- Գլխավոր
- Նորություններ
- Ընտանեկան գաղտնիքից մինչև համամարդկային արդարություն. Փիթեր Բալաքյանի բանախոսությունը ԵՊՀ-ում
Նոյեմբեր 20, 2026 | 11:45
Կրթություն
Հասարակություն
Միջոցառումներ
Ընտանեկան գաղտնիքից մինչև համամարդկային արդարություն. Փիթեր Բալաքյանի բանախոսությունը ԵՊՀ-ում
ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի նախաձեռնությամբ Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել ամերիկահայ անվանի գրող, բանաստեղծ, Քոլգեյթի համալսարանի (Նյու Յորք) պրոֆեսոր և Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Փիթեր Բալաքյանի հանրային դասախոսությունը: Հայ ընթերցողին Բալաքյանն առավել հայտնի է «Ճակատագրի սև շունը» ինքնակենսագրական գրքով, որտեղ հեղինակը բացահայտում է իր ընտանիքի պատմությունը:
Պրոֆեսոր Բալաքյանը «Տրավմայի փոխանցումը սերնդեսերունդ» խորագրով դասախոսության ընթացքում խոսել է սերունդների միջև տրավմայի փոխանցման և սեփական ինքնության որոնումների ու Հայոց ցեղասպանության հոգեբանական հետևանքների հաղթահարման մասին։
ԱՄՆ-ում մեծացող պատանի Բալաքյանը տասնամյակներ շարունակ չգիտեր իր տատիկի և ընտանիքի վերապրած ողբերգության մասին, քանի որ ընտանիքում այդ թեման տաբու էր՝ երեխաներին ցավից պաշտպանելու նպատակով։ Ավագ սերունդը փորձում էր երեխաներին զերծ պահել անցյալի ցավից։ Ըստ գրողի՝ այդ չասված, ճնշված հիշողությունները վերածվում էին չբացատրված տագնապի և անհանգստության՝ անտեսանելիորեն փոխանցվելով երրորդ սերնդին։
«Ինձ համար մեծ հպարտություն է, որ իմ գրքերն ունեն հայերեն հրատարակություններ…. Ներողություն եմ խնդրում, որ չեմ կարող խոսել հայերեն. դա իմ կյանքի բազմաթիվ ձախողումներից մեկն է». Փիթեր Բալաքյան
Գրողի մանկությունն անցել է 1950-60-ականներին Նյու Յորքի արվարձաններում, որտեղ նա մեծացել է երկու տարբեր մշակույթների խաչմերուկում: Մի կողմից՝ տիպիկ ամերիկյան կենսակերպն էր ու պատանեկան տարվածությունը սպորտով և ռոքնռոլով, մյուս կողմից՝ փակ դռների հետևում ապրող հայկականությունը։ Բալաքյանի ընտանիքում Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայն չէին խոսում. ծնողները հայերենն օգտագործում էին որպես գաղտնի լեզու, իսկ ցեղասպանությունը վերապրած տատիկը՝ Նաֆինա Շեքերլեմջյանը, անցյալի մասին հաղորդակցվում էր հայկական հեքիաթների միջոցով։ Չափահաս դառնալով՝ գրողն աստիճանաբար սկսել է ապակոդավորել այդ ընտանեկան լռությունը, որը դուրս էր հորդում տատիկի հեքիաթների, կիսաձայն խոսակցությունների և հայկական կենցաղի այլ խորհրդանիշների միջոցով։
«Ամեն ընտանիք ունի գաղտնիք, և երբ բավականաչափ մեծանում ես, բացում ես այդ պահարանը ու տեսնում, թե ինչ կմախքներ են այնտեղ կախված: Իմ ընտանիքի գաղտնիքը, որի մասին ոչ ոք բացահայտ չէր խոսում, Հայոց ցեղասպանության մութ ու սարսափելի անցյալն էր»,- ընդգծում է գրողը:
Փ. Բալաքյանը այս երևույթը հանգամանորեն բացահայտում է «Ճակատագրի սև շունը» («Black Dog of Fate») ստեղծագործության մեջ՝ կատարելով յուրահատուկ հոգեվերլուծություն՝ բացահայտելով իր ընտանիքն ու Հայոց ցեղասպանությունը: Պատմության կցկտուր պատառիկների, հայկական բանահյուսության որոշ դրվագների և հայկական ավանդական ուտեստների պատրաստման ծեսերի միջոցով գրողին փոխանցված տրավման և մանկության տարիների հատվածական հիշողությունները տարիներ անց վերածվել են սեփական ընտանիքի պատմությունն ուսումնասիրելու ձգտման և, ի վերջո, ինքնության բացահայտման: Ըստ գրողի՝ երբ անհատը բացահայտում է ընտանիքի ճնշված պատմությունը, լռությունը վերածվում է գիտակցված հիշողության, իսկ գրականությունը՝ որպես անհատի և պատմական ճշմարտության բարձրաձայնում, դառնում է բաղձալի «փրկօղակ», ասել է թե՝ տրավմայի հաղթահարման գործիք, որը կոտրում է վերջինիս փոխանցման շղթան:
Ի դեպ, անցյալի խորքային ուսումնասիրության համար շրջադարձային է եղել 1913-1916 թվականներին Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի հուշերի ընթերցումը, որն օգնել է երիտասարդ Փիթեր Բալաքյանին ընկալելու իր ընտանիքի ողբերգության իրական մասշտաբները։
Այս փնտրտուքները հիմք են դարձել Բալաքյանի «Լույսի տխուր օրեր» («Sad Days of Light») բանաստեղծական գրքի համար, որտեղ հեղինակն անդրադառնում է թուրքական ժխտողականությանը։ Ըստ Բալաքյանի՝ այդ պայքարը ոչ միայն հայ-թուրքական խնդիր է, այլև մարդու իրավունքների ոտնահարման, կոռուպցիայի և ժխտողականության դեմ ուղղված համամարդկային պայքար:
Ի վերջո, յուրաքանչյուր հայի ընտանեկան պատմություն և անձնական փորձառություն կարևորագույն մասնիկն է այն մեծ ու բարդ խճանկարի, որը ձևավորում է մեր հավաքական հիշողությունը:



