- Главная
- Главная страница
- Գրել նշանակում է նկատել․ ԵՊՀ դասախոս, գրող Գևորգ Սահակյանը՝ գրականության և կյանքի մասին
Ноября 12, 2026 | 13:00
Գործընկերներ
Կարիերա
Շրջանավարտներ
Գրել նշանակում է նկատել․ ԵՊՀ դասախոս, գրող Գևորգ Սահակյանը՝ գրականության և կյանքի մասին
Ստեղծարար ոլորտում ունեցած ձեռքբերումների և միջազգային հարթակներում համալսարանը ներկայացնելու համար ԵՊՀ շրջանավարտների գերազանցության մրցանակի է արժանացել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոս, գրող Գևորգ Սահակյանը, որը ստեղծագործում է «Ջեսահ» կեղծանունով: Պարգևատրումն առիթ դարձավ նրա հետ զրուցելու գրելու, դասավանդելու, գրական ինքնության և ընթերցանության մասին։
- Պարո՛ն Սահակյան, ի՞նչ է Ձեզ համար ստեղծարարությունը, և ինչպե՞ս է այն դրսևորվում Ձեր առօրյայում։
- Դա այն է, ինչ ամենաշատն եմ սիրում՝ գրելը, կարդալը: Առաջին հերթին մտքիս գալիս է դիտողականությունը. քեզ հետ պատահածը փորձում ես ակամա գրական տեքստի վերածել: Իմ դեպքում այդպես է: Լուսանկարիչը կարող է նայել ու մտածել՝ ինչ հետաքրքիր լուսանկար կստացվի, երաժիշտը՝ ոգեշնչվել, իսկ ես ամեն ինչի մեջ տեքստ եմ փորձում գտնել:
Տեքստի յուրահատկությունն էլ այն է, որ պարտադիր չէ՝ շատ արտասովոր բան տեսնես: Կարող է աննկատ մի երևույթ լինել, քչերի ուշադրությունը գրավել, բայց դու հասկանաս, որ դրանից հետաքրքիր տեքստ կստացվի: Դա ստիպում է ամեն ինչին այդ հայացքով նայել:
Արդեն երկու տարի է՝ չեմ գրում, և դա ինձ մի քիչ դժվար է տրվում. նյութ չունեմ:
- Գուցե դա կապված է այն զգացողության հետ, որ ամեն ինչի մասին արդեն գրվե՞լ է:
- Հավանաբար: Կա զգացողություն, որ ամեն ինչ արդեն ասվել ու գրվել է: Նոր բան չես կարողանում պեղել, չգիտես՝ որտեղից նորից նյութ կգտնես:
- Ի՞նչ է փոխվում մարդու մեջ, երբ նա գրական կեղծանուն է ընտրում:
- Ինձ դա օգնում է․ երբ պետք է, այդ անունով եմ ներկայանում, երբ պետք չէ՝ չեմ ներկայանում: Օրինակ՝ երբ դասախոսում եմ, մի քիչ անսովոր կլինի, որ կեղծանունով դիմեն:
Վերջերս Վանաձորից ընկերներս հրավիրել էին գրական թեմայով խոսելու: Մեկն ասաց՝ «պարոն Ջեսահ» (ծիծաղում է — հեղ.): Շատ ծիծաղելի էր. անսովոր էր կեղծանվանս հետ «պարոն» դիմելաձևը լսելը:
Կեղծանունը ինքնությունները տարանջատելու լավ միջոց է: Երբեմն կարող ես ավելի ազատ զգալ ու որոշ հարցերի շուրջ կարծիք հայտնել որպես արձակագիր, քան որպես, օրինակ, պետական կառույցի աշխատակից կամ դասախոս:
- Ուսանողները հետաքրքրվո՞ւմ են Ձեր գրական գործունեությամբ: Դասերի ընթացքում գրականությունից խոսո՞ւմ եք:
- Դասի ժամանակ հիմնականում դասից ենք խոսում: Երբեմն կարող ենք մի քիչ շեղվել, օրինակ, գրականությունից խոսել, որ հետաքրքիր լինի, ուսանողները շատ չհոգնեն: Բայց ինձ համար սկզբունքային է իմ գրքերից չխոսելը:
- Արհեստական բանականության տարածումն ինչպե՞ս է անդրադարձել ուսանողներին տրվող Ձեր հանձնարարությունների վրա:
- Երբ արհեստական բանականության (ԱԲ) գործիքները լայն տարածում ստացան, այլևս ուսանողներին ռեֆերատ գրել չհանձնարարեցի: Եթե ես էլ ուսանող լինեի, իհարկե, կօգտագործեի ԱԲ-ն:
- ԵՊՀ-ում դասավանդելու տարիներին ի՞նչ փոփոխություններ եք նկատել կրթության որակի և ուսումնական գործընթացի կազմակերպման մեջ:
- ԵՊՀ-ում կրթության որակից շատ գոհ եմ. այն տարեցտարի բարելավվում է: Ամեն տարի ներգրավվում եմ քննական հանձնաժողովներում և տեսնում եմ, որ ուսանողների պատրաստվածության մակարդակը շատ բարձր է: Շատ խելացի ուսանողներ կան, ինչը, իհարկե, գովելի է:
Բավական բան է փոխվել. պահանջներն ավելի են խստացել: Օրինակ՝ պահանջվում է նախապես ներկայացնել մագիստրոսական թեզի մեթոդաբանական մասը: Այսինքն՝ ուսանողները չեն սպասում վերջին օրվան՝ հետո ստիպված անորակ աշխատանք գրելու համար: Թվում է՝ պարզ ընթացակարգային հարց է, բայց շատ բան է փոխում:
- Ձեր ինստագրամյան էջում նաև գրքերի մասին եք խոսում։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ մարդը պետք է գիրք կարդա:
- Ես շատ եմ սիրում գիրք կարդալ: Ամեն ինչից կարող եմ հոգնել, բայց ընթերցանությունը միակ բանն է, որն ինձ երբևէ չի հոգնեցրել: Քանի որ դա ինձ համար հրաշք է, վատ եմ զգում, երբ չեմ կարողանում ուրիշներին բացատրել, թե ինչ են բաց թողնում՝ հրաժարվելով կարդալուց:
Պատմության ամենախելացի մարդիկ՝ թե՛ փիլիսոփաները, թե՛ գրողները, իրենց հղկված մտքերը մեզ են նվիրում: Ինչպե՞ս կարելի է այդպիսի նվերից հրաժարվել:
Կարևորում եմ նաև ժամանակակիցներին կարդալը, քանի որ նրանք մեր կյանքի մասին են գրում:
- Գրական ո՞ր ստեղծագործություններն են Ձեզ վրա մեծ ազդեցություն թողել:
- «Դորյան Գրեյի դիմանկարը»․ ընթերցանությունը նոր սկսողների համար ֆանտաստիկ գիրք է:
Դրանից հետո մեծ ազդեցություն ունեցավ «Այսպես խոսեց Զրադաշտը»: Իմ սեղանի գիրքն է, երևի տասը-տասնհինգ անգամ կարդացել եմ: Հիմա կարդալիս գուցե նույն ընկալումը չունենամ, բայց այն ժամանակ հենց այդ գրքից հետո սկսեցի մտածել, թե ինչպիսին կարող է լինել հեղինակի միտքը, ինչ ձևեր կարող է ընդունել, ինչ մտքեր կարող են ծնվել:
Հետո Դոստոևսկու «Կարամազով եղբայրներն» էր, դրանից հետո՝ Ֆոլքները: Շեքսպիրն էլ, իհարկե, ընթացքում պարբերաբար զարմացնում էր:
Վերջին հեղինակը, որ տպավորել է ինձ, Քորմաք Մաքքարթին է: Տարիներ շարունակ որևէ մեկի գործը կարդալիս չէի մտածել՝ այս ի՜նչ նոր բան արեց: Իսկ նրա դեպքում մտածել եմ: