- Главная
- Главная страница
- Ի՞նչ կարող է պատմել բառը. իրանագետ Մարկո Ֆատտորին՝ հայերենի և իրանական լեզուների պատմական կապերի մասին
Ноября 06, 2026 | 14:45
Գիտություն
Հասարակություն
Միջազգային համագործակցություն
Ի՞նչ կարող է պատմել բառը. իրանագետ Մարկո Ֆատտորին՝ հայերենի և իրանական լեզուների պատմական կապերի մասին
Լեզուների պատմությունը միայն բառերի ու քերականական կանոնների ամբողջություն չէ․ այն նաև ժողովուրդների փոխհարաբերությունների, մշակութային ազդեցությունների և բառերում պահպանված պատմական հետքերի արտացոլումն է։ Հռոմի Սապիենցա համալսարանի գրականության և ժամանակակից մշակույթների դեպարտամենտի հետազոտող, լեզվաբանության դոկտոր Մարկո Ֆատտորին դասախոսություններ է կարդացել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում՝ հայ ուսանողներին ներկայացնելով իր հետազոտական փորձը։ Նրա հետ զրուցել ենք հայերենի և իրանական լեզուների պատմական կապերի, լեզվական փոխառությունների, հին տեքստերի ուսումնասիրության և երիտասարդ հետազոտողների համար անհրաժեշտ գիտելիքների մասին։
- Պարո՛ն Ֆատտորի, սկզբում ուսումնասիրել եք լատիներեն և հին հունարեն, ապա անցել իրանական լեզուների ուսումնասիրությանը։ Ինչպե՞ս ձևավորվեց այդ ճանապարհը։
- Իտալիայում ես ուսումնասիրել եմ դասական լեզուներ՝ լատիներեն և հունարեն։ Միշտ հետաքրքրվել եմ հնդեվրոպական լեզվաբանությամբ, ուստի պատրաստ էի ուսումնասիրելու նաև հնդեվրոպական այլ լեզուներ։ Ուսումնասիրել եմ հայերեն, սանսկրիտ և այլ լեզուներ։ Իրանական լեզուներով սկսեցի հետաքրքրվել հին հունարենի միջոցով։ Հունական գրականության մեջ հանդիպում են իրանական բառեր, անուններ և իրանական աշխարհի հետ կապված տարբեր երևույթներ։ Ինձ հետաքրքրեց այդ բառերի ու անունների ծագումը։ Սկսեցի որոշ չափով ուսումնասիրել իրանական լեզուները և նկատեցի, որ դրանց շատ հետաքրքիր առանձնահատկություններից մեկը կապն է այլ լեզվական ավանդույթների հետ։ Իրանական փոխառություններ կան հայերենում, հունարենում և արամեերենում։ Հենց այս լեզվական կապերն ուսումնասիրելն ինձ համար շատ հետաքրքիր է։
- Ի՞նչ կարող են հին հայերենի և միջին իրանական լեզուների կապերը պատմել Հայաստանի ու իրանախոս ժողովուրդների պատմական հարաբերությունների մասին։
- Սա շատ կարևոր հարց է հատկապես միջին իրանական լեզուների և պարթևերենի պատմության համար։ Մենք տվյալ ժամանակաշրջանի մասին հայերենից ավելի շատ տեղեկություններ ունենք, քան պարթևերենից։ Խոսքը մոտավորապես մ.թ. I–III դարերի լեզվական շփումների մասին է։
Այդ ժամանակաշրջանում, ինչպես նշում եմ իմ ուսումնասիրություններում, պարթևները գերիշխող դիրք ունեին Հայաստանում։ Լեզվական նյութը ցույց է տալիս, որ երկու լեզուների շփումները բավական խորն էին։
Իմ կարծիքով՝ երկլեզվությունը տարածված էր հասարակության տարբեր շերտերում։ Դրա հետևանքով պարթևերենը մեծ ազդեցություն է ունեցել հայերենի վրա ինչպես բառապաշարի, այնպես էլ ձևաբանության և շարահյուսության առումով։ Այսպիսով՝ լեզուների ուսումնասիրությունը մեզ հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու այդ ժամանակաշրջանի շփումների բնույթի մասին։
- Ինչպե՞ս կարող է մի լեզու ազդել մյուսի վրա, և ի՞նչ է դա պատմում այդ լեզուներով խոսող մարդկանց շփումների մասին։
- Սա բավական բարդ երևույթ է, սակայն կբացատրեմ ընդհանուր սկզբունքը։
Լեզուների շփման ամենապարզ ձևերից մեկը բառերի փոխառությունն է։ Մենք բոլորս օգտագործում ենք այլ լեզուներից եկած բառեր՝ անգլերենից, ֆրանսերենից, թուրքերենից, ռուսերենից և այլն։ Սա լեզվական շփման հիմնական մակարդակն է։ Սակայն երբ լեզուների շփումն ավելի խորն է, կարող են փոխառվել ոչ միայն բառերը, այլև արտահայտությունների կառուցվածքները։ Լեզվաբանության մեջ նման երևույթներից մեկը կոչվում է կալկավորում, երբ մեկ այլ լեզվի արտահայտության օրինակով սեփական լեզվի բառերով նոր արտահայտություն է կազմվում։ Օրինակ՝ եթե հայերեն խոսողը երկլեզու է և լավ գիտի ռուսերեն, նա կարող է հայերենում օգտագործել ռուսերենի օրինակով կազմված արտահայտություն։ Այդ դեպքում բառերը հայերեն են, իսկ արտահայտության կառուցվածքը՝ ռուսերենից վերցված։
Նման երևույթներ կարող են առաջանալ, երբ տարբեր լեզուներով խոսող մարդիկ երկար ժամանակ շփվում են, և երկլեզվությունը խորն է։ Սա լեզվական շփման ավելի բարդ մակարդակ է, քան պարզապես առանձին բառերի փոխառությունը։
- Հին արձանագրությունների ուսումնասիրության ընթացքում ինչպե՞ս կարող է տեքստի նոր կամ ավելի ճշգրիտ ընթերցումը փոխել մեր պատկերացումը պատմական իրադարձությունների մասին։
- Դա, իհարկե, կախված է տվյալ փաստաթղթի կարևորությունից։ Ես հաճախ աշխատում եմ մասնակի պահպանված տեքստերի հետ։ Որոշ դեպքերում դրանք առանձին փաստաթղթեր են, որոնց ընթերցման փոփոխությունը էապես չի փոխում անցյալի մասին մեր ընդհանուր պատկերացումը։ Սակայն հնարավորություն եմ ունեցել աշխատելու նաև հին պարսկերենով գրված շատ կարևոր մի արձանագրության՝ Բեհիսթունի արձանագրության հետ։ Այն կապված է Դարեհ Առաջին թագավորի հետ և պատմում է նրա նվաճումների ու գահ բարձրանալու մասին։ Նման արձանագրության դեպքում որևէ հատվածի ընթերցումը փոխելը կամ ավելի որակյալ լուսանկարների միջոցով տեքստն ավելի ճշգրիտ վերականգնելը կարող է որոշ չափով փոխել մեր պատկերացումը տվյալ տարիներին տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Այդ պատճառով նման աշխատանքը կարող է շատ կարևոր լինել։
Այսպիսով՝ սա ավելի շատ բանասիրական խնդիր է, քան զուտ լեզվաբանական։
- Ի՞նչ թեմաների շուրջ կարող են համատեղ աշխատել հայերենն ու իրանական լեզուներն ուսումնասիրող մասնագետները։
- Կան բազմաթիվ թեմաներ։ Իմ կարծիքով՝ առաջին կարևոր քայլերից մեկը պետք է լինի հայ բանասիրությամբ ու ձեռագրագիտությամբ զբաղվող մասնագետների և հայերենն ուսումնասիրող իրանագետների միջև համագործակցության զարգացումը։ Մինչ այժմ այդ խմբերի միջև բավարար հաղորդակցություն չի եղել։ Սա վերաբերում է նաև ինձ․ ես հին հայերենի մասնագետ չեմ՝ բացառությամբ այն հարցերի, որոնք առնչվում են իրանական լեզուների հետ շփումներին և հին ձեռագրերին։
Երբեմն տեքստերի ձեռագրական փոխանցման մասին ավելի խոր գիտելիքները կարող են օգնել լուծելու լեզվաբանական խնդիրներ։ Օրինակ՝ հայերեն ձեռագրերը հաճախ ավելի ուշ շրջանի են, իսկ հին ուղղագրությունը պահպանող տեքստերը քիչ են։ Հին ուղղագրության պահպանված առանձնահատկությունները երբեմն տեղեկություններ են տալիս բառի սկզբնական ձևի մասին։ Ուստի կարծում եմ, որ հայ բանասերների և իրանական լեզուներով զբաղվող լեզվաբանների ավելի սերտ համագործակցությունը կարող է բարելավել մեր հետազոտությունները։ Հատկապես օգտակար կլինեն այն մասնագետները, որոնք կարող են աշխատել երկու ոլորտներում էլ։
- Ձեր փորձից ելնելով՝ ի՞նչն է օգնում երիտասարդ հետազոտողին դուրս գալու սեփական լեզվով հասանելի գիտական գրականության սահմաններից և ավելի լայն պատկերացում կազմելու իր ուսումնասիրած ոլորտի մասին։
- Մի խորհուրդ, որը միշտ տալիս եմ, հետևյալն է՝ փորձե՛ք չսահմանափակվել միայն ձեր լեզվով գրված գիտական աշխատություններով։ Այս խորհուրդը վերաբերում է Հայաստանի, Իտալիայի, Իրանի, Ռուսաստանի և այլ երկրների հետազոտողներին։ Երբեմն մարդիկ նախընտրում են կարդալ իրենց լեզվով հրատարակված նյութերը, բայց այդ աշխատությունները միշտ չէ, որ տվյալ թեմայի հիմնական կամ հեղինակավոր ուսումնասիրություններն են։
Առաջին հերթին անհրաժեշտ է սովորել անգլերեն, ֆրանսերեն և հատկապես գերմաներեն գիտական գրականություն կարդալ։ Գերմաներենը կարևոր տեղ ունի եվրոպական լեզվաբանության մեջ, հատկապես իրանական լեզուների և հայերենի պատմության ուսումնասիրություններում։ Օրինակ՝ հայերենի պատմական քերականության վերաբերյալ կան մի քանի շատ կարևոր աշխատություններ, որոնք գրված են գերմաներենով։ Դրանք ոլորտի հիմնական տեղեկատու աշխատություններից են և, որքան գիտեմ, չեն թարգմանվել այլ լեզուներով։ Ես ինքս համալսարանում գերմաներեն եմ սովորել, որպեսզի կարողանամ օգտվել այդ գրքերից։
Բացի դրանից՝ հայերենն ուսումնասիրելու համար, բնականաբար, պետք է նաև որոշակի չափով հայերեն իմանալ։ Ես անձամբ հայերենին լիարժեք չեմ տիրապետում և որոշ հարցերում օգտվում եմ «Google Translate»-ից, բայց գիտեմ, թե որ գրքերն ու ուսումնասիրություններն են անհրաժեշտ իմ հետազոտության համար։
- Որպես լեզվաբան՝ ունե՞ք սիրելի հայերեն բառ, որը հատկապես հետաքրքրել է Ձեզ իր պատմությամբ կամ ծագմամբ։
- Մի քանի բառ գիտեմ, իհարկե, մի քանիսն էլ ուսումնասիրել եմ։ Օրինակ՝ իմ դասախոսություններից մեկը վերաբերում էր օգնել (օգնություն) բառին։ Չգիտեմ՝ արդյո՞ք դրա հին ձևը դեռ օգտագործվում է ժամանակակից հայերենում, բայց այն ինձ հետաքրքրել է։
Չեմ ասի, թե դա իմ սիրելի բառն է, բայց այն բառերից է, որոնք ուսումնասիրել եմ և որոնց ստուգաբանության բացատրության մեջ ներդրում եմ ունեցել՝ հաշվի առնելով իրանական լեզուների հետ կապերը։