- Գլխավոր
- Նորություններ
- Երիտասարդ գիտնականներ աշխարհի տարբեր երկրներից՝ մեկ հարթակում․ մեկնարկել է ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային գիտաժողովը
Հոկտեմբեր 07, 2026 | 09:52
Գիտություն
Կրթություն
Ուսանողական
Երիտասարդ գիտնականներ աշխարհի տարբեր երկրներից՝ մեկ հարթակում․ մեկնարկել է ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային գիտաժողովը
Մեկնարկել է ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) միջազգային երիտասարդական 12-րդ գիտաժողովը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին։ Գիտաժողովը համախմբել է Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների երիտասարդ հետազոտողների՝ ներկայացնելու իրենց գիտական աշխատանքները, մասնակցելու մասնագիտական քննարկումների և հաստատելու գիտական նոր կապեր։
Այս տարվա գիտաժողովն առանձնանում է ոչ միայն մասնակցության լայն աշխարհագրությամբ, այլև ներկայացված հայտերի աննախադեպ քանակով․ մասնակցության համար ստացվել է 296 հայտ, որոնցից 54-ը՝ արտերկրից։ Գիտական գրախոսության արդյունքում ընտրվել է շուրջ 182 հետազոտող Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, Ֆրանսիայից, Մարոկկոյից, Եգիպտոսից, ԱՄՆ-ից, Ուրուգվայից և այլ երկրներից։
Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ԵՊՀ ակադեմիական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը՝ ընդգծելով գիտական հարցադրումների կարևորությունը։
«Գիտությունը և հետազոտությունը սկսվում են հարցերից, հարց տալու կարողությունից՝ ընդունված ճշմարտությունները հարցականի տակ դնելուց։ Ուզում եմ, որ այս օրերին ձեր հնչեցրած պատասխանները նոր հարցեր առաջացնեն։ Մաղթում եմ, որ այդ նոր հարցերն ու պատասխանները կարողանան արարել նոր ապագա, քանի որ ապագան դեռևս գրված չէ, և դո՛ւք եք ձեր գիտական մտքով ու հետազոտություններով կերտելու այն»,- ընդգծեց Էլինա Ասրիյանը։
Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Դավիթ Սարգսյանը։ Նա ընդգծեց, որ գիտաժողովը ոչ միայն հետազոտությունների ներկայացման, այլև գիտական երկխոսության, համագործակցության և միջազգային կապերի ընդլայնման հարթակ է։ Անդրադառնալով ՈՒԳԸ գործունեությանը՝ Դավիթ Սարգսյանը նշեց, որ կառույցը շարունակաբար ընդլայնում է համագործակցությունը միջազգային համալսարանների, գիտական կառույցների և Սփյուռքի հայկական համայնքների հետ՝ նպատակ ունենալով հայկական գիտական միտքը ներկայացնելու նաև միջազգային հարթակներում։
«Գիտությունը սահմաններ չի ճանաչում։ Մենք շարունակում ենք նոր կապեր հաստատել աշխարհի տարբեր հատվածներում գտնվող միջազգային համալսարանների ու կառույցների և Սփյուռքի հայկական համայնքների հետ՝ նպատակ ունենալով ներկայացնելու հայկական գիտական միտքը միջազգային հարթակներում»,- նշեց նա։
Գիտաժողովի բացման արարողությունն այս տարի ևս առիթ էր անդրադառնալու ՈՒԳԸ պատմությանն ու կառույցի զարգացման գործում իրենց ներդրումն ունեցած անձանց։ Միջոցառման ընթացքում ՈՒԳԸ պատվավոր անդամի կոչում շնորհվեց կառույցի այն անդամներին, որոնք նշանակալի ավանդ են ունեցել ընկերության կայացման և զարգացման գործում՝ պահպանելով կառույցի որդեգրած արժեքներն ու սկզբունքները։
Միջոցառման պաշտոնական հատվածին հաջորդեց երաժշտական ծրագիրը, որի ժամանակ հայրենասիրական երգերով հանդես եկան երգչուհիներ Շուշան Պետրոսյանն ու Լեյլա Սարիբեկյանը։
Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 9։ Այս օրերի ընթացքում ուսանողները, ասպիրանտներն ու երիտասարդ գիտնականները կներկայացնեն իրենց հետազոտությունների արդյունքները, կմասնակցեն մասնագիտական քննարկումների, կայցելեն Հայաստանի պատմամշակութային վայրեր և հնարավորություն կունենան հիմք դնելու գիտական նոր համագործակցությունների։ Գիտաժողովի փակման հանդիսավոր արարողությունը կկայանա Մատենադարանում։