- Главная
- Главная страница
- ԱԲ դարաշրջանում փոխվում է ոչ միայն տեքստ ստեղծողի, այլև ընթերցողի դերը․ հարցազրույց դոկտոր Լորենցո Ինկարդոնայի հետ
Октября 20, 2026 | 11:30
Կոնֆերանսներ
ԱԲ դարաշրջանում փոխվում է ոչ միայն տեքստ ստեղծողի, այլև ընթերցողի դերը․ հարցազրույց դոկտոր Լորենցո Ինկարդոնայի հետ
Արհեստական բանականության զարգացմանը զուգընթաց փոխվում են ոչ միայն տեքստերի ստեղծման եղանակները, այլև դրանց ընթերցման ու գնահատման չափանիշները։ Ինչպե՞ս տարբերակել մարդու և ԱԲ-ի ստեղծած բովանդակությունը, արդյո՞ք միշտ է անհրաժեշտ դա անել, և ինչո՞ւ է քննադատական ընթերցանությունն ավելի կարևոր դառնում։ Այս հարցերին է անդրադարձել նշանագիտության հետազոտող Լորենցո Լեուչիո Դոմենիկո Ինկարդոնան՝ Երևանի պետական համալսարանում անցկացված «Մեդիատեքստ, նշանագիտություն և արհեստական բանականություն. նոր իմաստների որոնման ճանապարհին» միջազգային գիտաժողովի շրջանակում։
Արհեստական բանականության հաջորդ մարտահրավերը
Արհեստական բանականության համակարգերն այսօր հիմնականում հիմնվում են վիճակագրական օրինաչափությունների վրա։ Սակայն, ըստ Լորենցո Ինկարդոնայի, ոլորտի զարգացման կարևոր ուղղություններից մեկը համակարգերի՝ աշխարհի մասին գիտելիքը ներկայացնելու և ավելի հիմնավորված դատողություններ կատարելու կարողությունների զարգացումն է։
Հետազոտողը մասնավորապես առանձնացնում է այսպես կոչված «աշխարհի մոդելների» (world models) ստեղծումը։
«Այսօր ոլորտի առաջատար հետազոտությունների հիմնական նպատակն է անցում կատարել դեպի «աշխարհի մոդելներ»։ Հարցը հետևյալն է. կարո՞ղ ենք արդյոք է՛լ ավելի զարգացնել արհեստական բանականությունը՝ տրամադրելով գիտելիքի հուսալի ներկայացում և ամուր օնտոլոգիաներ, որպեսզի համակարգը կարողանա ավելի խոր և տրամաբանված դատողություններ անել հենց աշխարհի և իրականության ներսում»,- նշում է հետազոտողը։
Այս մոտեցման հիմքում ԱԲ համակարգերի կարողությունների ընդլայնման գաղափարն է՝ վիճակագրական օրինաչափություններից անցում կատարելով գիտելիքի ավելի կառուցվածքային ներկայացման և տրամաբանական դատողությունների։
Մա՞րդ, թե՞ ԱԲ. որքանո՞վ է կարևոր հեղինակի ինքնությունը
Ինչպե՞ս հասկանալ՝ տեքստը գրել է մա՞րդը, թե՞ արհեստական բանականությունը։
Լորենցո Ինկարդոնայի պատասխանը կարող է անսպասելի թվալ. «Մենք չպետք է տարբերակենք»։
Հետազոտողի դիտարկմամբ՝ արհեստական բանականության ստեղծած տեքստերը նույնպես կարելի է ուսումնասիրել որպես նշանագիտական արտեֆակտներ։ Այս տեսանկյունից կարևոր է ոչ միայն այն, թե ով կամ ինչն է ստեղծել տեքստը, այլև այն, թե ինչպես է ընթերցողը մեկնաբանում և գնահատում դրա բովանդակությունը։
«Մեր նպատակը պետք է լինի ընթերցողների նոր մշակույթի ձևավորումը։ Մենք պետք է կենտրոնանանք ընթերցողի՝ մարդու քննադատական ընթերցանության հմտությունների վրա և չափազանց չմտահոգվենք հեղինակային պատկանելությամբ՝ մարդկային կամ արհեստական լինելու իմաստով»,- ընդգծում է Ինկարդոնան։
Այսպիսով՝ հետազոտողն առաջարկում է ուշադրությունը տեքստի ծագումից տեղափոխել նաև դրա ընկալման և քննադատական վերլուծության վրա։
Ինչպե՞ս պարզել տեքստի ծագումը
Թեև Ինկարդոնան առաջնային է համարում բովանդակության իմաստն ու արժեքը, նա չի բացառում, որ որոշ դեպքերում անհրաժեշտ է պարզել՝ ինչպես և ով է ստեղծել տեքստը։
Այսօր գոյություն ունեն ԱԲ-ի ստեղծած բովանդակությունը հայտնաբերելու տարբեր գործիքներ, որոնք վերլուծում են տեքստերի լեզվական և ոճական առանձնահատկությունները։ Սակայն հետազոտողն առաջարկում է խնդրին մոտենալ նաև բանասիրական և հետաքննական մեթոդներով։ Մասնավորապես՝ ուսումնասիրել, թե ինչ աղբյուրներ են օգտագործվել տեքստը ստեղծելիս, ինչպես են դրանք մշակվել և արդյոք հեղինակն իրականում հասանելիություն է ունեցել դրանց։
«Ահա սրանք են այն հանգամանքները, որոնց ուշադրություն կդարձնեի մարդկային և արհեստական հեղինակներին տարբերակելու համար, թեև, կրկնում եմ, մենք չպետք է չափազանց շատ մտահոգվենք դրանով»,- եզրափակում է Լորենցո Ինկարդոնան։
Հետազոտողի դիտարկումները ցույց են տալիս, որ արհեստական բանականության զարգացումը նոր հարցեր է առաջադրում ոչ միայն տեխնոլոգիաներ ստեղծողների, այլև տեքստեր ընթերցողների առջև։ Այս համատեքստում առավել մեծ նշանակություն են ստանում աղբյուրները ստուգելու, տեղեկությունը վերլուծելու և բովանդակությունը քննադատաբար գնահատելու հմտությունները։
Բանախոսի մասին
Լորենցո Լեուչիո Դոմենիկո Ինկարդոնան (Lorenzo Leucio Domenico Incardona) նշանագիտության դոկտոր է, արհեստական բանականության ոլորտի դասախոս և խորհրդատու։
Դոկտորական աստիճանը ստացել է Բոլոնիայի համալսարանում։ Նրա հետազոտությունը նվիրված է եղել հաշվողական նշանագիտությանը և Սեմանտիկ վեբին (Semantic Web)։ 2013 թվականին արժանացել է «Էնրիկո Մանկա» մրցանակին։
Ավելի քան տասը տարի աշխատում է նշանագիտության և տեխնոլոգիաների փոխառնչության ոլորտում։ Ղեկավարել է միջազգային հետազոտական թիմեր՝ գիտելիքի գրաֆների (Knowledge Graphs), տվյալների մշակման և արհեստական բանականության մոդելների ուսուցման ուղղություններով։
Դասավանդում է արհեստական բանականության հիմունքներ, հրահանգների նախագծում (Prompt Engineering), գեներատիվ ԱԲ, ինչպես նաև արհեստական բանականության էթիկական և իրավական հիմնախնդիրներ։