- Главная
- Главная страница
- Ավելին, քան միայն կրթությունը. ինչպե՞ս սովորել և հետազոտություն կատարել Գերմանիայում KAAD-ի աջակցությամբ
Октября 15, 2026 | 14:30
Գործընկերներ
Կրթություն
Ավելին, քան միայն կրթությունը. ինչպե՞ս սովորել և հետազոտություն կատարել Գերմանիայում KAAD-ի աջակցությամբ
Մագիստրոսական կրթություն, ասպիրանտուրա, հետազոտական և ակադեմիական այցեր Գերմանիայում․ այս հնարավորություններն են ներկայացրել Գերմանիայի կաթոլիկ ակադեմիական փոխանակման ծառայության (KAAD) ներկայացուցիչները Երևանի պետական համալսարանում անցկացված հանդիպման ընթացքում։ Ուսանողներն ու երիտասարդ գիտնականները ծանոթացել են կրթաթոշակային ծրագրերին, մասնակցության պայմաններին և դիմելու ընթացակարգին։
ԵՊՀ-ի և KAAD-ի միջև ձևավորված գործընկերությունը նոր հնարավորություններ է ստեղծում միջազգային ակադեմիական կապերի զարգացման, փորձի փոխանակման և համատեղ գիտակրթական ծրագրերի իրականացման տեսանկյունից:
KAAD-ն ավելին է, քան զուտ կրթությունը
Հանդիպման ընթացքում KAAD-ի Կենտրոնական, Հարավարևելյան և Արևելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Մարկուս Լայմբախը ներկայացրեց կառույցի առաքելությունը, գործունեության հիմնական ուղղությունները և ընտրության չափանիշները: Նա նշեց, որ կազմակերպությունը հիմնադրվել է 1955 թվականին Գերմանիայի կաթոլիկ եկեղեցու նախաձեռնությամբ, իսկ որպես ինստիտուցիոնալ հիմնադրամ իր գործունեությունն սկսել է 1958-ին:
«1958 թվականից ի վեր KAAD-ն ունեցել է շուրջ 11 000 կրթաթոշակառու, և ամեն տարի մենք ընդունում ենք շուրջ 450 նոր ուսանողի ու հետազոտողի, որոնք ուսանում են Գերմանիայի ավելի քան 60 համալսարանում»,- ընդգծեց բանախոսը:
Շեշտելով, որ KAAD-ի նպատակը չի սահմանափակվում միայն նեղ մասնագիտական կրթություն ապահովելով՝ Մարկուս Լայմբախը հավելեց. «Ակնկալում ենք, որ դիմորդները կրթությունը կդիտարկեն իրենց մասնագիտական ոլորտի սահմաններից անդին: Մենք աջակցում ենք այնպիսի ուղղությունների, ինչպիսիք են խաղաղաշինությունը, մարդու իրավունքները, կլիմայի փոփոխությունը, առողջապահությունը, ինչպես նաև մշակութային ինքնության պահպանումը»:
Ովքե՞ր հնարավորություն ունեն դիմելու
KAAD-ի կրթաթոշակային ծրագրերին կարող են դիմել նաև Հայաստանի քաղաքացիները։ Ծրագրերը հիմնականում նախատեսված են կաթոլիկ կամ այլ քրիստոնեական դավանանքի պատկանող այն դիմորդների համար, որոնք դեռևս չեն սովորում Գերմանիայում։
Այլ կրոնների հետևորդները ևս կարող են դիմել, եթե նրանց թեկնածությունն առաջադրում են կաթոլիկ գործընկերները, որոնց հանձնառությունը միջկրոնական երկխոսությանը փաստաթղթավորված է:
Գերմանիայում արդեն սովորող դիմորդների համար գործում է դիմելու առանձին ընթացակարգ՝ տեղի կաթոլիկ համալսարանական համայնքի միջոցով։
Կրթաթոշակային ծրագրերի ուղղությունները
Ծրագրի շրջանակում աջակցություն է տրամադրվում հետևյալ ձևաչափերով.
- Մագիստրոսական ծրագրեր՝ բակալավրի աստիճան ունեցող շրջանավարտներին, որոնք ցանկանում են մագիստրոսական կրթություն ստանալ Գերմանիայում (առավելագույնը՝ 24 ամիս),
- Ասպիրանտական (PhD) ծրագրեր՝ երիտասարդ գիտնականներին, որոնք նպատակ ունեն ատենախոսություն պաշտպանելու Գերմանիայում (առավելագույնը՝ 36 ամիս),
- Գիտահետազոտական այցեր ասպիրանտների համար՝ հայրենիքում PhD կամ հաբիլիտացիոն աշխատանքներ կատարող երիտասարդ գիտնականներին՝ Գերմանիայում հետազոտական փուլ անցկացնելու նպատակով (մինչև 12 ամիս),
- Հետբուհական հետազոտություններ՝ ուսումն ավարտած մասնագետներին, որոնք ծրագրում են հետազոտական այց կամ լրացուցիչ կրթություն Գերմանիայում (այդ թվում՝ բժիշկների մասնագիտական որակավորման բարձրացում),
- Դասախոսական և գիտական այցեր՝ համալսարանի դասախոսներին՝ հետազոտական այցեր կատարելու համար (մինչև 6 ամիս),
- Ուսումնական այցեր մագիստրանտների համար՝ մագիստրոսական կրթական ծրագրերի ուսանողներին՝ գերմանական բուհերում նյութեր հավաքագրելու նպատակով (մինչև 6 ամիս):
Հանդիպման ավարտին ներկաները հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղելու բանախոսին և ստանալու սպառիչ պարզաբանումներ դիմելու ընթացակարգերի վերաբերյալ:
Ծրագրերի, դրանց մասնակցության պայմանների և դիմելու կարգի մասին առավել մանրամասն տեղեկություններ հասանելի են KAAD-ի պաշտոնական կայքէջում։






