխավոր բանախոսների թվում են Նոբելյան մրցանակակիր Փոլ Կրուգմանը, հատուկ հյուր Կասպար վան դեն Բերգը (Նիդեռլանդներ), Կարիմա Կուրտիտը (Նիդեռլանդներ), Էրազմ Ռոտերդամցու անվան համալսարանի պրոֆեսոր, Տարածաշրջանային գիտության ակադեմիայի (TRSA) փոխնախագահ, համաշխարհային ճանաչում ունեցող լավագույն 30 տնտեսագետներից Պիտեր Նայկամպը (Նիդեռլանդներ)։ Բանախոսներից են Նեյլ Ռեյդը (ԱՄՆ), Աբդուլ Շաբանը (Հնդկաստան), Ամիտ Բատաբյալը (ԱՄՆ), Ֆելիքս Արիոնը (Ռումինիա), Ֆրանչեսկա Տորիերի (Իտալիա) և ոլորտում հայտնի այլ մասնագետներ:
Նոբելյան մրցանակի դափնեկիր Փոլ Կրուգմանը առցանց ներկայացրեց աշխարհատնտեսության և «զենքի վերածված փոխկախվածության» թեման։ Նա ընդգծեց, որ միջազգային առևտուրն այսօր պետք է դիտարկել ոչ միայն որպես տնտեսական օգուտների աղբյուր, այլև որպես ազդեցության ու հնարավոր հակամարտությունների գործիք։
«Մենք այլևս չենք ապրում 2017 թվականի աշխարհում։ Պետք է ընդունենք, որ գտնվում ենք այլ՝ ավելի լարված միջազգային միջավայրում»,- նշեց Փոլ Կրուգմանը։
Տարածաշրջանային գիտության ակադեմիայի փոխնախագահ Պիտեր Նայկամպը, անդրադառնալով համաշխարհային տնտեսության ընթացիկ փոփոխություններին, նշեց, որ աշխարհը մտել է նոր՝ ավելի անկանխատեսելի փուլ։
«Այժմ մենք ապրում ենք մի փուլում, որը կարող ենք անվանել «անհանգիստ քսանականներ»։ Աշխարհն այլևս այնպիսին չէ, ինչպիսին մենք պատկերացնում էինք։ Եթե շարժվում ենք դեպի խոշոր ուժային բլոկների աշխարհ, հարց է առաջանում՝ որտե՞ղ է գտնվում աշխարհի մնացած մասը, և որտե՞ղ են ավելի փոքր երկրները, օրինակ՝ Հայաստանը»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ այս փոփոխությունները պահանջում են վերանայել նաև տնտեսության մասին ձևավորված պատկերացումները և նոր պատասխաններ փնտրել արագ փոխվող աշխարհատնտեսական միջավայրում։
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը կարևորեց այն փաստը, որ «կանաչ» անցման և ինստիտուցիոնալ որակի հարցերն այլևս միայն տեսական քննարկումների առարկա չեն։
«Տասնհինգ կամ քսան տարի առաջ, երբ խոսում էինք «կանաչ» անցման, ինստիտուցիոնալ որակի և նման հարցերի մասին, դրանք հաճախ դիտարկվում էին որպես տեսական խնդիրներ։ Այսօր մենք հստակ տեսնում ենք դրանց շոշափելի ազդեցությունը ֆինանսական կայունության, բանկային համակարգի, ապահովագրական ոլորտի և երկրի ընդհանուր տնտեսական դիրքի վրա»,- մատնանշեց նա։
Անդրադառնալով նաև հետազոտական գերազանցության կարևորությանը՝ նա հավելեց. «Հետազոտական գերազանցությունը երբեք չի կարող գոյություն ունենալ վակուումում․ անհրաժեշտ են մարդիկ, որոնք ակտիվորեն ներգրավված են միջազգային հետազոտական համայնքում»։
Գիտաժողովի մեկնարկի օրը ելույթներով հանդես եկան նաև «ՖԻՆԱՐՄ» ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիայի նախագահ Կարեն Զաքարյանը և ԱՄՆ Քորնելի համալսարանի դոցենտ Ջոն Քարութերսը:
«ՖԻՆԱՐՄ» ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիայի գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանը մասնավորապես ասաց․ «Կանաչ անցումը պահանջում է կապիտալ։ Կապիտալը պահանջում է վստահություն։ Վստահությունը պահանջում է ուժեղ ինստիտուտներ։ Իսկ այս ամենը պահանջում է որակյալ վերլուծություն։ Սա հենց այն տեղն է, որտեղ պրակտիկան և հետազոտությունը պետք է հանդիպեն»։
Գիտաժողովն անցկացվում է Երևանում կայանալիք ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ՝ տարածաշրջանում շրջակա միջավայրի և կայուն զարգացման հարցերի նկատմամբ միջազգային ուշադրության աճի պայմաններում:
Ժամանակակից տնտեսական մարտահրավերները
Գիտաժողովի քննարկումների առանցքում են տնտեսության «կանաչ» և թվային փոխակերպումները, ինստիտուտների որակն ու արժեքի ստեղծման նոր մոտեցումները։
Առանձին ուղղությամբ մասնակիցները կանդրադառնան «կանաչ» անցման տնտեսական ազդեցություններին, ցածր ածխածնային և կլիմայակայուն զարգացման մոդելներին, ինչպես նաև կենսաբազմազանության պահպանմանն ու կայուն տնտեսական աճի հնարավորություններին։
Քննարկումների մյուս կարևոր ուղղությունը էկոհամակարգերի կառավարումն ու բնահենք լուծումներն են։ Մասնագետները կանդրադառնան կլիմայի փոփոխության մեղմացմանն ու հարմարվողականությանը, էկոհամակարգերի դիմադրողականության բարձրացմանը և երկարաժամկետ, ներառական զարգացմանը։
Գիտաժողովում կքննարկվեն նաև ինստիտուտների որակի բարելավման, թվային հանրային ծառայությունների և տվյալահենք կառավարման հնարավորությունները։ Մասնակիցները կանդրադառնան նաև արժեքի ստեղծման նոր մոդելներին, արտադրողականության խնդիրներին և սոցիալական ու տարածքային անհավասարություններին։
Գիտաժողովը կշարունակվի մինչև հոկտեմբերի 9-ը։
Նշենք, որ միջոցառման կազմակերպմանը մեծապես աջակցելու համար շնորհակալագրեր ստացան գիտաժողովի հովանավոր «Էվոկաբանկ» ԲԲԸ-ն և գործընկեր կառույցները՝ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ՓԲԸ-ն, Վիեննայի բնական ռեսուրսների և կենսագիտությունների համալսարանը (BOKU), Ավստրիայի կրթության և միջազգայնացման գործակալությունը (OeAD), «APPEAR» բարձրագույն կրթության և հետազոտությունների զարգացման ավստրիական գործընկերության ծրագիրը։


