- Главная
- Главная страница
- Միասին մտածել և գործել. արդի մարտահրավերներն ու փիլիսոփայական մտքի դերը
Ноября 20, 2026 | 23:29
Կրթություն
Հասարակություն
Միջոցառումներ
Միասին մտածել և գործել. արդի մարտահրավերներն ու փիլիսոփայական մտքի դերը
Փիլիսոփայության համաշխարհային օրվա առթիվ ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում տեղի ունեցավ «Միասին մտածել և գործել. փիլիսոփայությունը բազմաբնույթ մարտահրավերների աշխարհում» խորագրով պանելային քննարկումը, որը դարձավ հարթակ՝ վերարժևորելու փիլիսոփայության դերը մարդկային մտածողության զարգացման, երկխոսության խթանման, հասարակական խնդիրների վերլուծության և տարբեր գաղափարների ու տեսակետների միջև փոխըմբռնման ձևավորման գործում։
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի, Համահայկական փիլիսոփայական ասոցիացիայի և «Հանրային փիլիսոփայության կենտրոն» ՀԿ-ի համատեղ կազմակերպած միջոցառումը մեկնարկեց Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյանի ողջույնի խոսքով: Շնորհավորելով ներկաներին Փիլիսոփայության համաշխարհային օրվա առթիվ՝ դեկանը կարևորեց նմանօրինակ նախաձեռնությունների դերը փիլիսոփայական մտքի զարգացման, մասնագիտական երկխոսության և գիտական քննարկումների խթանման գործում։
Պանելային քննարկման մասնակիցներն էին ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դասախոսները՝ Փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը, նույն ամբիոնի դոցենտ Դավիթ Մոսինյանը, Սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության և գեղագիտության ամբիոնի դոցենտներ Արման Ղարագուլյանը և Կարինե Յարալյանը:
Քննարկման առանցքում անհամաձայնության և արժեքային բազմակարծության պայմաններում համատեղ մտածողության ու գործողության հնարավորություններն էին, փիլիսոփայության հանրային նշանակությունը, ժամանակակից փիլիսոփայի պատասխանատվությունը և Հայաստանում փիլիսոփայական մտածողության հանրայնացման անհրաժեշտությունը։
Մասնակիցներն անդրադարձան «Ինչպե՞ս մտածել միասին», «Կոլեկտիվ մտագործունեություն», «Ժամանակակից փիլիսոփա» և այլ հարցերի՝ ներկայացնելով տարբեր դիրքորոշումներ, փոխանակելով տեսակետներ և քննարկելով փիլիսոփայական մտածողության դերն ու հնարավորությունները ժամանակակից հասարակության մեջ։
Քննարկման ընթացքում կարևորվեց այն գաղափարը, որ բազմաբնույթ մարտահրավերների պայմաններում համատեղ մտածողությունը ենթադրում է ոչ թե պարտադիր համաձայնություն, այլ տարբեր տեսակետներ լսելու, քննադատաբար վերլուծելու և ընդհանուր լուծումներ փնտրելու կարողություն։ Այս համատեքստում ընդգծվեց փիլիսոփայության՝ որպես գիտակարգի առկայության կարևորությունը ոչ միայն համալսարանական և ակադեմիական շրջանակներում, այլև հանրային կյանքում։
Միջոցառումը դարձավ մասնագիտական մտքերի փոխանակման, տարբեր մոտեցումների ներկայացման և փիլիսոփայության արդիական նշանակության շուրջ երկխոսության հարթակ՝ ևս մեկ անգամ ընդգծելով միասին մտածելու և գործելու կարևորությունը ժամանակակից հասարակությունում։ Այն ուղեկցվեց ոչ միայն բովանդակային և մասնագիտական քննարկումներով, այլև մշակութային կատարումներով. ուսանողների երաժշտական կատարումները միջոցառմանը հաղորդեցին գեղարվեստական ջերմ մթնոլորտ:
Հավելենք, որ Փիլիսոփայության համաշխարհային օրը նշվում է ամեն տարի նոյեմբերի երրորդ հինգշաբթին, որը սահմանել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ նպատակ ունենալով խրախուսելու քննադատական մտածողությունը և փիլիսոփայական ժառանգության արժևորումը տարբեր մշակույթներում։