- Главная
- Главная страница
- Կենսաբազմազանության պահպանմանը նվիրված դատախաղ՝ COP17-ին ընդառաջ
Октября 15, 2026 | 11:17
Կրթություն
Մրցույթներ
Ուսանողական
Կենսաբազմազանության պահպանմանը նվիրված դատախաղ՝ COP17-ին ընդառաջ
Կենսաբազմազանության պահպանման իրավական հիմնախնդիրների շուրջ մասնագիտական քննարկումներն ուսումնական գործընթացում արտահայտվում են բազմաձևաչափ նախաձեռնություններով: ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում անցկացվել է «Կենսաբազմազանության պահպանությունը Միջազգային դատարանում» խորագրով ուսումնական դատախաղ՝ Հայաստանում կայանալիք «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ: Նպատակ ունենալով խթանելու կենսաբազմազանության պահպանման արդիական հիմնախնդիրների շուրջ տեղեկացվածությունը՝ միջոցառումը միտված էր նաև զարգացնելու ուսանողների մասնագիտական ու գործնական հմտությունները առաջադրված խնդիրների վերաբերյալ։
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Ա. Իսկոյանի անվան էկոլոգիական իրավունքի կենտրոնի նախաձեռնությամբ անցկացված միջոցառմանը ներկա էին ԵՊՀ դասախոսներ, ուսանողներ, ինչպես նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչներ։
Դատախաղի մասնակիցներին ողջունել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Աշոտ Պետրոսյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչ Կարեն Խաչատրյանը: Կարևորելով ուսանողների մասնագիտական պատրաստվածության բարձրացմանն ուղղված նմանօրինակ նախաձեռնությունները՝ նրանք ներկայացրել են COP17-ի առաքելությունը, համաժողովի դերն ու նշանակությունը:
Դատախաղի հիմքում երկու պայմանական պետությունների միջև միջազգային բնապահպանական վեճ էր՝ կապված կենսաբազմազանության պահպանման նպատակով իրականացված գորշ արջի տեսակի վերականգնման և վերաներմուծման ծրագրի անդրսահմանային հետևանքների հետ։ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողները դատախաղի շրջանակում պետությունների ներկայացուցիչների, դատավորների և փորձագետների դերերում քննարկել են կենսաբազմազանության պահպանության, անդրսահմանային բնապահպանական վնասի կանխարգելման, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և պետությունների միջազգային պատասխանատվության փոխկապակցված հարցերը։
Պայմանական պետությունների ներկայացուցիչները «Միջազգային դատարանի» առջև ներկայացրել և պաշտպանել են իրենց հակադիր իրավական դիրքորոշումները՝ հիմնվելով միջազգային պայմանագրերի, միջազգային բնապահպանական իրավունքի սկզբունքների, ինչպես նաև միջազգային դատական և արբիտրաժային պրակտիկայի վրա։ Կողմերը ներկայացրել են իրավական հիմնավորումներ, պատասխանել դատարանի հարցերին և հակադարձել միմյանց փաստարկներին՝ ցուցադրելով միջազգային իրավական վեճի շրջանակում դատավարական ներկայացուցչության հմտություններ։
Առանձնահատուկ ուշադրության է արժանացել դատարանի կազմի աշխատանքը։ Դատավորների դերերում ներկայացած ուսանողները ցուցաբերել են մասնագիտական բարձր պատրաստվածություն, դատավարության ընթացքը ղեկավարելու, կողմերին իրավաբանորեն հիմնավորված և բովանդակային հարցեր ուղղելու, ներկայացված փաստարկները համադրելու և գնահատելու կարողություններ։
Դատախաղն ավարտվել է պայմանական «Արդարադատության միջազգային դատարանի» վճռի հրապարակմամբ։ Դատարանը մասնակիորեն բավարարել է պայմանական պետության պահանջները՝ վճռում անդրադառնալով «Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի (Էսպոյի կոնվենցիա) 2–6-րդ հոդվածներով նախատեսված պարտավորություններին։ Դատական վճռի հրապարակումը դատախաղի կարևորագույն փուլերից էր՝ հնարավորություն ընձեռելով ուսանողներին ցուցադրելու ոչ միայն իրավական դիրքորոշումների ներկայացման և պաշտպանության, այլև դատական ակտի մշակման, իրավական հիմնավորման և որոշումների կայացման հմտությունները։
Ամփոփելով միջոցառումը՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Ա. Իսկոյանի անվան էկոլոգիական իրավունքի կենտրոնի ղեկավար Օլիմպիա Գեղամյանը բարձր է գնահատել նման միջոցառումների դերը՝ ընդգծելով, որ դա հնարավորություն է տալիս ուսանողներին զարգացնելու իրավական փաստարկման և հակափաստարկման հմտությունները, ինչպես նաև քննարկվող խնդիրների բազմակողմանի ընկալումը։ Օլիմպիա Գեղամյանի խոսքով՝ COP17-ին ընդառաջ կազմակերպված այս նախաձեռնության նպատակն էր նպաստել կենսաբազմազանության պահպանման իրավական հիմնախնդիրների շուրջ մասնագիտական երկխոսության ակտիվացմանը՝ միաժամանակ ընդգծելով միջազգային բնապահպանական իրավունքի ուսուցման գործում գործնական մեթոդների կարևորությունը։