- Главная
- Главная страница
- ԵՊՀ-ն՝ արհեստական բանականության ոլորտում միջազգային հետազոտությունների զարգացման նախագծում
Октября 22, 2026 | 15:30
Գիտություն
Կրթություն
Հետազոտական կենտրոններ և ինստիտուտներ
ԵՊՀ-ն՝ արհեստական բանականության ոլորտում միջազգային հետազոտությունների զարգացման նախագծում
Երևանում մեկնարկել է Եվրոպական միության «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակում իրականացվող WARIE միջազգային նախագիծը, որի նպատակն է զարգացնել Արևելյան գործընկերության երկրների գիտահետազոտական կարողությունները արհեստական բանականության ոլորտում և ընդլայնել միջազգային համագործակցությունը։ Նախագծի գործընկեր ԵՊՀ-ն կներգրավվի համատեղ հետազոտությունների կատարման և գիտական կապերի ամրապնդման աշխատանքներում։
Հոկտեմբերի 21–22-ը Երևանում անցկացվում են «Widening AI Research and Innovation for Excellence in the Eastern Partnership» (WARIE) նախագծի մեկնարկային աշխատաժողովն ու պաշտոնական բացման միջոցառումը։
Եվրոպական միության «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակում իրականացվող WARIE նախագիծը նպատակ ունի ամրապնդելու Արևելյան գործընկերության երկրների գիտահետազոտական և նորարարական կարողությունները՝ արհեստական բանականության ոլորտում գիտական գերազանցության զարգացման, հետազոտողների կարողությունների հզորացման և միջազգային համագործակցության ընդլայնման միջոցով։
Նախագիծը համակարգում է ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը (ԻԱՊԻ)։ ԵՊՀ-ն նախագծին մասնակցում է որպես գործընկեր՝ ներդնելով արհեստական բանականության, մեքենայական ուսուցման և կիրառական մաթեմատիկայի ոլորտներում իր գիտական ներուժն ու փորձը։
Հոկտեմբերի 21-ին մեկնարկային աշխատաժողովն անցկացվեց ԻԱՊԻ-ում։ Գործընկեր հաստատությունները ներկայացրին իրենց գիտական ներուժը, նախագծում նախատեսված դերերն ու պարտականությունները և ակնկալվող ներդրումները։ Քննարկվեցին նաև աշխատանքային փաթեթների նպատակները, դրանց իրականացման մեթոդաբանությունը, ակնկալվող արդյունքներն ու ժամանակացույցը։
Աշխատաժողովի օրակարգում ընդգրկված էին որակի և տվյալների կառավարման, էթիկայի, հաղորդակցության, արդյունքների տարածման ու նախագծի կայունության հարցերը։ Երկրորդ օրը տեղի ունեցավ կառավարման կոմիտեի նիստ, որի ընթացքում քննարկվեցին նախագծի կառավարման փաստաթղթերը, առաջին տարվա աշխատանքային պլանն ու գործընկերների համագործակցության հիմնական հարցերը։
Հոկտեմբերի 22-ին «Հոլիդեյ ինն Երևան» հյուրանոցում տեղի ունեցավ WARIE նախագծի պաշտոնական բացումը։ Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեն և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։
Այնուհետև WARIE նախագծի համակարգող, պրոֆեսոր Հրաչյա Ասցատրյանը ներկայացեց նախագծի տեսլականը, նպատակները, ակնկալվող ազդեցությունը և համապատասխանությունը «Հորիզոն Եվրոպա» ծրագրի՝ գիտահետազոտական կարողությունների հզորացման առաջնահերթություններին։
WARIE-ն միավորում է Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի և Շվեդիայի համալսարաններ ու գիտահետազոտական կազմակերպություններ։ Գործընկերությունը նպատակ ունի ամրապնդելու միջազգային գիտական կապերը, զարգացնելու երիտասարդ հետազոտողների մասնագիտական կարողությունները, խթանելու արհեստական բանականության պատասխանատու կիրառումն ու տարածելու բաց գիտության սկզբունքները։
Երևանի պետական համալսարանի մասնակցությունը նախագծին նոր հնարավորություններ կստեղծի գիտահետազոտական կարողությունների զարգացման, միջազգային գիտական ցանցերում ներգրավվածության ընդլայնման և արհեստական բանականության ոլորտում համատեղ հետազոտությունների կատարման համար։
Նախագծի տևողությունը՝ 2026 թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2030 թ. սեպտեմբերի 30-ը։



