- Գլխավոր
- Նորություններ
- «Վերք Հայաստանի»-ն՝ 185 տարի անց. ԵՊՀ-ում մեկնարկել է հայագիտական գիտաժողով
Նոյեմբեր 24, 2026 | 15:19
Գիտություն
Կոնֆերանսներ
Հետազոտություն
«Վերք Հայաստանի»-ն՝ 185 տարի անց. ԵՊՀ-ում մեկնարկել է հայագիտական գիտաժողով
Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» պատմավեպի ստեղծումից 185 տարի անց դրա գաղափարական, լեզվական և գեղարվեստական առանձնահատկությունները շարունակում են մնալ գիտական ուսումնասիրությունների առարկա։ Վեպի կառուցվածքի, պատմական հիշողության, ազգային ինքնագիտակցության և լուսավորչական գաղափարների ժամանակակից մեկնաբանություններն աբովյանական ժառանգության ուսումնասիրման նոր հնարավորություններ են բացում։ Այս հիմնահարցերի քննարկմանն է նվիրված ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի, Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի և ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված հայագիտական հանրապետական երկօրյա գիտաժողովը։
1841 թվականին ստեղծված «Վերք Հայաստանի» պատմավեպը հայ նոր գրականության ձևավորման առանցքային ստեղծագործություններից է։ Աբովյանը ոչ միայն գրական լեզվի զարգացման նոր ուղղություն նախանշեց, այլև առաջադրեց ազգային ինքնագիտակցության, պատմական հիշողության, ազատության և լուսավորության հիմնահարցեր։ Վեպի լեզվական, գաղափարական և գեղարվեստական առանձնահատկությունները մինչ օրս աբովյանագիտական ուսումնասիրությունների կարևոր ուղղություններից են։
Գիտաժողովի զեկուցումների առանցքային թեման հետևյալն է. շուրջ երկու դար անց որքանո՞վ է արդիական Աբովյանի «Վերք Հայաստանի. ողբ հայրենասիրի» հանճարեղ ստեղծագործությունը:
«Կարծում եմ՝ 185 տարի անց էլ Աբովյանի «Վերքը» կամ «Ողբ հայրենասիրին» շարունակում է պահպանել իր արդիականությունը: Աբովյանի դասերը պահպանելու շնորհիվ է նաև, որ հայ ժողովուրդը շարունակում է իր մաքառումի ճանապարհը»,- բացման խոսքում ընդգծեց Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արշալույս Գալստյանը:
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Արևիկ Ստամբոլցյանը, ընդգծելով միջոցառման կարևորությունը, անդրադարձավ մեծ լուսավորչի ստեղծագործությանը:
«Անչափելի են Աբովյանի մեծությունն ու սխրանքը հայ նոր շրջանի լուսավորության, մշակույթի, ազգային ինքնագիտակցության և ազգապահպանման գործում: Այդ սխրանքի ամենամեծ դրսևորումներից է Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» պատմավեպը, որը, անցնելով շուրջ երկդարյա պատմական տարբեր ժամանակաշրջանների գաղափարաբանության բովով, չի սպառել իր գրական-գիտական ներուժն ու հետաքրքրությունը»,- նշեց նա:
«Վերք Հայաստանի» պատմավեպում պատմական իրադարձությունները ոչ միայն գեղարվեստական պատումի հիմք են, այլև ազգային ինքնության իմաստավորման միջոց։ Անհատական ճակատագրերի միջոցով Աբովյանն արտահայտում է ժողովրդի հավաքական փորձառությունը՝ պատմական անցյալը դիտարկելով ներկայի և ապագայի փոխառնչությունների համատեքստում։
Այս տեսանկյունից վեպը գիտական հետաքրքրություն է ներկայացնում ոչ միայն գրականագիտության, այլև պատմագիտության, մշակութաբանության և ազգային ինքնության ուսումնասիրությունների շրջանակում։
Գիտաժողովին մեկնարկային՝ «Աբովյանը և արդիականության մի քանի հարցեր» թեմայով զեկուցմամբ հանդես եկավ բ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Մուրադյանը:
«Աբովյանը միշտ է արդիական, նա դուրս է ժամանակի իշխանությունից. ոչ մի անհատ, ոչ մի կուսակցություն, ոչ մի գերտերություն չի կարող նրան պահել իր ազդեցության ծիրում»,- քննելով աբովյանական ստեղծագործության գաղափարական հարցադրումները՝ նշեց Ս. Մուրադյանը:
Այնուհետև բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Մակարյանը ներկայացրեց ««Վերք Հայաստանի»-ն՝ որպես վիպական եզակի կառույց» զեկուցումը։ Քննելով վեպը գրականագիտական ժամանակակից տեսությունների տեսանկյունից՝ նա դրա թվացյալ հատվածայնությունը մեկնաբանեց որպես նպատակադրված գեղարվեստական լուծում, որը միավորում է հեղինակային խոսքը, բանահյուսական շերտերն ու ժողովրդի հավաքական ձայնը։
Բանախոսն ընդգծեց, որ վեպում ազգային-ազատագրական պայքարի և պատմական ողբերգության թեմաները միահյուսվում են ազգային արժանապատվության հաստատման, լուսավորչական մարդասիրության ու ժողովուրդների խաղաղ համակեցության գաղափարներին։
Աբովյանական ժառանգության ուսումնասիրությունը ժամանակակից հայագիտության մեջ ունի միջգիտակարգային նշանակություն՝ միավորելով գրականագիտական, լեզվաբանական, պատմագիտական, մանկավարժական և մշակութաբանական հետազոտությունների ուղղությունները։
Այս համատեքստում առանձնահատուկ կարևորություն ունի 19-րդ դարի հայ մտավոր կյանքի ուսումնասիրությունը՝ եվրոպական լուսավորչական գաղափարների, տարածաշրջանային պատմաքաղաքական գործընթացների և հայկական հասարակության վերափոխումների փոխառնչությունների տեսանկյունից։
Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն նոյեմբերի 25-ին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում՝ ընդգրկելով գրողի ստեղծագործությանը, անձին և կենսագրության տարբեր կողմերին վերաբերող զեկուցումներ:
Հավելենք՝ գիտաժողովի նյութերը կտպագրվեն հայաստանյան և միջազգային գրախոսվող ամսագրերում՝ նպաստելով աբովյանագիտական ուսումնասիրությունների տարածմանը նաև միջազգային գիտական շրջանակներում:





