Երևանի պետական համալսարանում մեկնարկել է ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման («Լավագույն ուսանող») հանրապետական մրցույթի ներբուհական փուլը։
Մրցույթը հնարավորություն է տալիս արժևորելու բարձր առաջադիմությամբ ուսանողների ձեռքբերումներն ու նախաձեռնությունները կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում՝ խրախուսելով նրանց գիտահետազոտական, ստեղծագործական և հասարակական ակտիվությունը։
Մրցույթին մասնակցելու հնարավորություն ունեն առկա ուսուցմամբ բակալավրիատի 2-4-րդ կուրսերի և մագիստրոսական կրթական ծրագրի առաջին կիսամյակն ավարտած ուսանողները։
ԵՊՀ ներբուհական փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտը և կցել պահանջվող փաստաթղթերը։
Լրացված դիմում-հայտը և փաստաթղթերը մինչև ս.թ. հոկտեմբերի 20-ը՝ ժամը 16:00-ն, անհրաժեշտ է ներկայացնել ԵՊՀ ընդհանուր բաժին (Կենտրոնական մասնաշենք, 2-րդ հարկ, 207 սենյակ), իսկ դրանց էլեկտրոնային (սքանավորված) տարբերակները՝ մեկ ամբողջական PDF ֆայլով, ուղարկել milena.sargsyan@ysu.am էլհասցեին՝ նամակի «Subject» բաժնում նշելով հետևյալը՝ «Լավագույն ուսանող. Ձեր անուն-ազգանունը, ֆակուլտետը, կրթական ծրագիրը և կուրսը» (օրինակ՝ «Լավագույն ուսանող. Պողոս Պողոսյան, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, մագիստրատուրա, 2-րդ կուրս»)։
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ ներբուհական և միջբուհական (հանրապետական)՝ բակալավրի և մագիստրոսական կրթական ծրագրերով, հետևյալ ոլորտներում՝
բնագիտական (այդ թվում՝ մաթեմատիկական-տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներ (ՏՀՏ)),
բժշկություն,
հումանիտար գիտություններ,
հասարակագիտություն,
ճարտարագիտություն (այդ թվում՝ ճարտարապետական և գյուղատնտեսական),
մշակույթ և սպորտ,
հայագիտություն։
Մրցույթի անցկացման կարգին հնարավոր է ծանոթանալ այստեղ։