- Главная
- Главная страница
- Աշխարհի տարբեր երկրներից շուրջ 400 երիտասարդներ ԵՊՀ-ում քննարկում են կենսաբազմազանության պահպանության մարտահրավերները
Октября 17, 2026 | 19:28
Հասարակություն
Աշխարհի տարբեր երկրներից շուրջ 400 երիտասարդներ ԵՊՀ-ում քննարկում են կենսաբազմազանության պահպանության մարտահրավերները
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության երիտասարդական համաշխարհային գագաթնաժողովը (Global Youth Summit for Biodiversity), որը համախմբել է շուրջ 400 երիտասարդ առաջնորդների Հայաստանից և արտերկրից։ Հոկտեմբերի 17–18-ն անցկացվող միջազգային հանդիպումը COP17-ին ընդառաջ երիտասարդների համար հնարավորություն է ստեղծում քննարկելու կենսաբազմազանության պահպանության առաջնահերթությունները, ներկայացնելու սեփական նախաձեռնությունները և մասնակցելու բնապահպանական քաղաքականության շուրջ երկխոսությանը։
Գագաթնաժողովին մասնակցում են 16-35 տարեկան երիտասարդներ, որոնցից 150-ը ժամանել են արտերկրից, իսկ 250-ը ներկայացնում են Հայաստանը։ Երկօրյա ծրագրում նախատեսված են քննարկումներ, փորձի փոխանակման հանդիպումներ և համատեղ աշխատանքներ՝ ուղղված կենսաբազմազանության պահպանության գործում երիտասարդների մասնակցության ընդլայնմանը։
Համալսարանների համագործակցությունը՝ կենսաբազմազանության պահպանության համար
Ողջունելով գագաթնաժողովի մասնակիցներին՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն անդրադարձել է կենսաբազմազանության պահպանության գործում համալսարանների գիտական և կրթական ներուժի համախմբման կարևորությանը։
Ռեկտորը ներկայացրել է ԵՊՀ նախաձեռնությամբ ստեղծված Հայաստանի բուհերի կենսաբազմազանության կոալիցիան (AUCB), որը միավորում է 15 բարձրագույն ուսումնական հաստատություն։
COP17-ի Կանաչ գոտում կոալիցիայի անդամ համալսարանները համատեղ ներկայացնելու են իրենց հետազոտությունները, նորարարական լուծումներն ու բնության պահպանությանն ուղղված նախաձեռնությունները։ Համագործակցության նպատակն է նաև զարգացնել միջբուհական կապերը և նպաստել գիտական գիտելիքի ու հետազոտական արդյունքների հանրայնացմանը։
Երիտասարդների մասնակցությունը՝ որոշումների կայացումից մինչև գործնական նախաձեռնություններ
Գագաթնաժողովի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում երիտասարդների մասնակցությանը բնապահպանական քաղաքականության ձևավորման և իրականացման գործընթացներում։
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդգծել է, որ այսօր ընդունվող որոշումներն անմիջական ազդեցություն են ունենալու ապագա սերունդների կյանքի վրա, հետևաբար երիտասարդների ներգրավվածությունը կենսաբազմազանության պահպանության գործընթացներում առանձնահատուկ նշանակություն ունի։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը կարևորել է բնապահպանական կրթության դերը՝ շեշտելով, որ այն պետք է դուրս գա դասասենյակների սահմաններից և դառնա երիտասարդների առօրյայի ու հանրային երկխոսության մաս։
Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերն իր խոսքում անդրադարձել է Կունմին–Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագրին՝ ընդգծելով երիտասարդների meaningful մասնակցության անհրաժեշտությունը որոշումների կայացման տարբեր մակարդակներում։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի գործող ղեկավար Սիլվիա Մեստրոնին կենսաբազմազանության պահպանությունը դիտարկել է նաև երեխաների իրավունքների և բարեկեցության տեսանկյունից՝ կարևորելով առողջ էկոհամակարգերի դերը երիտասարդ սերունդների անվտանգության և կյանքի որակի ապահովման գործում։
Միջազգային համագործակցության հարթակ՝ COP17-ին ընդառաջ
Երևանի պետական համալսարանում անցկացվող Կենսաբազմազանության երիտասարդական համաշխարհային գագաթնաժողովը COP17-ին ընդառաջ միջազգային գիտակրթական երկխոսության կարևոր հարթակ է։ Համախմբելով տարբեր երկրների երիտասարդներին և բնապահպանական ոլորտի ներկայացուցիչներին՝ այն նպաստում է գիտելիքի փոխանակմանը, նոր գործընկերությունների ձևավորմանն ու կենսաբազմազանության պահպանության գործընթացներում երիտասարդների մասնակցության ընդլայնմանը։
Գագաթնաժողովի ընթացքում ձևավորվող գաղափարներն ու առաջարկությունները նախատեսված է ներկայացնել նաև COP17-ի շրջանակում՝ նպաստելով երիտասարդների ավելի ակտիվ մասնակցությանը կենսաբազմազանության պահպանության վերաբերյալ միջազգային քննարկումներին։
COP17-ի շրջանակում ԵՊՀ մասնակցությունը ներառում է նաև գիտական քննարկումներ, համալսարանների համատեղ նախաձեռնություններ և հանրային միջոցառումներ։
Միջոցառումների ժամանակացույցին և ԵՊՀ մասնակցության հիմնական ուղղություններին կարելի է ծանոթանալ համալսարանի «ԵՊՀ-ն COP17-ում» թեմատիկ հարթակում։