- Главная
- Главная страница
- «Սորբոնից Երևանի համալսարան». ԵՊՀ-ում բացվել է Հրաչյա Աճառյանի 150-ամյակին նվիրված ցուցադրություն
Ноября 24, 2026 | 16:00
Հասարակություն
Միջոցառումներ
«Սորբոնից Երևանի համալսարան». ԵՊՀ-ում բացվել է Հրաչյա Աճառյանի 150-ամյակին նվիրված ցուցադրություն
ԵՊՀ պրոֆեսոր Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում բացվեց Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Սորբոնից Երևանի համալսարան» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։ Անտիպ ձեռագրերը, անձնական իրերն ու ուսանողական հուշերը ներկայացնում են մեծ լեզվաբանի գիտամանկավարժական ժառանգությունն ու մարդկային նկարագիրը։ Ցուցադրության բացման միջոցառման շրջանակում ստորագրվեց նաև ԵՊՀ-ի և Հայաստանի կինոյի հիմնադրամի միջև համագործակցության հուշագիր։
Ցուցադրությունն այցելուներին ծանոթացնում է Հրաչյա Աճառյանի համալսարանական գործունեությանը՝ բացահայտելով նաև սիրված դասախոսի առօրյա սովորությունները, հումորն ու հարազատ բուհի հանդեպ նվիրվածությունը։
Ներկայացված են Աճառյանի՝ Առտիալի (Սուչավա) բարբառին նվիրված աշխատության բնօրինակ էջերը, թանգարանում պահվող «Հայերեն արմատական բառարանի» ֆաքսիմիլային վերատպությունն ու լեզվաբանին պատկանած անձնական իրեր։ Ցուցադրությունն անդրադառնում է նրա դասավանդած առարկաներին, գիտական աշխատություններին, գործընկերների ու ուսանողների հետ ունեցած ջերմ հարաբերություններին։ Առանձին բաժնում ներկայացված են նաև գիտնականի կյանքի ողբերգական էջերը՝ նրա դեմ առաջադրված անհիմն մեղադրանքներն ու ձերբակալությունը։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծեց, որ համալսարանի պատմությունն անհնար է պատկերացնել առանց Աճառյանի անվան ու վաստակի։
«Դիտելով այս ցուցադրությունը՝ մտածում եմ, որ համալսարանականները երբեք չեն մահանում. նրանք հավերժ ապրում են մեր սրտերում ու հոգիներում։ Աճառյանը նրանցից է, ում դերն ու վաստակը համալսարանի կյանքում պետք է մշտապես արժևորել, քանի որ համալսարանի անունը սերտորեն կապված է նրա անվան հետ։ Երբ ասում ենք լեզվաբանություն, առաջինը հենց Աճառյանի անունն է մտաբերվում։ Այսօր ցուցասրահում տարբեր զգացումներ ապրեցի՝ հպարտություն, ամոթ՝ նրան անիրավի ձերբակալելու համար, բայց նաև ուրախություն, որ, ի տարբերություն 1937 թվականին բռնադատված մեր շատ մեծերի, Աճառյանը հնարավորություն ունեցավ վերադառնալու ոչ միայն տուն, այլև իր հարազատ տուն՝ համալսարան, և շարունակելու սերունդների կրթության գործը։ Համալսարանը մշտապես երախտապարտ է նրան և բարձր է գնահատում նրա վաստակը»,- նշեց ռեկտորը։
Աճառյանի դասավանդման գաղտնիքները․ նրա դասերին ոչ ոք ծպտուն չէր հանում
Ցուցասրահում ներկայացված ուսանողական հուշերը բացահայտում են Աճառյանի դասավանդման առանձնահատկությունները, մասնավորապես՝ բարդ գիտական նյութը պարզ ու մատչելի ներկայացնելու բացառիկ կարողությունը։
Գառնիկ Ստեփանյանն Աճառյանի մասին իր հուշերում պատմում է. «...Այդ գերագույն պարզության մեջ էլ պահում էր ուսուցչապետի բարձր հեղինակությունը։ Գուցե միակ դասախոսն էր, որի ժամերին ոչ ոք չէր փորձում ծպտուն հանել, սրախոսել։ Գիտեր նյութը հետաքրքիր դարձնելու գաղտնիքը։ Կարծես ոչ թե լեզվի պատմություն էր ավանդում, այլ համաշխարհային մտքի ու մտածողության զարգացման պատմություն։ Այնքա՛ն առատ էին փաստերը, այնքա՛ն հմուտ՝ շաղկապումները, համոզի՛չ՝ եզրակացությունները։ Մեծ հարգանքով էր խոսում հայ և օտար այն հայագետների մասին, որոնք իրենց գիտակցական կյանքը նվիրել էին մեր լեզվի հետազոտմանը։ Կիրառում էր ակտիվ, գիտակցական ուսուցման մեթոդը, չէր հանդուրժում առանց ըմբռնելու անգիր անողներին»։
ԵՊՀ պատմության թանգարանի տնօրեն Տաթևիկ Սարոյանի խոսքով՝ ցուցադրության առավել արժեքավոր նյութերից են Աճառյանի՝ Սուչավայի բարբառին վերաբերող յոթ անտիպ ձեռագիր էջերը։
«Այս ձեռագրերը մեզ հնարավորություն տվեցին 150-ամյակին ընդառաջ խոսելու Աճառյանի համալսարանական տարիների մասին։ Հուսամ՝ ուսանողներն ու աշակերտները, որոնք այս ամիսներին կլինեն թանգարանի հյուրերը, կճանաչեն Աճառյանին, կընկալեն նրա մեծ ավանդն ու հայ ազգի, մայրենի լեզվի և, իհարկե, Երևանի պետական համալսարանի հանդեպ ունեցած անսահման սերը»,- ասաց թանգարանի տնօրենը։
Ցուցադրության բացմանը ներկա էին նաև գիտնականի ժառանգները՝ թոռը՝ Հրաչյա Աճառյանը, և ծոռը՝ Անի Աճառյանը։ Վերջինս իր ելույթում անդրադարձավ մեծ լեզվաբանի՝ հարազատ բուհի հետ ունեցած խոր կապին՝ ընդգծելով, որ Հրաչյա Աճառյանի անունն ու Երևանի պետական համալսարանն անբաժանելի են։
Անի Աճառյանը պատմեց, որ 1947 թվականին համալսարանից հեռացված լինելով՝ մեծ լեզվաբանը գալիս էր բուհի մոտ, երեք անգամ համբուրում դուռը՝ որպես սրբավայրի դուռ, ապա մի կերպ հաղթահարելով լսարան մտնելու ցանկությունը՝ խոր ցավով վերադառնում տուն։
«Լիահույս եմ, որ նման միջոցառումները կլինեն շարունակական։ Կուզենայի նաև բարձրաձայնել այն կարևոր պահանջը, որ թեև ցուցադրությունը ժամանակավոր է, բայց եթե հետագայում բացվի Հրաչյա Աճառյանի անվան թանգարան ու կենտրոն, ապա այն կդառնա թե՛ հետազոտական կենտրոն, թե՛ նրա հուշերի պահպանման վայր, թե՛ տարբեր սերունդների կրթօջախ»,- ասաց Անի Աճառյանը։
Համագործակցություն՝ հայկական կինոժառանգության ուսումնասիրման և պահպանման ուղղությամբ
Միջոցառման շրջանակում ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ու Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր։
Դավիթ Բանուչյանը նշեց, որ Երևանի պետական համալսարանի հետ համագործակցությունը մեծ պատասխանատվություն է՝ ընդգծելով ֆիլմերի թվայնացման ու վերականգնման գործում գիտական աջակցության անհրաժեշտությունը։
«Մենք միասին կվերականգնենք հայկական կինոժառանգության ցուցադրությունների ավանդույթը Երևանի պետական համալսարանում։ Հայաստանի կինոյի հիմնադրամն իր ամբողջ թվային արխիվը կտրամադրի համալսարանին, որպեսզի կրթական ծրագրերի շրջանակում կինոգործիչների մասնակցությամբ կազմակերպվեն ֆիլմերի ցուցադրություններ ու դասախոսություններ։ Մեր պահոցում կան դեռևս 1920-ական թվականներից պահպանված վավերագրական ֆիլմեր, որոնք ուսումնասիրության անհրաժեշտություն ունեն և գիտական նոր նյութերի հնարավորություն կստեղծեն»,- ընդգծեց Դավիթ Բանուչյանը։
Հուշագրով կողմերը նախատեսում են միավորել գիտական ու կինոարտադրական ներուժը՝ կատարելով համատեղ գիտական ուսումնասիրություններ, կազմակերպելով գիտաժողովներ ու դասախոսություններ, ինչպես նաև մշակելով կինոարտադրության ոլորտի նորարարական ծրագրեր։
Համագործակցության շրջանակում նախատեսվում է նաև կազմակերպել ԵՊՀ ուսանողների մասնագիտական պրակտիկան հիմնադրամում՝ գիտահետազոտական ու տեխնիկական նախագծերում նրանց ներգրավման ընթացքում ապահովելով մասնագիտական ուղղորդում։ Կողմերը կհամագործակցեն նաև ԵՊՀ պատմության թանգարանի հավաքածուում պահվող կինոժապավենների թվայնացման ուղղությամբ և կփոխանակեն դրանց պահպանման մասնագիտական փորձը։
«Սորբոնից Երևանի համալսարան» ժամանակավոր ցուցադրությունն առաջիկա ամիսներին բաց կլինի ուսանողների, աշակերտների և բոլոր հետաքրքրվողների համար՝ հնարավորություն ընձեռելով նորովի բացահայտելու մեծ հայագետի կյանքն ու ժառանգությունը։















