- Главная
- Главная страница
- Խաղաղությունը՝ իրավունքի և կրոնների տեսանկյունից. ԵՊՀ-ում մեկնարկել է միջազգային գիտաժողով
Ноября 06, 2026 | 12:12
Գիտություն
Կոնֆերանսներ
Միջազգային համագործակցություն
Խաղաղությունը՝ իրավունքի և կրոնների տեսանկյունից. ԵՊՀ-ում մեկնարկել է միջազգային գիտաժողով
Խաղաղությունը սկսվում է այնտեղ, որտեղ մարդկային կյանքը վեր է դասվում քաղաքական շահերից, իրավունքը գործում է բոլորի համար հավասարապես, իսկ տարբեր ժողովուրդների ու կրոնների միջև երկխոսությունը փոխարինում է թշնամանքին։ Հենց այս ընկալումն էր միավորել տարբեր երկրների գիտնականների, իրավագետների ու հոգևոր գործիչների ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում մեկնարկած «Խաղաղությունը և բռնությունից զերծ աշխարհը՝ միջազգային իրավունքի և միաստվածային կրոնների տեսանկյունից» խորագրով միջազգային երկրորդ գիտաժողովում։
Գիտաժողովն անցկացվում է «Մշակույթների մերձեցման միջազգային» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ Երևանի պետական համալսարանի, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի, Իրանի կրոնների երկխոսության կենտրոնի և Թեհրանի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի համագործակցությամբ։
Բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ միջազգային կապերի, զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը։ Նա ընդգծեց, որ բռնության պատճառները հասկանալու և այն կանխարգելելու համար անհրաժեշտ է տարբեր երկրների, մշակույթների ու կրոնական ավանդույթների ներկայացուցիչների համագործակցությունը։ Նրա խոսքով՝ կայուն խաղաղության և զարգացման կարևոր պայմաններ են կառուցողական երկխոսությունը, փոխադարձ ճանաչողությունն ու փորձի փոխանակումը։
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին անդրադարձավ միջազգային իրավունքի նորմերի հավասար կիրառման և զինված հակամարտությունների ընթացքում խաղաղ բնակչության պաշտպանության հարցերին։ Նա շեշտեց, որ միջազգային իրավական չափանիշները պետք է նույն կերպ կիրառվեն բոլոր պետությունների նկատմամբ՝ անկախ նրանց քաղաքական կամ տնտեսական ազդեցությունից։
«Միջազգային իրավունքը չպետք է ճկուն լինի մեծ տերությունների նկատմամբ՝ միաժամանակ խիստ լինելով այլ երկրների նկատմամբ։ Մենք ունենք մեկ օրենք, և այդ օրենքը հավասար է բոլորի համար։ Երեխայի կյանքը ամբողջ աշխարհում պետք է ունենա հավասար պաշտպանություն»,- ընդգծեց դեսպանը։
Միջազգային իրավունքի խնդիրներին անդրադարձավ նաև ԻԻՀ արդարադատության նախարարի իրավական և խորհրդարանական հարցերով տեղակալ, դոկտոր Սեյեդ Մոհամմադ Մեհդի Ղամամին։ Նա ներկայացրեց զինված հակամարտությունների ընթացքում հնարավոր իրավախախտումների գնահատման և դրանց համար պատասխանատվության մեխանիզմները՝ առանձնացնելով երեք հիմնական ուղղություն՝ իրավախախտումների կանխարգելում, իրավախախտում կատարած անձանց պատասխանատվության ենթարկում և տուժածներին պատճառված վնասի հատուցում։
Մասնակիցների զեկուցումներում խաղաղության խնդիրը դիտարկվեց նաև հոգևոր և բարոյական հարթությունում։ Քրիստոնեության, իսլամի և հուդայականության արժեքային համակարգերի համադրությամբ ընդգծվեց, որ մարդկային կյանքի պաշտպանությունը, արդարությունը, մերձավորի հանդեպ հարգանքն ու պատասխանատվությունը միաստվածային կրոնների կարևոր սկզբունքներից են։ Քննարկումների ընթացքում շեշտվեց, որ կրոնական համոզմունքները չեն կարող ծառայել բռնության ու ծայրահեղականության արդարացմանը, իսկ կրոնական տարբերությունները չպետք է վերածվեն հակամարտության պատճառի։
Գիտաժողովի շրջանակում ներկայացվեց նաև նախորդ գիտաժողովի զեկուցումների հիման վրա հրատարակված գիտական հոդվածների ժողովածուն։ Գրքի շնորհանդեսը շարունակականություն հաղորդեց նախաձեռնությանը՝ մեկտեղելով նախորդ քննարկումների արդյունքներն ու ձևավորելով գիտական նոր բանավեճերի հիմք։ Այս համատեքստում առանձնացվեց նաև կրթական հաստատությունների դերը․ ակադեմիական միջավայրն ու երիտասարդների ներգրավվածությունը կարող են նպաստել հանդուրժողականության, հումանիզմի և մշակութային բազմազանության նկատմամբ հարգանքի տարածմանը։
Գիտաժողովի առաջին օրը՝ նոյեմբերի 5-ին, միջազգային իրավունքին նվիրված թեմատիկ նիստում զեկուցումներով հանդես եկան Հասան Զունին՝ Լիբանանից, Բերնադետ Զայդանը՝ Ավստրալիայից, Ահմադ Ալի Մոհսենզադեն և Էլհամ Ամինզադեն՝ Իրանից, Սեյիդ Ալի Ավջուն՝ Թուրքիայից, ինչպես նաև Գրիգոր Բալասանյանը՝ Հայաստանից։
Գիտաժողովի աշխատանքները շարունակվում են նաև այսօր՝ նոյեմբերի 6-ին։ Օրվա ծրագրում նախատեսված են համատեղ մասնագիտական նիստ՝ ԵՊՀ իրավագիտության և աստվածաբանության ֆակուլտետների դասախոսների ու գիտաժողովի օտարերկրյա մասնակիցների մասնակցությամբ, ինչպես նաև միջկրոնական երկխոսություն՝ միաստվածային կրոնների ներկայացուցիչների և մտավորականների մասնակցությամբ։









