- Главная
- Главная страница
- Գիտությունից դեպի տեխնոլոգիա. ի՞նչ ներկայացրեց ԵՊՀ-ն «ԴիջիԹեք-2026»-ում
Ноября 23, 2026 | 15:15
Հասարակություն
Միջոցառումներ
Գիտությունից դեպի տեխնոլոգիա. ի՞նչ ներկայացրեց ԵՊՀ-ն «ԴիջիԹեք-2026»-ում
Ինչպե՞ս գիտական հետազոտությունը դարձնել բիզնեսի հիմք, արհեստական բանականությամբ հեռավար կառավարել լաբորատոր սարքերը կամ կանխատեսել նոր նյութերի գոյությունն ու հատկությունները։ «ԴիջիԹեք-2026»-ում ԵՊՀ տաղավարի այցելուները բացահայտեցին գիտության գործնական հնարավորությունները։ Գիտաշխատողներից ու ուսանողներից մինչև ՍԹԵՄ դպրոցի աշակերտներ՝ համալսարանական թիմերը ներկայացրին հետազոտությունից դեպի տեխնոլոգիական լուծում և գաղափարից դեպի սեփական բիզնես տանող իրենց փորձը։
Նոյեմբերի 20-22-ը «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում անցկացված «ԴիջիԹեք-2026» տեխնոլոգիական ցուցահանդեսում Երևանի պետական համալսարանը ներկայացրեց լաբորատորիաներում և լսարաններում ստեղծվող գիտական գաղափարներն ու դրանց գործնական կիրառության հնարավորությունները։ Արհեստական բանականություն, գերհամակարգչային տեխնոլոգիաներ, ֆոտոնիկա, նանոտեխնոլոգիաներ, տվյալագիտություն, ստարտափ էկոհամակարգ և ՍԹԵՄ կրթություն․ ահա այն հիմնական ուղղությունները, որոնցով ԵՊՀ-ն հանդես եկավ ցուցահանդեսին։
Նոր նյութերի կանխատեսում ԱԲ-ի և քվանտային մեխանիկայի միջոցով
Հաշվարկային նյութագիտության լաբորատորիայի խումբը ցուցահանդեսին ներկայացրեց, թե ինչպես կարելի է քվանտային մեխանիկայի, արհեստական բանականության և ԵՊՀ գերհզոր համակարգիչների միջոցով կանխատեսել նոր նյութերի գոյությունն ու հատկությունները։ Հետազոտությունների կարևոր ուղղություններից մեկը պինդմարմնային մարտկոցներն են, որոնց նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է անվտանգության և էներգատարողունակության բարձրացման հնարավորություններով։
«Քվանտային մեխանիկան և այս մեթոդներն այնքան են զարգացել, որ մենք կարողանում ենք նախապես ապացուցել, թե որ նյութը կարող է գոյություն ունենալ։ Մեր աշխատանքն այս պահին մարդկությանը դեռևս անհայտ, բարձր հատկություններով օժտված նոր նյութեր առաջարկելն է»,- նշեց լաբորատորիայի վարիչ Հայկ Զաքարյանը։
Գազային և ճկուն սենսորներ՝ շրջակա միջավայրի ու շարժումների ուսումնասիրման համար
ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի նյութագիտության և նանոտեխնոլոգիաների կենտրոնի գիտաշխատողները ներկայացրին գազային և ճկուն սենսորներ։ «Էլեկտրոնային քիթ» համակարգում կիրառվող գազային սենսորները հայտնաբերում են վնասակար գազերի անգամ չնչին կոնցենտրացիաներ։ Դրոնների վրա տեղադրված համակարգերն էլ հնարավորություն են տալիս Երևանի օդում՝ տարբեր բարձրությունների վրա, չափելու ածխաթթու գազի (CO₂) քանակությունը։ Ճկուն սենսորները կարող են ծառայել որպես «էլեկտրոնային մաշկ»՝ գրանցելով անգամ թեթև հպումներն ու շարժումները։
«Դրոնների վրա տեղադրված մեր սենսորները հնարավորություն են տալիս մշտադիտարկում կատարելու տարբեր բարձրությունների վրա և հասկանալու օդի աղտոտվածության մակարդակը՝ ի տարբերություն ֆիքսված կայանների։ Բացի դրանից՝ արդեն ունենք համագործակցության հետաքրքիր առաջարկներ մասնավոր ընկերություններից»,- պատմեց կենտրոնի ավագ գիտաշխատող Արտակ Սայունցը։
Իր հերթին Ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիան ցուցադրեց լույսի կառավարման, միկրոմշակման և ԱԲ-ի ինտեգրման լուծումներ։ Տաղավարում այցելուները կարողացան իրական ժամանակում հետևել, թե ինչպես են լաբորատորիայի ֆիզիկական սարքերը հեռավար կերպով կառավարվում ԱԲ համակարգերի միջոցով։
«Մենք ստեղծում ենք համակարգեր, որտեղ արհեստական բանականությունն ու մարդ-հետազոտողը միասին կարող են անմիջականորեն աշխատել իրական ֆիզիկական սարքերի հետ։ Թեև մեծ սարքավորումները լաբորատորիայում են, այստեղից առցանց կառավարում ենք դրանք»,- նշեց ԵՊՀ ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիայի փորձնակ-ինժեներ Ալեքսանդր Հաջոյանը։
Գիտական հետազոտությունից դեպի կայուն ստարտափ
ԵՊՀ տաղավարում այցելուները ծանոթացան նաև Բիզնես ինկուբատորի՝ ասպիրանտների և գիտական աստիճան ունեցող երիտասարդ հետազոտողների համար նախատեսված «Գիտական հետազոտությունից դեպի կայուն ստարտափ» նորարարական կրթաթոշակային ծրագրին, որն իրականացվում է Քորնելի համալսարանի փորձի հիման վրա։ Ծրագրի շրջանակում ավարտական կուրսի ասպիրանտները հնարավորություն են ստանում իրենց գիտական հետազոտության արդյունքը վերածելու բիզնեսի՝ ստանալով շուրջ 15 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսավորում, մենթորություն և բիզնես ինկուբացիոն աջակցություն։
«Համալսարանը գաղափարների հսկայական շտեմարան է, բայց հաճախ հետազոտողները չեն մտածում իրենց գիտական աշխատանքն արտադրանքի վերածելու մասին։ Մենք օգնում ենք ասպիրանտին 8 ամսվա ընթացքում անցնելու այդ ճանապարհը և հիմնելու գրանցված, աշխատող բիզնես»,- նշեց ԵՊՀ բիզնես ինկուբատորի ծրագրի ղեկավար Գայանե Գևորգյանը։
Ներկայացվեցին նաև ուսանողական ստարտափ թիմերի համար նախատեսված բիզնես ինկուբացիոն ծրագրերը, ինչպես նաև համալսարանական հետազոտությունների առևտրայնացմանն ու մասնավոր հատվածի հետ համագործակցության խթանմանն ուղղված նախաձեռնությունները, այդ թվում՝ ««Mini MBA». հոդվածից դեպի բիզնես» ինկուբացիոն ծրագիր-մրցույթը։
Այցելուները տեղեկացան նաև դեկտեմբերի 10-11-ին կայանալիք «Green Innovation Hackathon»-ի մասին, որն անցկացվելու է «Տվյալները և արհեստական բանականությունը բնապահպանական խնդիրների լուծման համար» խորագրով։ GIZ-ի «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հայաստանում» (PSD TVET) ծրագրի հետ համագործակցությամբ իրականացվող հաքաթոնը միտված է բնության պահպանության, կենսաբազմազանության և ջրային ռեսուրսների կայունության ապահովման համար տեխնոլոգիական լուծումների մշակմանը։
Տվյալագիտություն. կրթությունից դեպի մասնագիտական աշխատանք
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը ցուցահանդեսին ներկայացրեց «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» բակալավրի և մագիստրոսական կրթական ծրագրերը՝ անդրադառնալով նաև ՏՏ ոլորտի հետ դրանց կապին ու շրջանավարտների զբաղվածությանը։
«Ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի աճում է․ այս տարի մագիստրոսական ծրագրի բոլոր 40 տեղերը համալրվեցին դեռևս առաջին հայտով»,- ասաց Ֆունկցիաների տեսության և դիֆերենցիալ հավասարումների ամբիոնի ասիստենտ Կարեն Քեռյանը՝ ընդգծելով, որ շրջանավարտների շուրջ 99%-ը աշխատում է հենց ՏՏ ոլորտում։
ՍԹԵՄ դպրոցի աշակերտների սեղանի խաղերը՝ գիտելիքն ամրապնդելու միջոց
ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները պատմեցին իրենց կրթական ծրագրերի և ձեռքբերումների մասին։ Նրանք ներկայացրին իրենց ստեղծած «Բառիմաց» և «Պատմտակ» ինտելեկտուալ սեղանի խաղերը, որոնք նախատեսված են դիմորդների ու աշակերտների գիտելիքները խաղային ձևաչափով ամրապնդելու համար։
Աշակերտներն արդեն հաղթել են բիզնես ինկուբացիոն ծրագրի մրցույթում, ստացել դրամական պարգև և պատրաստվում են խաղերի տպագրությանն ու վաճառքին։
«Այցելուների արձագանքը շատ դրական է․ շատերը հետաքրքրվում են, թե որտեղից կարող են ձեռք բերել խաղերը։ Այժմ բանակցում ենք տպարանների հետ՝ մեծ խմբաքանակով տպագրություն սկսելու համար»,- նշեց ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի աշակերտ Լիլյա Դանիելյանը։
Ցուցահանդեսի ընթացքում ԵՊՀ տաղավար այցելեցին նաև համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, պրոռեկտորներ Միքայել Հովհաննիսյանը, Էլինա Ասրիյանն ու Ռաֆայել Բարխուդարյանը։ Նրանք ծանոթացան ներկայացված աշխատանքներին և զրուցեցին հետազոտական թիմերի անդամների հետ։
Եռօրյա ցուցահանդեսը համալսարանական թիմերին հնարավորություն տվեց ներկայացնելու իրենց մշակումները, լսելու այցելուների արձագանքները և ոլորտային գործընկերների հետ քննարկելու համագործակցության հնարավորությունները։ Ներկայացված նախագծերը ցույց տվեցին գիտական գաղափարի զարգացման տարբեր փուլերը՝ նոր նյութերի հաշվարկային հետազոտությունից մինչև սարքերի կառավարում, արտադրանքի ստեղծում և բիզնեսի հիմնում։



















